Կարծիք

12.05.2011 10:45


Ձին ձի է, նույնիսկ շախմատում

Ձին ձի է, նույնիսկ շախմատում

Քաղաքական ասպարեզում, այսպես կոչված ակտիվ քաղաքական գործիչները, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, վերջացրած հակաքոչարյանական տարրերով, շատ էին խոսում ու աղմկում ամենաերիտասարդ թոշակառուի պասիվությունից: Սերժ Սարգսյանն, ի պատիվ իրեն, հայտարարեց` իսկ Քոչարյանը ե՞րբ է հեռացել քաղաքականությունից, որ հիմա հարցնում եք` երբ կվերադառնա:

Նրանք, ովքեր երկար-բարակ խոսում էին Քոչարյանի պասիվությունից, չէին էլ նկատում, որ ցատկոտում են երկրորդ նախագահի կերպարի շուրջ, չէին ընկալում, որ իրենց թվացյալ ակտիվությունն անգամ պայմանավորված էր Քոչարյանի պասիվության մասին անընդհատ շռայլաբանելով:

Թող, ուրեմն, ակտիվագույն Լևոն Տեր-Պետրոսյանը հիշի, թե իր երկարաշունչ ճառերից որ մեկն է արժանացել այսքան մեկնաբանությունների, իր ելույթներից որ մեկն է այսպիսի իրարանցում առաջացրել ծաղր հիշեցնող քաղաքական դաշտի հին ու նոր երգչիստների շրջանում:

Բոլորովին էլ պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանի` «Մեդիամաքսին» տված վերջին հարցազրույցը նույնիսկ պիոներական էնտուզիազմ առաջացրեց անկախ բայց խիստ պատասխանատու մի պատգամավորի մեջ, ով նույն օրը երեկոյան արդեն «սելը ճռռալու տեղ սելվորն է ճռռում» հայտնի խոսքին համահունչ մի հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ ամբիոնից: Մեկը հարցնի` քե՞զ ինչ պատահեց, մարդ աստծո, բա ո՞ւր էիր, որ Նիկոյանը զեկուցեց մարտի 1-ն ու ասաց, որ էջը փակված է: Գուցե այն ժամանակ բզող չկա՞ր, թե` վեր կաց, Քոչարյանի դեմ խոսիր:

Մենք ասացինք` պիոներական էնտուզիազմ, բայց, չի բացառվում, որ սույն պատգամավորը նաև ինքնուրույն մտածելու, քաղաքական հաշվարկներ անելու ընդունակություն ունի: Ի դեպ` տասներորդ դասարանցու խնդիր է: Առաջին նախագահն ասում է` հավաստիացրու, որ կբացահայտես, գորրծող նախագահն էլ մի երկու օր անց հավաստիացնում է: Հետո խոսում է Քոչարյանը` ես նախկինների ու ներկաների այս նոր խաղերից քիչ բան գիտեմ, բայց թող իրենք էլ իմանան, որ մարտի 1-ին իրենցից ոչ ոք ձեռքերը ծալած նստած չէր: Ի՞նչ պետք է մտածեր անկախ պատգամավարորն այս իրավիճակում` ըհը` Լևոնն ու Սերժը պայմանավորվել են: Արի, կլինի, ես իմ իմացած-չիմացածն ասեմ: Մի տեղ հաշվի կառնեն երևի: Եվ, Սերժ Սարգսյանի, ինչու չէ, նաև Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ անսահման սիրով լցված պատգամավորը լեզու, ներողություն, խոսք է առնում ու մխրճվում թատերաբեմ: Մխրճվելուն էլ ձև կա ախր: պարոն պատգամավորը դատավորի թիկնոցով է ներխուժում եւ տպավորություն ստեղծում, թե այնպիսի բաներ գիտի 2008 թ. մարտի 1-ի մասին, որ չգիտեն մարտի 1-ի հանձնաժողովի անդամները, անգամ` Սերժ Սարգսյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը: Տրամաբանությունը հուշում է` կամ այս պատգամավորին դատիր, որ ամեն ինչ իմացել է ու չի հայտնել, կամ էլ, որ ոչինչ չգիտի ու հիմա սուտ մատնություն է անում: Ընտրությունը թողնենք իրեն, եւ ավելացնենք միայն, որ ըստ իրեն` դեռեւս 2008-ի դեկտեմբերի 12-ին ինքը «Ազգ»-ում նշել է. «Մարտի 1-ի միակ պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է»: Հիմա` որպես վանաձորցին վանաձորցու եմ հարցնում` դու «մուծիկուլի» բառը լսած կա՞ս: Եթե խառնակչություն, խոսք տանել-բերել չէր արածդ, ինչո՞ւ այն ժամանակ չխփեցիր չոքերիդ ու մոխիր չլցրեցիր գլխիդ, որ Քոչարյանի պես «մարդասպանը» շարունակելու է ապրել քո կողքին: Ինչպես ռուսը կասեր ` обидно за Кировакан, дорогой…

Եթե 2008-ի դեկտեմբերին է միայն այս անկախը նման եզրահանգման հասել, ապա դա դեռ չի խոսում նրա քաղաքական հոտառության ու վերլուծական կարողությունների մասին: Նրանից առաջ շատ լևոնականներ, եւ Լևոնն անձամբ, մի հարյուր անգամ կրկնած կլինեին այդ միտքը: Ստացվում է, որ ՀԱԿ-ին է կրկնել պատգամավորը եւ միայն այդքանը:

Քոչարյանի` մարտի 1-ի հարցով վերջին հայտարարությունը, որ նաև ինքնաարդարացման տարրեր է պարունակում, ի դեպ, շատ ավելի գործնական քայլ է իրադարձությունները բացահայտելու ճանապարհին, քան Լևոն Տեր-Պետրոսյանի կիստ-պռատ պահանջագիրն ու Սերժ Սարգսյանի հավաստիացումը, թե կգնա մարտի 1-ի բացահայտմանը: Քոչարյանի խոսքերից զգացվում է, որ բոլորն էլ ասելիք ունեն հետաքննությանը: Այլ հարց է, թե ով որքան եւ ով ինչ բնույթի ասելիք ունի: Ինքը` որպես այդ օրերի գործող նախագահ, Սերժ Սարգսյանը` որպես վարչապետ եւ, իհարկե, Լևոն Տեր-Պետրոսյանը, որպես գլխավոր դերակատար, ով դեռ չի հասցրել մի հասկանալի բացատրության տալ, թե այդ ինչպես պատահեց, որ օպերայից փախչող ցուցարարները, քնահարամ ու անլվա, ինքնաբուխ հավաքվեցին Մյասնիկյանի արձանի մոտ, որտեղ նրանց Նիկոլն էր սպասում` իր բարձրախոսով ու իր կտրված ձայնով: Մեր անկախ պատգամավորը զարմանալիորեն կամ ոչինչ չգիտի այս հետաքրքիր, բայց շրջադարձային նշանակություն ունեցող ինքնաբուխ իրադարձության մասին, կամ էլ վախենում է նույն պաթոսով խոսել այդ թեմայով, որովհետև, եթե մի բան էլ ասի` դարձյալ կրկնելու է Լևոնի ինքնաբուխ թեզը:

Ամփոփելով ասենք նաև, որ մեր անկախ պատգամավորի այս «պոռթկումն» ընդգծում է միայն այն անլրջությունը, որ այսօր գոյություն ունի նախկինների ու ներկաների` երկխոսություն կոչվող խաղում: Թեկուզ անունը շախմատի փոխարեն բարձրագույն մաթեմատիկա դնեն, միևնույն է, կան հարցեր, որոնք անչափ ցավոտ են, եւ չարժե, որ դրանց մասին որևէ մեկը` պատահական անցորդ կամ նույնիսկ պատահակն պատգամավոր, հազար ներողություն բառի համար, էշություններ դուրս տա:

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը