Խմբագրական

05.07.2011 11:16


Փոխել Սահմանադրությունը

Փոխել Սահմանադրությունը

Հուլիսի 5–ը ՀՀ Սահմանադրության օրն է։ Օր, որը, ինչպես մյուս պետությունների դեպքում, այնպես էլ մեզ մոտ համարվում է տոնական։ Բայց արդյոք տոնակա՞ն է հուլիսի 5–ը մեզ համար և արդյոք 1995–ին ընդունված Սահմանադրությունը նպաստե՞ց ՀՀ քաղաքացիների մեծամասնության բարեկեցությանն ու մեր երազած պետության կառուցմանը։ Վստահաբար կարող եմ ասել, որ ոչ։ Ավելին՝ մեր այսօրվա հակաժողովրդավարական քաղաքական համակարգի ու հակաշուկայական տնտեսական հարաբերությունների հիմնական պատճառը Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված իրավահարաբերություններն են։

Դատական իշխանությունը, տեղական ինքնակառավարման համակարգը, գործադիր ու օրենսդիր մարմիններն, ըստ Սահմանադրության, փաստացի պետք է կատարեն նախագահականի կցորդի ու կամակատարի դերը։ Չեն գործում իշխանության երեք ճյուղերի միջև անհրաժեշտ զսպումների ու հակակշիռների ժողովրդավարական մեխանիզմները, քանի որ կա իշխանության միայն մեկ կենտրոն։

Ըստ Հիմնական օրենքի փիլիսոփայության՝ Հայաստանում պետք է լինի մեկ մարդու՝ նախագահի շահերը սպասարկող հետադիմական համակարգ։ Այդ համակարգի առկայությամբ, բնականաբար,  կանխորոշվում է մեր երկրի ընթացքը դեպի ավտորիտարիզմի խորացում, տնտեսաքաղաքական կյանքի գերօլիգարխացում, սոցիալական պետության կառուցման բացառում և այլն։  Ինքնին հասկանալի է, որ այս  պայմաններում պարզապես անհնար են օրինական ընտրությունները և շարքային քաղաքացիների քաղաքական սոցիալականացումը։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ իշխանական համակարգը, պատկերավոր ասած, վերածվել է պարսպապատ բերդի, որտեղից իշխանավորները չեն ուզում ու նաև չեն կարող դուրս գալ, քանի որ անձնական անվտանգության ու սեփականության կորստի հետ կապված խնդիրների առջև կարող են կանգնել։

Հայաստանի քաղաքական պրակտիկան ցույց է տվել, որ իշխանությունը որևէ պարագայում պատրաստ չէ զիջել իր դիրքերը, իսկ իշխանության առաջին դեմքերը եթե փոխվում են, ապա միայն «մուտքը ներսի կողմից» է տարբերակով, ինչը ենթադրում է կա՛մ պալատական հեղաշրջում, կա՛մ ներիշխանական ընդունում–հանձնում։ Դա է պատճառը, որ եթե պետք է լինում, ապա մահապարտի կարգավիճակում հայտնված պաշտոնյաները իշխանությունը պահում են նաև տանկերի օգնությամբ, ինչին մենք ականատես ենք եղել 1996 և 2008 թվականներին տեղի ունեցած նախագահական ընտրությունների ժամանակ։

Այսպիսով՝ 1995–ի Սահմանադրությունը և դրա օգնությամբ ստեղծված հասարակական հարաբերությունները, փաստացի, բացառում են միջին խավի ձևավորումը, ընտրական գործընթացների ժողովրդավարացումը, քաղաքական կյանքի ապաքրեականացումը և այլն։ Ասել է թե՝ 1995–ի հուլիս 5–ին ՀՀ քաղաքացիների ազատության ու պատասխանատվության հաշվեկշիռն ամրագրած իրավական փաստաթուղթը ականներ է դրել մեր նորաստեղծ պետության տակ։ Ականներ, որոնք պարբերաբար պայթում են ընտրությունների ժամանակ ու հետընտրական փուլերում և պատճառ դառնում, օրինակ, 1996–ի նախագահական ընտրություններից հետո ստեղծված լարվածության, 1999–ի հոկտեմբերի 27–ի ահաբեկչության, 2008–ի մարտի 1–ի դեպքերի և այլն։

Ճիշտ է, 2005–ի նոյեմբերի 27–ին ընդունված սահմանադրական փոփոխությունները զուտ իրավական առումով քայլ առաջ էին (մայրաքաղաքի կառավարման մարմնի ընտրովիության մեխանիզմի ներդրում, նախագահի կողմից ԱԺ–ն արձակելու կոնկրետ իրավիճակների ամրագրում, դատական իշխանության որոշակի անկախության ապահովում և այլն), սակայն, միևնույն է, երկրում ձևավորված խաղի կանոնները, մեծ հաշվով, չլավացան։

Տարածված այն տեսակետները, թե մեր Սահմանադրությունը լավն է, պարզապես դրա դրույթները չեն գործում և ընդամենը պետք է պայքարել իրավակիրառական պրակտիկան բարելավելու համար՝ քաղաքական ու իրավական անգրագիտության դրսևորումներ են, կամ էլ՝  այս Սահմանադրությանը դրական գնահատական տվողը կոնկրետ քաղաքական շահ ունի։

Այո՛, ՀՀ Սահմանադրության սկզբում համամարդկային արժեքների և մարդու հանրահայտ իրավունքների մասին է խոսվում, բայց մնացած հատվածներում ներկայացված է  իշխանական հարաբերությունների այնպիսի պատկեր, որը չի կարող ապահովել առաջին երկու գլուխներում նշված նպատակների կյանքի կոչումը։

Ակնհայտ է, որ մեզ Նոր Սահմանադրություն է պետք։ Սահմանադրություն, որը կնախատեսի.

մարդու և քաղաքացու բոլոր տիպի հանրահայտ իրավունքների լիակատար պաշտպանության գործուն մեխանիզմներ,

պետական կառավարման խորհրդարանական մոդել,

տեղական ինքնակառավարման մարմինների իրական անկախություն և տեղական իշխանական մարմինների ձևավորման քաղաքականացված գործընթաց,

սեփականության իրավունքի պաշտպանության հստակ երաշխիքներ,

դատական անկախ համակարգ։

Մեկ բան ակնհայտ է, որ գործող Սահմանադրությամբ ով էլ լինի իշխանության՝ կդառնա մի քիչ ավել կամ պակաս ավտորիտար և արդեն պետք է միայն հուսալ, որ կհայտնվի բարի թագավոր, ով կհոգա մեր մասին, բայց ինքներդ էլ հասկանում եք, որ նման բան չի լինում։ Հետևաբար, բոլոր այն ուժերն ու անհատները, ովքեր այսօր խոսում են իշխանափոխությունից, ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից, տնտեսական մենաշնորհների դեմ պայքարից, բայց իրենց  համար կարգախոս են ընտրել «Վերականգնենք սահմանադրական կարգը» բուրբոնական մոտեցումը և չեն առաջարկում համակարգի փոփոխություն, ըստ էության՝ դեմագոգիայով են զբաղված։ Իշխանափոխությանն անմիջապես պետք է հաջորդի Նոր Սահմանադրության ընդունումը, այլապես տեղի կունենա միայն դեմքերի փոփոխություն։

Հարկ է արձանագրել, որ ներկա Սահմանադրությունն ու դրանով կանոնակարգված խաղի կանոնները ձեռնտու են միայն հին և ավտորիտար ուժերին, որոնք այսօր ներկայացված են այս արատավոր համակարգի հիմնադիր նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի և համակարգի այժմյան կառավարիչ Սերժ Սարգսյանի տեսքով։ Նրանք երկուսն էլ կառչած են այս Սահմանադրությունից, քանի որ երկուսն էլ միանձնյա կառավարման կողմնակիցներ են։ Մեկին պետք է այս Սահմանադրությունն ու դրանով պաշտպանված իշխանությունը՝ փողի նկատմամբ ունեցած պաթոլոգիկ սերը բավարարելու համար, իսկ մյուսին՝ պաթոլոգիկ փառամոլությունը։

Տեր–Պետրոսյանի համար «սահմանադրական կարգի» վերականգնումն այն է, երբ ի՛նքն է նախագահը և ընտրակեղծիքներով զբաղվում են ոչ թե այսօրվա ընտրակեղծարարները, այլ իր թիմակիցները՝ ընտրակեղծիքների հիմնադիր Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ։

ՀԱԿ առաջնորդի համար «սահմանադրական կարգի» վերականգնումն այն է, երբ մարդկանց ծեծի ու բռնությունների է ենթարկում ոչ թե, ասենք, Բազազը, այլ իր թիմակից Մուշեղ Սաղաթելյանը, ում արածների հետ համեմատած նույն Բազազը մարդու իրավունքների պաշտպան կարող է համարվել։

Տեր–Պետրոսյանը «սահմանադրական կարգը» վերականգնված կհամարի այն դեպքում, երբ ի՛նքը կվարի «ֆուտբոլային» դիվանագիտությունը և, ի տարբերություն «գաղափարական թափառաշրջիկությամբ» զբաղվող Ս. Սարգսյանի, վայրկյան անգամ չի հապաղի «ֆուտբոլը» մինչև վերջ տանելու և Լեռնային Ղարաբաղը փուլային տարբերակով Ադրբեջանի տարածքային ամբողջականության կազմում թողնելու հարցում։

Եվ վերջապես, «սահմանադրական կարգի» վերականգնումն ըստ Տեր–Պետրոսյանի նշանակում է այն, որ ոչ թե Սերժ Սարգսյանի ընկերներն ու հարազատներն են տնօրինում Հայաստանի տնտեսության մեծ մասն ու ձգտում կառուցել «մեկ օլիգարխի տնտեսություն», այլ դա անում են ի՛ր ընկերներն ու հարազատները։

Սա՛ է Տեր–Պետրոսյանի պատկերացրած «սահմանադրական կարգի» վերականգնումը, իսկ նրա բոցաշունչ ելույթներն ու պայքարի բեմականացումը փարիսեցիություն և պոպուլիզմ են։

Սարգսյան–Տեր–Պետրոսյան հակասությունն, ըստ այդմ, ավտորիտար համակարգը սեփականաշնորհելու շուրջ է։ Սարգսյանը չի ուզում, որպեսզի մեկ ուրիշը գա ու վերականգնի «սահմանադրական կարգը», քանի որ 1995–ին հիմնադրված այդ կարգը չի էլ փոխվել, այլ պարզապես դրա բարիքներից հիմա օգտվում է ոչ թե Տեր–Պետրոսյանի նեղ շրջապատը, այլ՝ իր։ Աթոռի համար այդ պայքարն այժմ թևակոխել է «երկխոսության» փուլ, որը ձեռնտու է Սարգսյանին։

2008–ի ընտրությունների արդյունքում չկարողանալով վերականգնել իր երազած «սահմանադրական կարգը»՝ Տեր–Պետրոսյանը համակերպվել է իր այժմյան կարգավիճակի հետ և հետագա «պայքարն» արդեն պատկերացնում է «Եղիազար Այնթապցու և էջմիածնական միաբանների» համագործակցության տարբերակով՝ «Եթե ես չեմ գալու, ապա գոնե համակարգն ու դրա պարագլխին պաշտպանեմ, այլապես ուրիշները կգան ու ինձ է՛լ, «Եղիազարին» է՛լ կուղարկեն քաղաքական աղբանոց» մտահոգությամբ։

. . .

Ամփոփենք. 1995–ի Սահմանադրությունը դրեց պսեվդոժողովրդավարական հարաբերությունների հիմքը և նախորդ դարի 90–ականներից սկիզբ առած արատավոր բարքերը պահպանվել և այժմ է՛լ ավելի գռեհիկ տեսք են ստացել։

Հայաստանի քաղաքական ներկա դաշտի իշխանական ու ընդդիմադիր տարածքները զավթած ուժերը միմյանցից տարբերվում են ձևով, այլ ոչ թե բովանդակությամբ, և երկուսն էլ հետադիմական են ու ոչ հայաստանակենտրոն։ Ուստի, մեր երկրի ապագայով մտահոգ բոլոր սուբյեկտների խնդիրը պետք է լինի ներքաղաքական «ստատուս քվոյի» արմատական փոփոխությունը, գործող համակարգի «պահապան–հրեշտակների» վերածված գործիչների հեռացումը և ՆորՍահմանադրության միջոցով  Նոր Հայաստանի կառուցումը։

Անդրանիկ Թևանյան

Այս խորագրի վերջին նյութերը