Լրահոս

11.05.2011 15:40


Քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանին հարակից տարածքում ազատ գոտու ռեժիմով լոգիստիկ կենտրոնի ստեղծման ծրագիրը

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպեց ԱՄԷ առեւտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի նախագահ Մուհամմադ ալ Ռումեյսիի հետ:

Կողմերն ընդգծեցին առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը: Ա. Գեւորգյանը նշեց, որ ձեւավորված իրավապայմանագրային դաշտը բավարար հիմքեր ստեղծում է երկկողմ առեւտրաշրջանառության ծավալների մեծացման համար` հատկապես ընդգծելով   Հայաստանից ապրանքների արտահանման հնարավորությունները: Այս համատեքստում կարեւորվեց երկու երկրների միջեւ գործարար խորհրդի ձեւավորումը, որը կնպաստի գործարարների միջեւ ուղիղ կապերի հաստատմանն ու խորացմանը:

ԱՄԷ առեւտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի նախագահն իր հերթին նշեց, որ չափազանց կարեւորում է Հայաստանի հետ  համագործակցության ընդլայնումը ինչպես պետական ծրագրերին մասնակցության, այնպես էլ մասնավոր հատվածի հետ կապերի հաստատման առումով: Նշվեց, որ արաբական կողմը քննարկում է Հայաստանում զբոսաշրջային ոլորտում ծրագրերի իրականացման  հնարավորությունները: Այս առումով նշանակալի քայլ համարվեց անցած  տարեվերջից «Fly Dubai» ավիաընկերության կողմից Դուբայ- Երեւան չվերթերի իրականացումը:

Անդրադարձ եղավ ԱՄԷ գործարար կանանց խորհրդի պատվիրակության Հայաստան կատարած այցի արդյունքներին: ՀՀ փոխվարչապետը դրական գնահատեց այցը եւ նշեց, որ այցի ընթացքում երկու երկրների ձեռնարկությունների միջեւ գործակցության վերաբերյալ հստակ  պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Խոսվեց  նաեւ Հայաստան- ԱՄԷ  երկրորդ գործարար համաժողովի անցկացման մասին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ համաժողովի կազմակերպմանն աջակցություն կցուցաբերի նաեւ ԱՄԷ առեւտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիան:

Քննարկվեցին մի շարք բնագավառներում, մասնավորապես` գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հարցեր: Փոխվարչապետը տեղեկացրեց, որ  մի շարք ծրագրեր, այդ թվում` «Զվարթնոց» օդանավակայանին հարակից տարածքում ազատ գոտու ռեժիմով լոգիստիկ կենտրոնի ստեղծման ծրագիրը, ներկայացվել են արաբական կողմին, եւ հույս հայտնեց, որ դրանք կհետաքրքրեն արաբական ընկերություններին:

Ա. Գեւորգյանը Մուհամմադ ալ Ռումեյսիին հրավիրեց պատվիրակությամբ այցելել Հայաստան` տեղում գործարար եւ ներդրումային հնարավորություններին ծանոթանալու, կոնկրետ ծրագրեր քննարկելու համար:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժի

Այս խորագրի վերջին նյութերը