Քաղաքական

25.06.2021 09:53


Թուրքիան ցամաքեցնում է Հայաստանի ջրերը

Թուրքիան ցամաքեցնում է Հայաստանի ջրերը

Հայաստանի ջրերն արեւելքում իրենով է արել թշնամի Ադրբեջանը, արեւմուտքում՝ թշնամի Թուրքիան։ Արաքսի ջրերի վրա Թուրքիայի խաղերը քիչ էին, հիմա էլ Կարսում կառուցվող ջրամբարը ցամաքեցնում է Ախուրյանը։

«Էկոմեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը Yerkir.am-ին հայտնեց, որ Ախուրյանի ջուրը հասնում է մինչեւ Արարատի մարզ։ Այդ հատվածում ջրերի 30-40 տոկոս նվազում է գրանցվել։

«Նույնիսկ ժամանակ եղավ, երբ Թուրքիան ավելի շատ ջուր վերցրեց, քան մենք։ Արդյունքում կրիտիկական վիճակի եկավ ջրամբարի ջուրը։ Ջրի սակավությունից, թթվածնի պակասի ձկներն էին դուրս եկել»,-ասաց Նարինե Կիրակոսյանը։

Հայաստանը համարվում է ջուր արտադրող երկիր, քանի որ լեռնային է, եւ ձնհալը լցվում է Հայաստանի ջրային ավազան։ Բայց հարկ է հաշվի առնել, որ այստեղ ջուրը երկրում պահելու համար ջանք չի գործադրվում, Թուրքիան որքան ուզում վերցնում է, ինչ մնում է, գալիս է Հայաստան, այստեղից էլ, խառնվելով մեր ջրի պաշարներին, հոսում թշնամի Ադրբեջան։ Դրանից բացի, թշնամին այսօր նստել է մեր ջրի պաշարների գլխին, մի մասն էլ կապիտուլյացիայի փաստաթղթով անցավ թշնամուն։

«Թշնամին եկել նստել է Սյունիքի եւ Գեղարքունիքի ձնհալ ունեցող սարերի վրա, ինչը շատ մտահոգիչ է, որովհետեւ սկզբում գետակներն են ձեւավորվում, հետո վտակները, գետերը, հետո ընդհանուր գնում մեծ գետ։ Պետք է էս վտանգը շատ արագ վերացնել, քանի որ լեռները, որտեղ ջրագոյացություններ են լինում, թշնամին այդտեղ նստած է»,-նշեց «Էկոմեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը։

Թուրքիան, ագրոէկոլոգ, փորձագետ Գալուստ Նանյանի խոսքով, այսպիսով խախտում է միջազգային մի շարք պարտավորություններ եւ խմում Հայաստանի ջուրը։

«Թուրքիան խախտում է մի շարք համաձայնագրեր, այդ թվում՝ «Անդրսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման մասին կոնվենցիան», որին միացել են նաեւ տարածաշրջանի երկրները։ Թուրքիան փորձում է ամբողջ անդրսահմանային ջրի պաշարներն իրենով անել»,-Yerkir.am-ին ասաց Գալուստ Նանյանը։

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարն այսօր ասել է՝ տեղյակ է այդ խնդրի մասին, քայլ են անում։ Բայց թէշնամու հետ բարեկամություն անողը չի մտածում, թե գյուղացին ցամաքող գետով ոնց է ջրելու ցանքը։

Այս խորագրի վերջին նյութերը