Լրահոս

13.05.2011 15:06


Լևոն Հովսեփյան. «Հայ–թուրքական հարաբերություններում էական տեղաշարժեր չի կարելի սպասել»

Թուրքագետ Լևոն Հովսեփյանն այսօրվա ասուլիսում լրագրողներին ասել է, որ հետևելով Թուրքիայի ռազմականացման ու ռազմարդյունաբերության օրինակին՝ Ադրբեջանը նույնպես փորձում է զարկ տալ այդ ճյուղին, որին նվիրված է տարբեր պետությունների հետ սպառազինության համատեղ արտադրությունը։

Թուրքագետի կարծիքով Ադրբեջանի սանձարձակություններն ու ռազմատենչությունը խրախուսվում և աջակցություն են ստանում Թուրքիայի կողմից.

«Թուրքիային իր թիկունքում ունենալով՝ Ադրբեջանն իրեն ավելի վստահ է զգում»։

Բանախոսը նկատել է, որ եթե նախկինում Թուրքիան ռազմատեխնիկական մասով կախված էր արևմտյան երկրներից, հատկապես Միացյալ Նահանգներից ու Իսրայելից, ապա այժմ նա փորձում է ավելի ընդլայնել համագործակցության այդ շրջանակը, ինչպես, օրինակ, ռուս–թուրքական ռազմական ոլորտի համագործակցությունն է։

Թուրքիայի համար Ռուսաստանը դիտվում է որպես այլընտրանք Արևմուտքին, ու այս առումով Թուրքիան փորձում է անկախություն ձեռք բերել,–ասել է Լ. Հովսեփյանը։

Անդրադառնալով Թուրքիայի ներքին քաղաքական զարգացումներին՝ նա նշել է, որ Թուրքիայի քաղաքական օրակարգը ներկայումս կազմում են խորհրդարանական ընտրությունները, որոնց կհաջորդեն ներքաղաքական զարգացումներ, սպասվում են սահմանադրական փոփոխություններ, ինչպես նաև 2012թ. նախագահական ընտրությունները։ Այդ պատճառով թուրքագետը չի կարծում, որ հայ–թուրքական հարաբերություններում որևէ քայլերի ականատես կլինենք, ու ավելացրել է, որ առաջիկա ժամանակահատվածում էական փոփոխություններ չեն սպասվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը