Քաղաքական

29.06.2021 21:15


Կյանքը ցույց տվեց՝ Արցախը ոչ թե բեռ է, այլ մեր անվտանգության միջնաբերդը, չկա Արցախ, չկա Հայաստան. Սաղաթելյան (տեսանյութ)

Կյանքը ցույց տվեց՝ Արցախը ոչ թե բեռ է, այլ մեր անվտանգության միջնաբերդը, չկա Արցախ, չկա Հայաստան. Սաղաթելյան (տեսանյութ)

«Հայաստան» դաշինքը հանդես է գալու որպես արմատական ընդդիմություն. շարունակելու ենք պետականության, մեր վիրավոր արժանապատվության վերականգնման համար պայքարել։ Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, «Հայաստան» դաշինքի 1-ին ընդհանուր ժողովի ժամանակ, հայտարարեց դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Մեր քաղաքական օրակարգը նույնն է մնում. Հայաստանում հաստատել ազգային պետականություն, լուծել անվտանգային խնդիրները, վերականգնել երկրի ինքնիշխանությունը։ Թույլ չենք տալու, որ մեր անցյալը սեւացրած, մեր հաղթանակը վաճառած արկածախնդիրները մղջավանջային դարձնեն մեր ներկան եւ հավակնեն զրկել մեզ ապագայից»,-ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ դաշինքն անհանդուրժող է լինելու է լինելու ստի, կոռուպցիայի, ամբարտավանության, սոցիալական անարդարարության հանդեպ։

«Համոզված եմ՝ սրանք ընդունակ չեն ոչնչի, սրանց ձախողումները իրենց մաշկի վրա, ցավոք, զգալու է յուրաքանչյուր հայ ընտանիք։ Սրանք միայն դժբախտություն են բերում եւ մենք սրանց իշխանության վախճանը ամեն օր մոտեցնելու ենք վերջին»,-ասաց Սաղաթելյանը։

Ապա նա անդրադարձավ իր բնորոշմամբ՝ մի դավաճանական ծրագրի, որին պետք է «Հայաստան» դաշինքը հակազդի, որովհետեւ տեւական ժամանակ է՝ ինչ իշխանությունները փորձում են այն իրականացնել։

«Հետեւողականորեն Արցախի Հանրապետությունն ու Արցախի ապագան դուրս է մղվել մեր երկրի ու ժողովրդի օրակարգից։ Արցախն անտերության է մատնվել, Արցախի ու Արցախի պաշտպանության մասին չեն խոսում, այդ ուղղությամբ գործ չեն անում։ Ձեռքները լվացել են Արցախի խնդրից։ Ավելին՝ իրենց դավաճանությունը քողարկելու համար պետական մակարդակով համոզում են մեր ժողովրդին, որ Արցախը բեռ էր, որից ազատվեցին, մենք չպետք է դա թույլ տանք։ Անհրաժեշտ է համաժողովրդական զորաշարժ։ Արցախին մենակ չպետք է թողենք, ու հիմա Արցախը մեր կարիքն ունի, մենք նրա թիկունքը պինդ պահելու խնդիր ունենք։ Կյանքը ցույց տվեց, որ Արցախը ոչ թե բեռ է, այլ մեր անվտանգության միջնաբերդը, չկա Արցախ, չկա Հայաստան։ Մեր համազգային պայքարը, նպատակները սրանք չենք կարողանալու մեզանից խլել, Արցախը մեր հայրենիքն է, Շուշին հայկական է, կա ու կմնա»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը