Լրահոս

10.06.2011 13:35


Վերսկսվեց Գյումրու Մուշ-2 թաղամասի բնակարանների սեփականաշնորհման գործընթացը

ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից Գյումրիում  վերսկսվեց դեռ նախորդ տարի Մուշ-2 թաղամասում բաշխված բնակարանների անվճար սեփականաշնորհման գործընթացը: Հինգամսյա դադարը հիմնականում կապված էր ՀՀ պետբյուջեից բնակարանների նոտարական և կադաստրային ձևակերպումների համար նախատեսված գումարների փոխանցումների ձգձգման հետ: Այսօրվանից «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի աշխատակիցների կողմից հեռախոսազանգերի միջոցով, ըստ շենքերի հերթականության իրազեկվում են սեփականաշնորհման ենթակա բնակարանների տերերը: Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Գյումրու նոտարական գրասենյակ պետք է ներկայանան Մուշ-2 թաղամասի N 24 շենքի բնակիչները, իսկ N 29 շենքի բնակիչները` երեքշաբթի օրը ժամը 15:00-ին:

Նշենք, որ բնակարանների սեփականաշնորհմանը կարող են մասնակցել միայն այն ընտանիքները, ովքեր ունեն ժամանակավոր կացարանների քանդման տեղեկանքներ: Ընտանիքները պետք է ներկայանան ամբողջ կազմով կամ բացակա անդամների կողմից տրված լիազորագրերով: Ի դեպ, ի տարբերություն աղետի գոտում նախորդ տարիներին իրականացված բնակարանային ապահովման ծրագրերի, բնակարանների օտարման որոշակի ժամանակային (ասենք`3-ից 5 տարի) արգելք չկա, եւ նախորդ փուլում բնակարանները սեփականաշնորհած տասնյակ ընտանիքներ արդեն  օտարել են դրանք:

Բնակարանների սեփականաշնորհման ժամանակացույցն ըստ շենքերի պարբերաբար կտեղադրվի www.shirakcentre.org վեբ կայքում: Ներկայումս տեղադրված են հունիսի 13-ին և 14-ին սեփականաշնորհման ենթակա բնակարանների տեր ընտանիքների ցուցակները (http://shirakcentre.org/hy/-/963-shirak-centre-ngo):

Այս խորագրի վերջին նյութերը