Տնտեսական

29.12.2020 12:52


Տնտեսական անկման անկասելի ընթացք և պետական աշխատավարձերի շարունակվող աճ

Տնտեսական անկման անկասելի ընթացք և պետական աշխատավարձերի շարունակվող աճ

Հայաստանի տնտեսությունը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ։ «Թավշյա» իշխանության երկուսուկես տարվա կործանարար գործունեությունն իրենն արեց։ Դրամի կտրուկ արժեզրկման, զանգվածային սպառման ապրանքների, մասնավորապես սննդամթերքի համատարած թանկացումների, բանկերից ավանդների նվազելու և համանման երևույթներին անդրադարձել էինք նախորդ հրապարակումներում։ Այժմ ներկայացնենք, թե որքա՞ն է կազմել տնտեսական անկման ցուցանիշը վիճակագրական կոմիտեի հրապարակման համաձայն։

Այսպիսով, նոյեմբերին անցած տարվա նոյեմբերի համեմատ, տնտեսական ակտիվությունն ունեցել է արդեն երկնիշ անկում՝ 10,3 տոկոս։ Այս տարվա հունվար-նոյեմբերին էլ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ անկումը կազմել է 7,2 տոկոս։ Բնականաբար, այստեղ իր ազդեցությունն է ունեցել նաև կորոնավիրուսը և պատերազմը։ Սակայն նշենք, որ կորոնավիրուսի դեպքում իշխանությունը անգործություն ցուցաբերեց, որի հետևանքով Հայաստանի վիճակը համավարակի ամբողջ ընթացքում աշխարհում վատթարագույններից է եղել և արդեն իսկ մահացել է ավելի քան 3500 մարդ։ Պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանի և նրա հեղափոխական թիմի հանցավոր գործունեության մասին շատ է խոսվել՝ չկրկնվենք։ Այժմ նեկայացնենք տնտեսության ճյուղերում վիճակը առանձին առանձին։

Արդյունաբերությունում, որ միակ ճյուղն էր, որտեղ աճը պահպանվում էր, ևս սկսվեց անկումը՝ հունվար-նոյեմբերի արդյունքներով այն կազմել է 0,2 տոկոս։ Գյուղատնտեսության արդյունքները ներկայացվում են եռամսյակը մեկ։ Մնացած բոլոր ճյուղերում անկումը երկնիշ թվերով է։ Շինարարությունում անկումը՝ 11,2 տոկոս է, առևտրում՝ 13,5 տոկոս, ծառայությունների ոլորտում՝ 12,6 տոկոս։ Արժե առանձնացնել նոյեմբեր ամսին առևտրում արձանագրված անկումը՝ 22 տոկոս։ Սա տխուր հակառեկորդ է, որն արտացոլում է երկրու տիրող սոցիալ-տնտեսական ծանր կացությունը։ Պատկերավոր ասենք մեզանից յուրաքանչյուրը նոյեմբեր ամսին 22 տոկոսով պակաս գնումներ է արել, ինչը նշանակում է, որ մեր եկամուտները նվազել են, որն էլ արտացոլվելու է առևտրով զբաղվողների եկամուտների վրա, դա էլ ազդելու է ներմուծողների և արտադրողների եկամուտների վրա։ Ակնհայտ է, որ այս գործընթացը շղթայաբար ավելի է վատացնելու մարդկանց սոցիալական վիճակը՝ թանկացումների հետ միասին։ Բնականաբար, նվաղել է նաև մեր արտաքին առևտրի ծավալը։ Արտահանումը նվազել է 5,2 տոկոսով, ներմուծումը՝ 15,9 տոկոսով։

Եվ այս ամենի ֆոնին շարունակում են աճել աշխատավարձերը պետական հատվածում։ Այս տարվա հունվար-նոյեմբերին պետական հատվածում աշխատավարձերն աճել են 5,9 տոկոսով։ Ըստ էության, մինչպատերազմյան աճի միտումը այստեղ պահպանվում է, որը տեղի էր ունենում հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների հաշվին։ Չնայած ժամանակ առ ժամանակ հայտարարվում է, թե պարգևավճարներն այժմ նվազացվել են կամ այլևս չկան, բայց վիճակագրությունը փաստում է, որ դրանք կան և դրանց հաշվին էլ պետական համակարգում աշխատավարձերի աճի տեմպն անփոփոխ է մնում։

Աղբյուրը՝ Yerevan.Today

Այս խորագրի վերջին նյութերը