Լրահոս

07.06.2011 15:56


ՀԱԿ անդամը Կարեն Կարապետյանի պատասխանը պաշտոնական չի համարում. սպասում են անձամբ Սերժ Սարգսյանին

ՀԱԿ անդամը Կարեն Կարապետյանի պատասխանը պաշտոնական չի համարում. սպասում են անձամբ Սերժ Սարգսյանին

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հայտարարությունը Հայաստանի կանաչների սոցիալ–էկոլոգիական կուսակցության նախագահ, ՀԱԿ անդամ Արմենակ Դովլաթյանը որպես Սերժ Սարգսյանի պաշտոնական պատասխան չի համարում։

–Առայժմ միակ, եթե կարելի է ասել, պաշտոնական պատասխանը Հովիկ Աբրահամյանի ասածն է, որ այդ խնդիրների իրավասությունը Սերժ Սարգսյանինն է,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Ա. Դովլաթյանը։

Նա ավելացրել է, թե իրենք շարունակում են սպասել անձամբ Սերժ Սարգսյանի պատասխանին.

–Կարեն Կարապետյանը պաշտոնական հայտարարարություն չի արել, որպես իր անձնական կարծիք է հայտնել։ Հերթական ստանդարտ ֆրազներն են, որոնք Շարմազանովը, Գալուստ Սահակայանը և այլք արտահայտում են։

Ա. Դովլաթյանը կարծում է, որ եթե Կարեն Կարապետյանն իր այս հայտարարությունը համաձայնեցրած լիներ Սերժ Սարգսյանի հետ, ապա այն պաշտոնապես կներկայացվեր։

–Կարող էր լիներ ասուլիսի ձևով, կարող էր լինել որպես հայտարարություն,–սրանք են պաշտոնական պատասխանի Ա. Դովլաթյանի համար ընդունելի տարբերակները:–Պետք չէ՝ իրենք իրենց անհարմար դրության մեջ դնեն նման ելույթներով, որ հետո փաստի առաջ չկանգնեն։ Ինձ թվում է՝ Սերժ Սարգսյանը ստիպված կլինի ընդունել արտահերթ ընտրությունների պահանջը։ Եթե մի փոքր տրամաբանություն կամ մտածելու ունակություններ ունենան, ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլ մյուսները, պարտադիր պետք է ընդունեն։ Դա իրենց շահերից է բխում։

Նա նաև ավելացրել է, որ արտահերթ ընտրությունների անցկացումը առաջին հերթին ժողովրդի պահանջն է, և եթե իշխանությունը մերժում է այն, ապա «ո՛չ» է ասում ժողովրդին։

Ի դեպ, Կարեն Կարապետյանն ընդգծել էր նաև, որ ՀԱԿ–ի հետ երկխոսությունը վաղուց է սկսվել և բավականին արդյունավետ ընթանում է:

–Դե՛, եթե իրենք համարում են, որ ընդդիմության պահանջները կատարելը երկխոսություն է, ուրեմն այդ երկխոսությունը վաղուց սկսվել է։ Հաջորդ պահանջն էլ արտահերթ ընտրություններն են։ Ինձ թվում է՝ եթե դա էլ երկխոսություն համարեն, կընդունեն,–ի պատասխան՝ ասել է ՀԱԿ անդամը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը