Քաղաքական

08.07.2021 16:18


«Դրսի թուրքերն ինձ չեն մտահոգում, նրանք այդ խրամատները, որ փորում են, իրենց գերեզմաններն են փորում, ինձ ներսի թուրքն է մտահոգում». Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

«Դրսի թուրքերն ինձ չեն մտահոգում, նրանք այդ խրամատները, որ փորում են, իրենց գերեզմաններն են փորում, ինձ ներսի թուրքն է մտահոգում». Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Սյունիքի մարզի մի խումբ համայնքապետերի նկատմամբ իրավական գործընթաց է սկսվել: Նախ` Քարահունջ համայնքի ղեկավարին ձերբակալեցին՝ ընտրություններին ընդառաջ սոցիալական աջակցություն բաժանելու և մարդկանց «Հայաստան» դաշինքի հանրահավաքին մասնակցելուն հարկադրելու կասկածանքով, այնուհետև բաց թողեցին, որին հետևեց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին բերման ենթարկելը, իսկ այսօր առավոտյան էլ խուզարկվել է Քաջարանի քաղաքապետի բնակարանը, քաղաքապետ Մանվել Փարամազյանին էլ Սյունիքից տեղափոխեցին Երևան։

168.am-ի հետ զրույցում Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Ահարոն քահանա Մելքումյանն անդրադառնալով Սյունիքի համայնքապետերի նկատմամբ իշխանությունների գործողություններին, նկատեց՝ հարցը քաղաքական է, սակայն այդ ամենը բնորոշելու համար մեկ ժողովրդական խոսք կա՝ պատը փլուզվելուց է փոշի հանում, և երբ փոշին անցնում է, ամեն ինչ պարզ երևում է։

«Ես այս ամենի հետ կապված մեկ պատմական ակնարկ կանեմ։ 1846 թվականին սուլթան Աբդուլ Մեջիդն Արևմուտքից բերեց ավետարանչական աղանդին, տվեց 200 կգ ոսկի և մեկ բան ասաց, որ իրենց և նրանց կրոնը գրեթե իրար նման են, նրանց պետք է իրենց նման դարձնեն։ Գիտե՞ք՝ ինչու բերեց, որովհետև նա տեսել է, որ սրանք զենք բռնող ու կռվող չեն, հանձնվող են։ Սրա հետ էլ կապված մեկ բան ասեմ՝ ուրեմն՝ սատանան զրուցում է մի սատանայապաշտի հետ, տեսնում է, որ դեպի իրենց մի մարդ է գալիս, այդ մարդը գալուց խոնարհվում է և գետնից մի բան է վերցնում, սատայանապաշտը սատանային հարցնում է՝ ի՞նչ վերցրեց, սատանան պատասխանում է՝ ճշմարտության մի մասը։ Մարդն ասում է, բա չե՞ս վախենում, սատանան ասում է՝ ոչ, նա դրանից աղանդ կստեղծի։ Այսօր մենք տեսնում ենք, որ շատ աղանդավորներ զբաղեցնում են բարձր պաշտոններ և ճնշում են եկեղեցուն, սա նշանակում է, որ պատմությունը նորից կրկնվում է։

Այդուհանդերձ, բոլորին հիասթափեցնեմ՝ ես ասել եմ ու կասեմ՝ այս ամենը, ինչ տեղի է ունենում, դա մեր ազգին մեծ օգուտ է բերելու, սա լուրջ եմ ասում։ Թուրքիան՝ որպես պետություն, չի լինելու, Ադրբեջանն էլ, այսինքն՝ դրսի թուրքերն ինչ էլ անեն, չգիտեմ՝ խրամատ կփորեն, ինչ կանեն, իրենց գերեզմաններն են փորելու։ Նրանք ինձ չեն մտահոգում, ինձ ներսի թուրքն է մտահոգում։ Երբեմնի հզոր տերություն Ասորեստանն այսօր չկա, Բաբելոնը, Բյուզանդիան նույնպես չկան, որովհետև երբ իրենք շատ հզորացան, իրենց մեջ ապազգային գաղափարներ դրեցին»,-ասաց քահանան։

Հարցին՝ մտավախություններ չունի՞, որ իրեն ևս կհետապնդեն, քանի որ բազմիցս քննադատել է ներկայիս իշխանությունների գործողությունները, Տեր Ահարոն քահանա Մելքումյանը կրկին հիշեցրեց պատմական մեկ դրվագ՝ նշելով, որ հայոց պատմության մեջ եղել է Տիրան թագավորը, որը եկեղեցու դեմ մեծ արշավ էր սկսել, և բոլորին է հայտնի՝ ինչ վախճան ունեցավ, նույնը՝ նաև Պապ թագավորը։

«Եթե չեմ սխալվում, մեր օրերում ոմանք Պապ թագավորի պատիվն ու արժանապատվությունն իրենց վրա վերցրեցին։ Նա մեր կաթողիկոսին աքսորեց, իսկ Աստվածաշունչն էլ ասում է՝ հիմարի կործանումով իմաստունն ավելի իմաստուն է դառնում։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ինձ մոտ էմիսարներ եկել են այդ հարցերով, ասել են՝ Սորոսից մի խոսի, այս մարդուն բան մի ասա, նրան մի ասա, քեզ կձերբակալեն, այսպես կանեն, այնպես կանեն, բայց կներեք՝ չէ՞ որ Քրիստոս տանող ճանապարհը խաչի ճանապարհն է»,-հավելեց քահանան։

Նա նաև հիշեցրեց, որ երբ 1906 թվականին Սիսիանի Դարպաս գյուղի քահանային գյուղում հաստատված թուրքերը փորձում էին չեզոքացնել, չէին կարողանում, ի վերջո, նրա վիզը կտրեցին։ Գյուղի բնակիչները հավաքվել են ու թուրքերին գյուղից քշել են, անգամ Խորհրդային Միության ժամանակ, երբ բոլորը համերաշխ էին, թուրքը ոտք չդրեց այդ գյուղ։

«Քանանան քահանա չէ, երբ մտնի մի տեղ ու ասի՝ տեղս տաք է, փորս էլ՝ կուշտ, հերն անիծած, թե ինչ կլինի, այդպես չի կարող լինել։ Ես խոսում եմ, երբ անհրաժեշտ պահը գալիս է, լռում եմ, երբ պետք է։ Առուշին ես շատ լավ գիտեմ, ես չեմ ասում՝ նա 100 տոկոս արդար ու ազնիվ է, ես դա ո՛չ իմ, ո՛չ էլ որևէ մեկի մասին չեմ կարող ասել, եթե ես նման բան ասեմ, Աստծո առաջ մեղք կգործեմ, բայց որ Առուշն իր ձգտումների մեջ հայրենասեր ու ազնիվ է, դա փաստ է։

Այս ամենի վերաբերյալ մեկ առակ պատմեմ, իսկ եզրակացությունը թողնեմ ընթերցողին։ Նավով մարդիկ նավարկում են, ափ չհասած՝ նավի հատակից ձայներ են լսում, մարդիկ իջնում՝ տեսնում են, որ նավաստիները ջարդում են նավի հատակը, զարմացած հարցնում են, թե ինչ են անում, նավաստիները պատասխանում են, թե նավապետն է հրամայել։ Նավաստիները պատրաստվել էին, որ երբ նավը խորտակվի, իրենք ծով կնետվեն և կփրկվեն, ի վերջո, ժողովուրդը նավաստիներին ու նավապետին ջուրն են նետում, մի խելամիտ մարդու են վստահում նավի ղեկը, ով նավը հասցնում է ափ»,-եզրափակեց նա։

Այս խորագրի վերջին նյութերը