Լրահոս

05.05.2011 16:12


Երվանդ Բոզոյան. «Բանակցություններով՝ սեղանի շուրջը, Սերժ Սարգսյանը երբեք չի ստորագրի իր մահկանացուն»

Երվանդ Բոզոյան. «Բանակցություններով՝ սեղանի շուրջը, Սերժ Սարգսյանը երբեք չի ստորագրի իր մահկանացուն»

ՀԱԿ–ի ղեկավարությունը հայտարարում է, որ քաղբանտարկյալների ազատարձակումից հետո իրենք իշխանությունների հետ սկսելու են երկխոսել արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, սակայն, կարծում է, որ երկխոսության պատրաստակամության պատճառներից մեկն էլ Լևոն Տեր–Պետրոսյանի թիմի գիտակցումն է, որ արտահերթ ընտրությունների անցկացումն այլևս մոտ է զրոյին։

–Երկխոսության տրամաբանությունն ինքնին փակում է արտահերթ ընտրությունների հնարավորության թեման, որովհետև երկխոսությունը չի կարող տեղի ունենալ բանակցող կողմերից մեկի անվերապահ կապիտուլյացիայի հաշվին։ Նման երկխոսություն գոյություն չունի աշխարհի որևէ երկրում,–այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ս. Սուրենյանցը։

Նա կարծում է, որ ՀԱԿ–ի ու իշխանության երկխոսությունը կարող է երեք բնութագրիչ ունենալ՝ կողմերը ճանաչում են միմյանց գոյությունը, հետևաբար փոխադարձաբար ճանաչում են նաև միմյանց քաղաքական գործողությունների լեգիտիմությունը (եթե արտահերթ ընտրությունների թեման դուրս է գալիս օրակարգից, ապա 2008թ. ընտրությունների թեման հայտնվում է քաղաքական օրակարգի 3–րդ, 4–րդ տեղում), Հայաստանում ձևավորվում է մրցակցային միջավայր, հստակեցվում են խաղի կանոնները, որոնցով տեղի են ունենալու հերթական խորհրդարանական և նախագահական ընտրությունները։

–Եթե բանակցությունը հաջողեց, մենք 2012–2013թթ. կունենանք շատ ավելի որակյալ քաղաքական համակարգ, շատ ավելի որակյալ ընտրություններ,–կարծում է Սուրեն Սուրենյանցը։

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը նույնպես համոզված է, որ ՀԱԿ–ի և իշխանության երկխոսության մեջ արտահերթ ընտրությունների հարցը չկա։ Քաղաքագետը կարծում է, որ Լևոն Տեր–Պետրոսյանը ֆոնային պահանջելու է արտահերթ նախագահական ըտնրություններ, իսկ առարկայական պահանջելու է կոնկրետ խնդիրների լուծում։

–Կարծում եմ, որ այդ երկխոսության մեջ կա նաև միջնորդ կողմ՝ «ամերիկացիները», որոնք նույնպես այդպիսի խնդիր չեն դնում։ Տեր–Պետրոսյանը դա շատ լավ գիտի, և, բնականաբար, եթե Տեր–Պետրոսյանը հայտարարի՝ ես օրակարգից հանում եմ արտահերթ նախագահական ընտրությունների խնդիրը, կկորի այն ՀԱԿ–ը, որ կոնսոլիդացված է իր շուրջը։ Բնականաբար, այդպիսի բան նա չի հայտարարի։ Նա միշտ կհայտարարի, որ եթե լինեն արտահերթ նախագահական ըտնրություններ, ապա նա կմասնակցի և կհաղթի։ Բայց մենք բոլորս էլ հասկանում ենք՝ արտահերթ նախագահական ընտրությունների հասնելու համար պետք են հասարակական ցնցումներ, որովհետև բանակցություններով՝ սեղանի շուրջը, Սերժ Սարգսյանը երբեք չի ստորագրի իր մահկանացուն։ Դա ակնհայտ է։ Կարծում եմ, որ նույնիսկ առաջին դասարանի աշակերտն էլ կհասկանա, որ Սերժ Սարգսյանը սեղանի շուրջը չի կնքի արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու հարցը,–ասել է Ե. Բոզոյանը։

Նա նաև ավելացրել է, թե եթե Լևոն Տեր–Պետրոսյանն իր թիմի ճնշման արդյունքում երկխոսության հիմնական խնդիրը դարձնի արտահերթ նախագահական ընտրությունների հարցը, ապա Սերժ Սարգսյանի հետ երկխոսությունն ուղղակի կավարտվի, որովհետև Սերժ Սարգսյանը երբեք չի գնա այդ քայլին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը