Քաղաքական

25.06.2021 15:53


«Իշխանությունների հրաժարականը պահանջել եմ ու պահանջելու եմ. պարտված իշխանությունն իրավունք չունի կառավարելու երկիրը». Ուրցաձորի համայնքապետ

«Իշխանությունների հրաժարականը պահանջել եմ ու պահանջելու եմ. պարտված իշխանությունն իրավունք չունի կառավարելու երկիրը». Ուրցաձորի համայնքապետ

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո, իշխանության շատ ներկայացուցիչներ սկսեցին բացահայտ հայտարարել, որ այն համայնքապետերը, որոնք ընտրությունների ժամանակ, այսպես ասած, իրենց համար չեն աշխատել, պետք է հրաժեշտ տան իրենց պաշտոններին։

Կառավարության աշխատակազմի ղեկավար, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, օրինակ, հունիսի 21-ին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները որոշ համայնքապետերի համար, որոնք հատկապես ընդգրկված են եղել տարբեր քաղաքական ուժերի համամասնական ցուցակներում, պետք է ազդանշան լինեն իրենց հետագա պաշտոնավարումը շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ։

Այս համատեքստում արդեն լուրեր են շրջանառվում, որ իշխանությունը գործընթացը սկսել է Արարատի մարզից, գործի դնելով Նիկոլ Փաշինյանի նշած «պողպատե մանդատը», հերթով մազպետարան են կանչում ոչ յուրային համայնքապետերին ու հորդորում, երբեմն նաև պահանջում հրաժարականի դիմում գրել։

Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանն այն համայնքապետերից մեկն էր, որին 2018-ի հեղափոխությունից հետո պարտադրեցին հրաժարականի դիմում գրել, նրա նկատմամբ հարուցվեցին նաև քրեական գործեր, սակայն հրաժարականից հետո անցկացված համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների արդյունքում Անդրեասյանը վերընտրվեց ու մնաց իր սկզբունքներին հավատարիմ:

168.am-ը հետաքրքրվեց համայնքի ղեկավարից՝ մարզպետարանից իրեն կանչե՞լ են: մամուլում տեղեկություններ կային, թե Արարատի մարզում որոշ համայնքների ղեկավարների պարտադրում են կամավոր հեռանալ զբաղեցրած պաշտոնից, արդյո՞ք Ուրցաձորի համայնքապետի նկատմամբ էլ ճնշումներ եղել են։

«Այսօր մի քանի հոգի զանգահարել, ասում են, որ Արարատի մարպետարանը հերթով բոլորին կանչում է իր մոտ ու ասում՝ հրաժարական ներկայացրեք։ Եթե նման բան լինի, նշանակում է, դա քաղաքական հետապնդում է, քաղաքական հայացքների համար է, այլ բան չեմ կարող ասել։ Ես իմ տեղը կարող եմ միայն պատասխան տալ։ Ինձ մարզպետարան չեն կանչել, եթե կանչեն էլ, ես չեմ գնալու։ Ես արդեն երեք տարի է՝ այդ կառույց չեմ գնում, ինչի՞ մասին է խոսքը։ Մեկ անգամ հրաժարական տվել եմ, իրենք իմ ընտրվելու լեգիտիմության վրա կասկածում էին, բայց նորից ինձ ընտրեցին, դրանից հետո թող գլուխս ոչ մեկը չտանի»,-նշեց Ռաֆիկ Անդրեասյանը։

Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի գրառմանը և իշխանությունների հայտարարություններին, Ռաֆիկ Անդրեասյանն ասաց, որ որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու։

«Ես շարունակելու եմ աշխատել, այդ որ ասում են, թե պողպատյա մանդատով են աշխատելու, ինձ մոտ էլ պողպատ կա։ Իշխանություններն ինչպե՞ս կարող են ինձ համար խնդիրներ ստեղծել, պարզապես ինչ ծրագիր գրում ենք, նրանք մերժում են, է հա, թող մերժեն, մենք էլ մեր ուժերով կանենք։ Ես իշխանությունների հրաժարականը պահանջել եմ մեկ պատճառով, որ պարտված իշխանությունն իրավունք չունի կառավարելու երկիրը։ Իմ տեսակետը չեմ փոխել, իշխանությունների հրաժարականը պահանջել եմ ու պահանջելու եմ, նման իշխանություն Հայաստանը չպետք է ունենա»,-եզրափակեց Ռաֆիկ Անդրեասյանը։

Այս խորագրի վերջին նյութերը