Լրահոս

25.05.2011 17:09


Լիլիթ Գալստյան. «Երկրում նույնիսկ չկա ներկուսակցական ժողովրդավարություն»

Լիլիթ Գալստյան. «Երկրում նույնիսկ չկա ներկուսակցական ժողովրդավարություն»

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը Մամուլի ազգային ակումբում «Նոր քաղաքական լիդերների ձևավորման խոչընդոտները և հնարավորությունները Հայաստանում» թեմայի շուրջ տեղի ունեցած քննարկման ժամանակ նշել է, որ լիդեր ինստիտուտը մեզ մոտ կայացած չէ։

Նա ներկայացրել է միջազգային կառույցների գնահատականները Հայաստանի վերաբերյալ։ Ըստ այդ ցուցանիշների՝ Հայաստանը ժողովրդավարության մակարդակով խորհրդարանական երկրներում 109–րդ տեղում է, իսկ «Էկոնոմիստի» վերջին հոդվածներից մեկը Հայաստանի կառավարման համակարգը գնահատում է կիսահիբրիդային։ Լ. Գալստյանի խոսքերով՝ այս ցուցանիշները չպետք է խոսեն ժողովրդավարական հասարակության մասին, հետևաբար, լիդերի՝ հասարակության պահանջ ունենալու մասին խոսելն անիմաստ է։

Բանախոսը ցավով նշել է, որ մեր իրականության մեջ ունենք շատ ղեկավարներ, որոնք բացարձակապես լիդեր չեն ու չունեն հանրային հենարան.

–Գաղտնիք չէ, որ նախաձեռնությունը  ոչ թե ներքևից է, այլ վերևից։

Ըստ ՀՅԴ ներկայացուցչի՝ խոսել սերնդափոխության մասին, ավելորդ է, քանի որ երկրում առհասարակ չկա ոչ միայն ժողովրդավարություն, այլ նաև ներքին կուսակցական ժողովրդավարություն։ Լ. Գալստյանը նկատել է, որ Հայաստանում առկա բազմակուսակցականությունը չի նպաստում կուսակցության ինստիտուտի կայացմանը, ինչը խոչընդոտում է նոր սերնդի ձևավորմանը.

«Եթե ունենանք կայացած ժողովրդավարություն՝ իր բոլոր ինստիտուտներով, այդ դեպքում կուսակցական սերնդափոխության և լիդերության խնդիրները շատ ավելի հեշտ կլուծվեն, բայց քանի դեռ որդեգրել ենք սահմանադրական հաստատումով ժողովդրավարական, բայց իրականության մեջ հիբրիդային, կլանային, օլիգարխիկ, մենատնտես ուղի, ամեն անգամ կբախվենք ներկուսակցական ժողովրդավարության հետ և կունենանք սերնդափոխության խնդիր»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը