Լրահոս

25.05.2011 17:19


Արծվիկ Մինասյան. «Նաիրիտում 90–ականների թալանի երկրորդ փուլն է»

Կառավարություն–ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր  Արծվիկ Մինասյանը հարց է ուղղել կառավարությանը «Նաիրիտ» գործարանի սարքավորումների՝ մետաղաջարդոնի տեղ ապամոնտաժման, ինչպես նաև աշխատողների աշխատավարձերի վճարման վերաբերյալ։

–Ուսումնասիրվե՞լ են արդյոք, թե ինչո՞ւ և ո՞ւմ թույլտվությամբ են ապամոնտաժվում սարքավորումները, և ե՞րբ են վճարվելու աշխատողների աշխատավարձերը,–հարցրել է Արծվիկ Մինասյանը։

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը պատասխանել է, որ գործարանում կան տարբեր սերնդի սարքավորումներ, և այդ ապամոնտաժումը իրականացվում է ծրագրին համապատասխան։

–Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա նշեմ, որ, այո՛, կան պարտքեր, բայց մոտակա ժամանակներս կմարվեն,–ասել է նա։

Արծվիկ Մինասյանը հակադարձել է, որ ամբողջ հարցն այն է, որ եթե անգամ որպես հին, վնասված սարքավորումներ էլ ապամոնտաժվում են դրանք, ապա այդ տեղեկությունը հասանելի պետք է լինի, որ թյուրըմբռնում չառաջացնի, քանի որ այդ ամենը 90–ականների թալանի երկրորդ փուլն է հիշեցնում։

–Նախ ասեմ, որ 90–ականի թալանի երկրորդ փուլը միայն Ձեր կարծիքն է։ Նման ձևով չեն մտածում ո՛չ «Նաիրիտում» աշխատողները, ո՛չ էլ «Նաիրիտի» հետ կապված մարդիկ, որովհետև գիտեն, թե ինչ է կատարվում, և ինչ սկզբունքներով է գործընթացն իրականացվում,– պատասխանել է Արմեն Մովսիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը