Կարծիք

08.05.2024 15:32


Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից (տեսանյութ)

Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից (տեսանյութ)

(Նիկոլ Փաշինյանը կրկին մանիպուլացնում ու ահաբեկում է)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Մայիսի 7-ին տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, որի ընթացքում քննարկման հիմնական թեմաներից մեկը Տավուշի մարզում Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատման գործընթացն էր։ Թեև ասում ենք «սահմանազատման գործընթաց», բայց այս ձևակերպմամբ հասկանում ենք Ադրբեջանին միակողմանի զիջումների գործընթացը։

Հատկապես այս հարցի համատեքստում Նիկոլ Փաշինյանը բազմիցս օգտագործել է «պատերազմ» բառը տարբեր ձևակերպումներով։ Նրա դիրքորոշման էությունն այն է, որ եթե այսօր դադարեցվի Տավուշում «սահմանազատման» գործընթացը, դրան կհաջորդի «ոչ ապալեգիտիմ» պատերազմը Ադրբեջանի հետ։

Սկսենք նրանից՝ ով է պատասխանատու, որ սահմանազատման գործընթացը կարող է ավարտվել պատերազմով։ Ինչպես հիշում եք, 2021 թվականին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ որոշում կայացվեց ստեղծել սահմանազատման հանձնաժողովներ։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի ուշ նույնիսկ ասաց, որ սահմանազատման հիմք կարող են լինել ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզները, որոնք պահվում են ՌԴ Գլխավոր շտաբում։ Ավելին, նա նաև ասել էր՝ սահմանազատումը պետք է իրականացվի այնպես, որ «մարդիկ անհարմարություններ չունենան»։ Այսինքն՝ կիրանցիներն այսօր խնդիրներ չէին ունենա, եթե սահմանազատումը տեղի ունենար նախապես համաձայնեցված ու բարձրաձայնված սկզբունքներով։

Նիկոլ Փաշինյանի անձնական որոշմամբ Արցախը հանձնվեց Ադրբեջանին, և դա ներկայացվեց որպես Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ապահովման հիմք, ինչպես նաև նշվեց, որ սահմանազատումը պետք է տեղի ունենա Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։ Եվ հենց նման հիմքերով սահմանազատումն է ստեղծել մի իրավիճակ, երբ նույնիսկ Փաշինյանն է ընդունում, որ պատերազմն ավելի քան հնարավոր է։ Բայց դա հնարավոր դարձավ պաշտոնական Երևանի գործողությունների արդյունքում։

Եթե վերծանենք Փաշինյանի հայտարարությունների քաղաքական ենթատեքստը, ապա կարող ենք եզրակացնել, որ նա շանտաժի է ենթարկում հասարակությանը՝ հայտարարելով, որ Բաքուն զիջումներ է պահանջում, և միայն ինքն է պատրաստ գնալ այդ զիջումների։ Իսկ եթե հասարակությունը ինքնակազմակերպվում է քաղաքական փոփոխությունների համար, ապա սա Հայաստանին սպառնում է փլուզմամբ, սպառնում է պատերազմով։

Ավելին, ունենալով Թուրքիայի բարձրագույն ղեկավարության հայտարարությունների փորձը 2021 թվականին, երբ Փաշինյանի հրաժարականի մասին ՀՀ գլխավոր շտաբի պահանջներից հետո Անկարան՝ ի դեմս Էրդողանի բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժի ռազմական հեղաշրջում Հայաստանի Հանրապետությունում, պարզ է դառնում, որ ներկայիս գործընթացների պարագայում, որոնք կարող են հանգեցնել քաղաքական փոփոխությունների, «խաղի մեջ կարող են մտնել» նաև Թուրքիան ու Ադրբեջանը:

Ավելին, իշխանությունների գործողությունների ողջ տրամաբանությունը հանգում է նրան, որ եթե անգամ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենան քաղաքական փոփոխություններ, ապա երկրի նոր ղեկավարը պետք է ունենա նույն կարճ քաղաքական կյանքն, ինչ ունեցել է Սամվել Շահրամանյանը Արցախի նախագահի պաշտոնում։

Նման վտանգ իսկապես գոյություն ունի, և հիմարություն է այն չնկատելը: Բայց ո՞րն է ելքը: Այն փաստը, որ պաշտոնական Մոսկվան և Իրանը չեն ողջունել Հայաստանի կողմից միակողմանի զիջումների գործընթացը, որը կհանգեցնի Հարավային Կովկասում սահմանների փոփոխության, վկայում է այն մասին, որ հայկական պետականությունն ունի աշխարհաքաղաքական գործընկերներ:

Եվ կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունում պոտենցիալ գործընթացների պահին այս գործընկերները արտահայտեն իրենց հստակ դիրքորոշումը, որ այն, ինչ կատարվում է/կատարվելու է ՀՀ-ում, Հայաստանի ներքին խնդիրն է, և որ ցանկացած ներքաղաքական գործընթաց, որը տեղի է ունենում Հայաստանում երկրի Սահմանադրության և օրենքների շրջանակներում, չի կարող առիթ դառնալ տարածաշրջանում ռազմական իրավիճակի սրման համար։

Վատ չէր լինի նման հայտարարությունների համատեքստում տեսնել նաև Իրանի զորավարժությունները ՀՀ սահմանին, ինչպես նաև 102-րդ ռազմաբազայի և Հարավային ռազմական օկրուգի զորքերի զորավարժությունները, ինչը կվկայի ՀՀ դաշնակիցների՝ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մտադրության լրջության մասին։

Մտածե՛ք այդ մասին…»։

Այս խորագրի վերջին նյութերը