Լրահոս

13.05.2011 17:12


Շ. Տոնոյան. «Դատախազությունը կոռուպցիայի դեմ «ընտրովի» չի պայքարում»

ՀՀ գլխավոր դատախազությունը, հարգելով հանրության ստուգված և ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքը, տեղեկացնում է, որ մամուլում հրապարակված այն լուրերը, թե իբրև «դատախազության համակարգում փորձում են ընտրել 5 դատախազի, որոնց նկատմամբ իբրև թե պետք է կոռուպցիոն հանցակազմերով մեղադրանքներ առաջադրվեն», և այդ ենթատեքստում անվանական հիշատակված ՀՀ դատախազության աշխատակցի անունը, բացարձակ անհիմն, մտացածին ասեկոսներ են` ուղղված  պետական կայացած համակարգերի, մասնավորապես դատախազության` որպես հանցավորության դեմ պայքարում   անզիջում քրեական քաղաքականություն իրականացնող համակարգի ներսում «ջուր պղտորելուն»:

Նման լուրերը տարածողների մանկմիտ երևակայության արդյունքն են, ովքեր փորձում են ցանկալին իրականության տեղ ներկայացնել` համեմելով իբրև իրենց «աղբյուրներով»:

ՀՀ դատախազությունը հանցավորության դեմ պայքարում առաջնորդվում է  Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններով, իրականացնում իր գործառույթները: ՀՀ դատախազության հետևողական, շարունակական բնույթ կրող գործողությունները, մասնավորապես կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարում, ակնհայտ արտացոլված են հանցավորության դեմ պայքարի վիճակագրական արդյունքներում, որոնք մատչելի և հասանելի են յուրաքանչյուր քաղաքացու, շնորհիվ ԶԼՄ-ների և դատախազության պաշտոնեական էլեկտրոնային կայքէջի:

Ստահոդ տեղեկատվության մեջ հիշատակված դատախազության աշխատակիցը, ՀՀ Սյունիքի մարզի դատախազի տեղակալ Հայկ Կարապետյանը, բարեխիղճ կատարում է իր աշխատանքային պարտականությունները, որի համար պարգևատրվել է ՀՀ գլխավոր դատախազի և ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրերով, և նրան պաշտոնանկ անելու` առավել ևս կոռուպցիոն դրսևորումների համար պատժելու, որևէ հիմք չկա:

Միաժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ ՀՀ դատախազության դատախազների  գործունեության անկախությունը պաշտպանված է օրենքով սահմանված կարգով, միջազգային չափանիշներին համապատասխան, և սահմանված են յուրաքանչյուր դատախազի պատասխանատվության հիմքերը:

ՀՀ դատախազության հանրային կապերի վարչության պետ Շ. Տոնոյան

Այս խորագրի վերջին նյութերը