Լրահոս

11.06.2011 16:58


Կանադահայերը Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, ի նշան Հայոց ցեղասպանության ժխտման դեմ բողոքի, հացադուլ են սկսել

Կանադահայերը Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, ի նշան Հայոց ցեղասպանության ժխտման դեմ բողոքի, հացադուլ են սկսել

Ինչպես հաղորդում է «Asbarez.com» լրատվական կայքը՝ երեկ 8 կանադահայեր Կանադայի Տորոնտո քաղաքում 72–ժամյա հացադուլ են սկսել։ Երիտասարդները վաղը Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին բողոքում են այդ երկրի կառավարության կողմից իրականացվող մարդու իրավունքների խախտումների դեմ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժխտման, խոսքի ազատության խլացման, որպես երկրորդ կարգի քաղաքացիներ ընկալվող քուրդ և քրիստոնյա փոքրամասնությունների տանջանքների (որոնց  կուսակցություններն այդ երկրում արգելված են, առաջնորդները բանտերում են, իսկ պատրիարքարանները՝ փակ)։ Գործողության կազմակերպիչը Կանադայի ՀՅԴ երիտասարդական միությունն է։

–Մենք այստեղ ենք, և մեզ զրկում ենք հացից, որպեսզի զգանք մեր նախնիների կրած տառապանքի մի փոքր մասը։ Չնայաց 96 տարի է անցել, աշխարհը, սակայն, չի կարողանում մոռանալ Հայոց ցեղասպանությունը։ Թուրքիայի կառավարությունը պետք է ճանաչի և հաշտվի իր պատմության հետ, որպեսզի ցեղասպանությունը չկրկնվի,–ասել են բողոքի գործողության մասնակիցները։ Հացադուլը կավարտվի ցույցով, որը տեղի կունենա  երկուշաբթի՝ Տորոնտոյում Թուրքիայի հյուպատոսության շենքի դիմաց։ Ցուցարարներն այս կերպ Թուրքիայի նորընտիր պաշտոնյաներին հաղորդագրություն են ուղարկում առ այն, որ կանադացիները և միջազգային հանրությունը հանդես չեն գա լուռ դիտորդի կարգավիճակում՝ տեսնելով, թե նրա կառավարությունն ինչպես է իր քաղաքացիներին զրկում մարդու հիմնարար իրավունքներից և մերժում  Ցեղասպանությունը։

Այս խորագրի վերջին նյութերը