Լրահոս

07.06.2011 09:52


Սիրիայի հյուսիս–արևմուտքում սպանված ոստիկանների թիվը հասել է 120–ի

Սիրիայի հյուսիս–արևմուտքում սպանված ոստիկանների թիվը հասել է 120–ի

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, Սիրիայի  պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ զինված անհայտ մարդկանց հարձակումից սիրիական հյուսիսարևմտյան Ջիսր ալ Շուհուր քաղաքում սպանվել է  120 ոստիկան։

Համաձայն պաշտոնական հաղորդագրության՝  իրավապահ  մարմինների  աշխատակիցներն ընկել  են թակարդը, երբ ուղևորվել են՝ մաքրելու  քաղաքը «զինված  ավազակախմբերից», որոնք  կազամակերպել են հակակառավարական գործողություններ։

Հեռուստաընկերությունը հայտնել է, որ զինված մարդկանց խումբը երկուշաբթի այրել է կառավարական շենքերն ու կրակ բացել խաղաղ բնակչության և իրավապահ  մարմինների ներկայացուցիչների ուղղությամբ։

Հարձակվողներն օգտագործել են թեթև զենք, նռնակներ և գողացած պայթուցիկ սարքեր։

«BBC News»–ն էլ  հաղորդում է, որ սա Սիրիայում զանգվածային անկարգությունների  սկզբից ի վեր առաջին դեպքն է, երբ Սիրիայի իշխանություններն իրենց կողմնակիցների այսքան մեծ կորուստների մասին են հայտնում։

Հիշեցնենք, որ Սիրիայում կյանքի  պայմանների  բարելավման և ժողովրդավարական նորմերի պահպանման պահանջներով բողոքի  գործողություններ են սկսել դեռևս 2011–ի մարտից։

«BBC»–ն էլ հայտնում է, որ Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեն հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստվում  է Սիրիայի իշխանություններին դատապարտող  բանաձև ներկայացնել ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդ։

Շատ հավանական է, որ  Ռուսաստանը վետո ներկայացնի, քանի որ ավելի վաղ Ռուսաստանի  արտգործնախարար  Սերգեյ  Լավրովն ասել էր, որ Մոսկվան անհրաժեշտ չի համարում Սիրիայի  հարցը քննարկել Անվտանգության խորհրդում։

Ժյուպեն վստահ է, որ ծրագրին կաջակցեն Արևմուտքի երկրները։  Նրա խոսքերով՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը  կորցրել է իր օրինականությունը։

Այս խորագրի վերջին նյութերը