Քաղաքական

18.06.2021 08:07


Ձերբակալվել է Գորիսի Մշակույթի կենտրոնի տնօրենը

Ձերբակալվել է Գորիսի Մշակույթի կենտրոնի տնօրենը

Գորիս քաղաքի Մշակույթի կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանին ձերբակալել են։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց, Խաչատրյանի փաստաբան Էդգար Արամյանը։ «Այս պահին ես տեղեկություններ չունեմ, որովհետև չեմ կարողանում գտնել հետաքննիչին։ Այսինքն հետաքննիչին գտել եմ, բայց համարը անհասանելի է, չեմ կարողանում որևէ ձևով կապվել իր հետ»,-ասաց Արամյանը։

Փաստաբանն ասաց, որ ենթադրում է, որ Խաչատրյանին բերման են ենթարկել համացանցում այսօր հայտնված տեսանյութի պատճառով։ «Այսօր համացանցում տեսանյութ հայտնվեց, մի կին խոսում էր, ասում էր որ Փաշինյանի աջակիցն է ու Մշակույթի տան տնօրենը իրեն ստիպել է, որ չգնա հանրահավաքին։ Ենթադրում եմ, որ դրա հետ է կապված»,-ասաց փաստաբանը։

Էդգար Արամյանը նշեց, որ այդ կինը աշխատում է Գորիսի Մշակույթի տանը և տեսանյութում նույնիսկ իր աշխատավարձի չափն է նշել՝ 65,000 դրամ։ Արամյանը նշեց, որ ձերբակալման իրավական հիմքերը հայտնի կդառնան միայն ձերբակալման արձանագրությունը տեսնելուց հետո։ «Ես ամեն ձևով փորձեցի կապվել որ գոնե էլեկտրոնային տարբերակով ուղարկեն ձերբակալման արձանագրությունը, որովհետև Երևանում էի գտնվում ու մեկ ժամ էլ չկա, որ իմացել եմ դեպքի մասին»,-ասաց Էդգար Արամյանը։

Այս խորագրի վերջին նյութերը