Լրահոս

16.06.2011 12:09


Հունաստանի վարչապետը նոր կառավարություն կձևավորի

Հունաստանի վարչապետը նոր կառավարություն կձևավորի

Ինչպես հաղորդում է «Agence France-Presse» գործակալությունը, Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն, երեկ ելույթ ունենալով ազգային հեռուստատեսության եթերում, հայտարարել է, թե  արդեն այսօր մտադիր է հունական կառավարությունում նշանակալի վերադասավորումներ անել։

–Ես կձևավորեմ նոր  կառավարություն և վստահության քվեի համար անմիջապես կդիմեմ խորհրդարանին,–ասել է նա։

Վարչապետը չի հստակեցրել, թե որքան արմատական կլինեն վերադասավորումները, որոնց մասին ինքը խոսում էր խորհրդարանական քվեարկության ժամանակ, երբ պատգամավորները քննարկում էին պետական ծախսերի կրճատման մասին օրենքը։

Ավելի վաղ «Ռոյթերս» գործակալությունը հունական կառավարության իր աղբյուրին հղում անելով՝ գրել էր, թե Պապանդրեուն խորհրդարանական ընդդիմության ղեկավար Անտոնիս Սամարասին գործարք է առաջարկել։ Վարչապետը խոսք էր  տվել հեռանալ պաշտոնից և թույլ տալ կոալիցիոն կառավարություն կազմել, եթե ընդդիմադիրներն աջակցեն պետական ծախսերի կրճատման մասին դրույթների ընդունմանը։

Միևնույն ժամանակ Սամարասի «Նոր  ժողովրդավարություն» կուսակցության աղբյուրը հայտնում է, որ կուսակցության ներկայացուցիչները կհամաձայնեն մասնակցել կառավարության ձևավորմանը միայն երկու պայմանի կատարման դեպքում՝ Պապանդրեուի հրաժարականը և ԵՄ–ի ու Միջազգային արժութային հիմնադրամի հետ Հունաստանին օգնությունն տրամադրելու մասին պամյանավորվածության պայմանների  վերանայում։

«Ռոյթերս»–ը հիշեցնում է, որ Հունաստանի խորհրդարանը պետք է վերանայի  5–ամյա ծրագիրը, որը ներառում է հարկերի բարձրացում, պետական ունեցվածքի վաճառք և  համակրանք չվայելող այլ միջոցառումներ, որոնք ԵՄ–ից և ԱՄՀ–ից վարկեր ստանալու  նախապայման են համարվում։

Այս ընթացքում Հունաստանում շարունակվում են բնակչության բողքի գրոծողություններն ընդդեմ պետական ծախսերի կրճատման։ Երեկ բազմահազար ամբոխը բողոքի  գործողություններ է իրականացրել  խորհրդարանի և կառավարական շենքերի  մոտ, իսկ երիտասարդների մի խումբ էլ դյուրավառ խառնուրդով շշեր է նետել ֆինանսների նախարարության շենքի վրա։

Բացի դա, արհմիությունները սկսել են գործադուլը՝ ընդդեմ պետական հատվածում աշխատատեղերի կրճատման ծրագրի։ Երեկ չեն աշխատել հասարակական տրանսպորտը, հեռուստատեսությունը, դպրոցները, կառավարական հաստատությունները։

Հունաստանը, որի պետական պարտքը գնահատվում է 330 մլրդ եվրո, պարտավորությունները խախտելու եզրին է գտնվում։ 2010թ. ԵՄ–ն և ԱՄՀ–ն այդ երկրին 110 մլն եվրո տվեցին, սակայն դա բավարար չեղավ։

Այս խորագրի վերջին նյութերը