Կարծիք

07.12.2020 16:53


Մի շարք տարօրինակություններ Էդ. Աղաջանյանի կենսագրականում

Մի շարք տարօրինակություններ Էդ. Աղաջանյանի կենսագրականում

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի՝ ՀՀ կառավարության կայքէջում զետեղված կենսագրականի հպանցիկ զննումն անգամ տեղիք է տալիս մի շարք կասկածանքների, որոնց հենքի վրա մեր կողմից ձևակերպվեցին հետևյալ հարցադրումները.

  • Էդուարդ Աղաջանյանի 18 տարին լրացել է 2006 թ. օգոստոսի 29-ին: Կենսագրականում նշված է, որ 2012 թ. ավարտել է Մոնակոյի միջազգային համալսարանի բակալավրիատը: Ենթադրելի է, որ բակալավրիատում ուսուցումը տևել է առավելագույնը 4 տարի: Այսինքն՝ Էդ. Աղաջանյանը ընդունվել է ոչ շուտ, քան 2008 թ.: Մեր հարցադրումը հետևյալն է՝ ի՞նչ հիմքով է զորակոչից տարկետում տրվել Էդ. Աղաջանյանին 2006-2008 թթ.:
  • Էդ. Աղաջանյանի կենսագրականում նշված է, որ 2016 թ. ավարտել է Մոնակոյի միջազգային համալսարանի մագիստրատուրան: Հայտնի է, որ աշխարհի բոլոր համալսարաններում մագիստրոսական ծրագիրն իրականացվում է առավելագույնը 2 տարում: Ենթադրելի է, որ Էդ. Աղաջանյանը հիշյալ համալսարանի մագիստրատուրա է ընդունվել 2014 թ.: Մեր հարցադրումը հետևյալն է՝ ի՞նչ հիմքով է զորակոչից տարկետում տրվել Էդ. Աղաջանյանին 2012-2014 թթ.:
  • Էդ. Աղաջանյանի կենսագրականում նշված է, որ 2016 թ. սովորել է INSEEC London համալսարանի ֆինանսական ակտիվների կառավարման ֆակուլտետում: Մեր հարցադրումը հետևյալն է՝ ի՞նչ ծրագրով է եղել նրա ուսումնառությունը այս բուհում, որքա՞ն է այն տևել, ավարտե՞լ է արդյոք այն և ստացել ավարտական վկայական:
  • Հայտնի է, որ 2009-2018 թթ. պետության կողմից զորակոչի տարկետման իրավունք էր տրամադրվում «Լույս» հիմնադրամի միջնորդությամբ՝ աշխարհի 10-40 լավագույն կամ առաջատար համալսարաններում սովորող հայ ուսանողներին: Արդյո՞ք Մոնակոյի միջազգային համալսարանը այս ժամանակահատվածում ընդգրկված է եղել լավագույն համալսարանների նշյալ ցանկում:
  • Ինչո՞ւ Էդ. Աղաջանյանի կենսագրականում նշված չէ, որ նա աշխատել է Երևանի փաբերից մեկում՝ որպես երաժշտավար («դիջեյ»), արդյո՞ք նա եղել է գրանցված աշխատող և արդյո՞ք կատարել է հարկային պարտավորությունները:

Նշենք նաև, որ սույն հարցադրումներով գրավոր հարցում ենք ուղարկել նաև ՀՀ կառավարության աշխատակազմին, ԿԳՄՍՆ և ՊՆ: Ըստ այդմ՝ թեմային կանդրադառնանք նաև պատասխաններն ստանալուց և համադրելուց հետո:

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը