Լրահոս

05.05.2011 11:08


Մանվել Գրիգորյանի ուղերձը Երկրապահի օրվա առթիվ

«Երկրապահ» կամավորականների միության վարչության նախագահ, գեներալ-լեյտենանք Մանվել Գրիգորյանը ուղերձ է հղել Երկրապահի օրվա առվիվ, որը նշվում է մայիսի 8-ին։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի երկրապահներ, ազատամարտիկներ, զինակից ընկերներ, սիրելի մայրեր, քույրեր.

Երկրապահի օրվա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի ստեղծման, Շուշիի ազատագրման 19-րդ, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմում մեր ժողովրդի տարած հաղթանակի 66-րդ տարեդարձերի և մայիսյան բոլոր տոների կապակցությամբ` Երկրապահ Կամավորականների միության անունից շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին, աշխարհասփյուռ հայությանը, Արցախի հերոսական ժողովրդին, սահմանում կանգնած հայ զինվորին, արցախյան պատերազմի բոլոր մասնակիցներին, 5-րդ բրիգադի մարտիկներին, զավակներ կորցրած հերոս մայրերին, մեր քույրերին, երկրապահ-ազատամարտիկներին, իմ բոլոր մարտական ընկերներին, երիտասարդ ու պատանի երկրապահներին: Շնորհավորում եմ նաև Հայրենական մեծ պատերազմի մասնակից մեր սիրելի վետերաններին, որոնց հերոսականությունն ու հաղթանակը փոխանցվեց մեր սերնդի երկրապահին:

Երկրապահի օրը հայ ժողովրդի տոնացույցի ամենահպարտ օրն է, որովհետև մենք` հայերս, այսօր մեծարում ենք հայի ուժեղ, մարտնչող տեսակին, իր արժանապատվությունը, ընտանիքը, հայրենին ազատագրող ու պաշտպանող տեսակին:

Աշխարհաքաղաքական նորանոր զարգացումները լուրջ խնդիրներ են դնում մեր ժողովրդի ու պետության առջև: Մենք պարտավոր ենք ամեն գնով պահպանել այն, ինչ ձեռք է բերվել մեր հերոս տղաների կյանքի ու հայ ժողովրդի մաքառումների գնով: Մեր ժողովրդին պարտադրված վերջին պատերազմում կերտվեց երկրապահի կերպարը, դարձավ երկիր պահող հայի կերպար, ձեռքբերումները պահպանող հայի կերպար:

Երկրապահը եղել է, կա ու կմնա Արցախի ժողովրդի կողքին:

Երկրապահի և Արցախի ճակատագիրը միահուսված են և երբեք թույլ չենք տա այն դարձնել քննարկման առարկա, կասկածի տակ առնել Արցախի ժողովրդի ինքնիշխանությունը և անկախ պետության արդեն 20-ամյա իրողությունը:

Հայ ժողովուրդը միշտ էլ իր զավակների կյանքի ու արյան գնով պահպանել է իր արժանապատվությունը, սակայն մեր ձեռքբերումները, մեր ժողովրդի քաջարի զավակների բազկի նվաճումները հաճախ կուլ են գնացել դիվանագիտական խաղերին: Պատմությունից դաս քաղած երկրապահը, վճռական է և թույլ չի տա, որ պատմությունը կրկնվի:

Մեր անկախ պետությունն արդեն 20 տարեկան է: Մեր անկախ երկիրն անցել է 20 տարվա ճանապարհ, բազում խնդիրներ արդեն լուծվել են եւ առջեւում էլ կան խնդիրներ, որոնք անպայման կլուծվեն մեր միասնության շնորհիվ: Հայ ժողովրդի մեծ զավակ, ԵԿՄ հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանը ասում էր. «Միասնականությունը սարեր շուռ կտա»: Մեր ժողովրդի բոլոր տոները, բոլոր հաղթանակները միասնականության արդյունք են: Եթե մենք ինքներս գնահատենք մեզ և միասնական լինենք, օտարը չի կարող մեր միասնական կամքի հետ հաշվի չնստել: Մենք հավատացած ենք, որ հայ ժողովրդի միասնության ու արյան գնով լուծված խնդիրները համահունչ են արդարության և օրինականության մասին ժամանակակից աշխարհի չափորոշիչներին և վերջնական հաստատումը կստանան միջազգային հանրության կողմից: Հավատանք ինքներս մեզ, մեր միասնության ուժին, մեր նոր սերնդին: Կարևորը ունենալը չի, կարևորը եղածը, ձեռք բերածը միասնականությամբ պահպանելն ու այն եկող սերունդներին փոխանցելն է: Այս իսկ նպատակով էլ մենք անկախության 20-ամյակի տարին հայտարարել ենք` Երիտասարդ ու Պատանի երկրապահների տարի, այսինքն նոր սերնդի վստահության տարի:

Մեր 20-ամյա անկախության գործընթացի տարում ևս մեկ անգամ շնորհավորում եմ երկրապահ-ազատամարտիկներին մայիսյան բոլոր տոների առթիվ, մաղթում խաղաղություն, փոխադարձ հանդուրժողականություն և միասնականություն»:

Այս խորագրի վերջին նյութերը