Լրահոս

04.05.2011 16:04


Ի՞նչ է անելու ՀԱԿ–ը, եթե արտահերթի խնդիրը չլուծվի

Ի՞նչ է անելու ՀԱԿ–ը, եթե արտահերթի խնդիրը չլուծվի

–Մենք խնդրի լավագույն կարգավորման միջոց ենք դիտում սկզբից նախագահական ընտրությունների անցկացումը,–այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո ՀԱԿ–իշխանություն երկխոսության թեմային։

–Բանակցություններ հնարավոր չեն, ինչը նույնն է, որ երկխոսությունը հնարավոր չէ, մինչև քաղբանտարկյալներն ազատ չարձակվեն։ Իսկ եթե ազատ արձակվեն, ի՞նչ է լինելու։ Դա նշանակում է, որ մենք կհամարենք՝ մեր հիմնական պահանջը բավարարված է, և պատրաստ կլինենք մտնելու երկխոսության մեջ իշխանությունների հետ՝ արտահերթ ընտրությունների կազմակերպման օրակարգով։ Խոսքը նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին է։ Երկու կողմերը կնշանակեն պատվիրակներ, և այդ պատվիրակները կհանդիպեն ու կբանակցեն ընտրությունների ժամկետների անցկացման և նրանց արդարությունը, օրինականությունը ապահովելու շուրջ։ Եվ կսկսվի երկխոսության գործընթացը։ Փաստորեն, մենք կլինենք երկխոսության մեջ։ Եթե մենք տեսնենք, որ երկխոսությունն արդյունավետ է գնում, եթե մենք տեսնում ենք, որ գալիս ենք ինչ–որ ընդհանուր հայտարարի, եթե տեսնում ենք, որ կա ինչ–որ մի լուծում, որը բավարարում է հասարակությանը, ժողովրդին, այսինքն՝ մի լուծում, որը ժողովրդի մեջ ամրապնդում է այն կարծիքը, տպավորությունը, որ Հայաստանում ստեղծված են երաշխիքներ լեգիտիմ իշխանության ձևավորման համար, ուրեմն մենք կշարունակենք մինչև բանակցությունների ավարտին հասնելը և այդ ընդհանուր լուծումը ժողովրդին ներկայացնելը։ Դրանից հետո արդեն կանցկացվեն այդ ընտրությունները։ Եթե մենք տեսնենք, որ իրականում իշխանությունները երկխոսության իմիտացիայով են զբաղված, փորձում են ժամանակ ձգձգել, խաբել, ժամանակ շահել, բնականաբար, մենք ստիպված կլինենք նորից դիմել ժողովրդի ուժին,–հայտարարել է Լ. Զուրաբյանը։

Իսկ հարցին, թե հավատո՞ւմ է, որ դա իրականություն կդառնա, ՀԱԿ համակարգողը պատասխանել է.

–Դուք գիտե՞ք որևէ շախմատիստի, որը խաղում է՝ չհավատալով իր հաղթանակին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը