Քաղաքական

17.12.2020 13:12


«Գերեվարվածների ընտանիքները երկու օր կապ չեն ունեցել նրանց հետ, հեռուստատեսությամբ են իմացել, որ Խծաբերդում ու Հին Թաղերում ադրբեջանական զինուժը հարձակման է դիմել». Ազատանի համայնքապետ

«Գերեվարվածների ընտանիքները երկու օր կապ չեն ունեցել նրանց հետ, հեռուստատեսությամբ են իմացել, որ Խծաբերդում ու Հին Թաղերում ադրբեջանական զինուժը հարձակման է դիմել». Ազատանի համայնքապետ

Խծաբերդից և Հին Թաղերից գերության մեջ հայտնված տղաների մեջ են նաև Շիրակի մարզի Ազատան գյուղի երկու բնակիչները, նրանք ՄՈԲ-ից են։

168.am-ի հետ զրույցում Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանն ասաց, որ գերության մեջ հայտնված անձանց հարազատները և անձամբ ինքն իշխանական տարբեր կառույցներից ցանկանում են որևէ ճշգրիտ տեղեկատվություն իմանալ, սակայն նրանց չեն տրամադրում` պատճառաբանելով, թե տեղեկություններ չունեն։

«Մենք հիմնական տեղեկատվությունը իմանում ենք գերության մեջ հայտնված անձանց ծնողներից, որոնք գտնվում են Արցախում։ Երեկ ծնողներից երկուսին հնարավորություն են տվել մասնակցելու խորհրդակցությանը՝ ռուս խաղաղապահների խմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ։ Խորհրդակցությունների ընթացքում ասվել է, որ ադրբեջանցիները զինված մուտք են գործել այդ տարածք, որի համար էլ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Ըստ իս, թուրքը հերթական խորամանակությանն է դիմել՝ ժամանակ շահելու համար, նրանց չորս օր ժամանակ է տրվել, բայց մենք դրան չենք ուզում հավատալ։ Հավանաբար այդ չորս օրը մեր գլխի տակ փափուկ բարձ դնելու քաղաքականություն է, երևի ռուսներին էլ կխաբեն, որ մեր տղերքին տեղափոխեն Բաքվի կամ մեկ այլ վայրի բանտ»,-ասաց Ազատանի համայնքապետը։

Նա նաև տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմը «Կարմիր խաչին» գերեվարված անձանց ցուցակներ է տրամադրել, որոնց մեջ Ազատավանից ոչ թե երկու հոգի են, այլ՝ վեց, երկուսին հարազատները համացանցով են տեսել ու ճանաչել։

«Գերեվարվածների ընտանիքները երկու օր կապ չեն ունեցել նրանց հետ, հեռուստատեսությամբ են իմացել, որ Խծաբերդում ու Հին Թաղերում ադրբեջանական զինուժը հարձակման է դիմել։ Տղաների հետ կապ չունենալով, երրորդ օրն արդեն ադրբեջանցիները տեղադրեցին մեր գերեվարված երկու տղաների նկարները։ Դրանից հետո ծնողները սկսեցին դուրս գալ փողոց, ակցիաներ անել, ճանապարհներ փակել, անհնազանդություն ցուցաբերել, ծնողների մի մասն էլ գնաց Արցախ, որպեսզի կարողանան մի բան իմանալ։ Մենք էլ մի բան իմանալու համար աջ ու ձախ ենք վազում, երեկ եղել եմ խորհրդարանում, այնուհետև՝ Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակ, ներկայացրել ենք մեր գերիների նկարները, տվյալները, չգիտեմ՝ ինչ կլինի, գուցե ՄԻՊ-ը միջազգային կառույցներին փոխանցի՝ մի բան լինի։ Վերջիվերջո այդ տղաները գերեվարվել են խաղաղ պայմաններում։ Արցախի նախագահը պաշտոնապես հայտարարում է, որ պատասխանը պետք է տա այն մարդը, որը ստեղծել է այս վիճակը, և այդ տղաները չպետք է գնային այնտեղ, որքանով հասկացա՝ կապիտուլյացիայի պայմանագրով այդ տարածքը թուրքերինն էր»,-շեշտեց Վարդան Իկիլիկյանը։

Նա նաև ընդգծեց, որ համայնքի բնակիչներին կոչ է արել ճանապարհները չփակել, նրանց հոգեվիճակը լավ հասկանում է, բայց այդ քայլը ոչինչ չի տա։ Նաև հասկանում է, որ «հարցի լուծումը ռուսական կողմի վրա է»։

Հիշեցնենք, որ երեկ գերի ընկածների հարազատները փակել էին Գյումրի-Բավրա ճանապարհը՝ պահանջելով իշխանություններից հստակ տեղեկատվություն տրամադրել գերեվարված անձանց մասին։

Այս խորագրի վերջին նյութերը