Լրահոս

25.05.2011 11:07


Կենդանասերները համոզված են՝ խնդիրը լուծում կգտնի

Կենդանասերները համոզված են՝ խնդիրը լուծում կգտնի

Երեքշաբթի օրը՝ մայիսի 24–ին, «Անի Պլազա»–ում տեղի է ունեցել «Թափառող կենդանիների պաշտպանության կենտրոն» ՀԿ–ի ընդհանուր ժողովը։ Օրակարգում էին անդամագրելը, խորհրդի անդամների ընտրությունը, ՀԿ–ի նախագահի ընտրությունը, ծրագիրը, կանոնադրությունը ներկայացնելն ու հաստատելը և կենդանասերների ակումբի հիմնադրումը։

Կառույցը ստեղծվել է սույն թվականի ապրիլի 4–ին։

Հանդիպմանը մասնակցում էին մասնագետներ տարբեր ոլորտներից, տարբեր ՀԿ–ների նախագահներ, արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև խմբի ակտիվիստներ։

Ինչպես «7օր»–ին տեղեկացրել է «Թափառող կենդանիների պաշտպանության կենտրոն» ՀԿ–ի հիմնադիր Արտակ Խերիմյանը, կազմակերպության հիմնական, համընդհանուր նպատակը Հայաստանի կենդանական աշխարհի պաշտպանությունն է։

Ես հանդիպել եմ այս ոլորտով զբաղվող բոլոր կառույցների հետ, միասնական որոշել ենք, որ պետք է զբաղվենք լուրջ գործով, ու գլոբալ մեր արտահայտությունն ենք գտել՝ մենք կենդանասեր ենք, ոչ թե գրպանասեր։ Հավաքվել ու համախմբվել ենք մի կազմակերպության շուրջ, որպեսզի բոլորս միասին նույն գործն անենք մի տեղում, ոչ թե ամեն մեկս՝ տարբեր տեղերում,–ասել է նա։

Նա նաև տեղեկացրել է, որ ինքը՝ որպես հիմնադիր, դիմել է թե՛ կառավարությանը, թե՛ նախագահին՝ ՏԻՄ ոլորտը որևէ նախարարության հանձնելու համար, որովհետև եթե անգամ Երևան քաղաքի բոլոր շները կես ժամվա ընթացքում հավաքվեն, մյուս քաղաքների շները նորից գալու են Երևան։ Հետևաբար, խնդիրը զուտ Երևանինը չէ, այլ տարածքային է։

Մենք խնդրին գլոբալ ենք նայում։ Այսօր ամենամեծ ու կարևոր խնդիրը աղբահանությունն է։ Չկա աղբ՝ չկա թափառող կենդանի,–նշել է նա ու հավելել, որ այսօր այդ ծրագիրը, սակայն, արդիական չէ, քանի որ եթե այսօր լուծվի աղբահանության հարցը, կենդանիներն ուղղակի սովից կսատկեն։

Այդ իսկ պատճառով ՀԿ–ն նախատեսում է իրականացնել իր ծրագիրը, սկսել կացարանների կառուցումը ու կենդանիներին այնտեղ տեղափոխել, այդ ժամանակ արդեն արդիական կլինի նաև աղբահանության ծրագրի իրականացումը։

Դրա հետևանքով քաղաքում չի լինի աղբ, չի լինի թափառող կենդանի։

Մասնակիցներից Նարե Արամյանը՝ Հայաստանում «Pro paws» ՀԿ–ի ներկայացուցիչը, կարևորել է կենդանիների իրավունքների պաշտպանության օրենդրության առկայությունը, որը ՀՀ–ում շատ թերի վիճակում է։ Այս տեսանկյունից, ըստ նրա, լավագույն լուծումը կլիներ ԱԺ–ի կողմից «Կենդանիների պաշտպանության միջազգային համաձայնագրի» վավերացումը, ինչի ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Նա նաև ընդգծել է, որ Կրթության և գիտության նախարարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել կյանքի հմտություններ առարկայի շրջանակներում դպրոցներում դասաժամեր հատկացնել նշված խնդրի վերաբերյալ։

Կազամակերպությունը նախատեսում է լայնածավալ աշխատանք տանել հասարակության մեջ կենդանիների նկատմամբ հոգատար վերաբերմունք սերմանելու ուղղությամբ։

Արտակ Խերիմյանը տեղեկացրել է նաև, որ ՀԿ–ն ֆինանսավորում դեռևս չունի և միայն կառույցի կազմավորումից հետո դրամաշնորհային ծրագրերին կդիմի։ Նա ընդգծել է, որ ֆինանսավորման հարցում շատ ավելի կարևոր է ապահովել ինքնաֆինանսավորման համակարգը։ Մասնավորապես՝ ծրագրվում է ստեղծել կերերի արտադրման գործարան, որը կծառայի թե՛ կացարանների կենդանիներին կերակրելու, թե՛ մնացած մասը վաճառքի հանելու համար։

Հանդիպման մասնակիցները համոզված են, որ համակարգված աշխատանքի շնորհիվ խնդիրն անպայման լուծում կստանա։

7or.am

   

Այս խորագրի վերջին նյութերը