Քաղաքական

09.07.2021 14:05


Կաշառքի հետ կապված թղթեր են փնտրում, բայց չեն գտնի, ես նման բաների մեջ թաթախված չեմ. Որոտան վարչական տարածքի ղեկավար

Կաշառքի հետ կապված թղթեր են փնտրում, բայց չեն գտնի, ես նման բաների մեջ թաթախված չեմ. Որոտան վարչական տարածքի ղեկավար

Ասում են, որ փնտրում են ընտրությունների հետ կապված փաստաթղթեր, իբր կաշառքին առնչվող: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Գորիսի Որոտան վարչական տարածքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը՝ հավելով, որ իրավապահներն իր տանը վաղ առավոտից մեկնարկած խուզարկությունը դեռ չեն ավարտել:

«Ոչինչ չեն գտել, չեն էլ գտնելու, ինչ ուզում են թող անեն, ամբողջ համայնքը գիտի, որ ես նման բաների մեջ թաթախված չեմ: Իսկ ինչ վերաբերում է սոցիալական աջակցությանը, ապա ժողովուրդը միշտ դիմել է և համայնքապետի որոշումով տրամադրվել է, սա ոչ՛ մի տարվա, ո՛չ 3 տարվա բան չէ, միշտ էլ սոցիալական տարբեր հարցերով դիմել են, օրենքով սահմանված կարգով աջակցություն ստացել եմ»,-ասաց նա:

Սուրեն Օհանջանյանը շեշտեց, որ ինքը չի ընկճվում, վստահ է, որ ամեն ինչ իր բնականոն հունին կվերադառնա:

Նշենք, որ Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սուրեն Օհանջանյանի տան խուզարկությանը՝ նշելով, որ նրա եղբորը պատկանող տունը պատերազմից հետո հանձնվել էր թշնամուն:

«Որոտանի վարչական ղեկավարի տունն են հիմա էլ խուզարկում։ Այս մարդու եղբոր տունը հանձնել են թշնամուն և դարձրել Որոտանում ադրբեջանցիների որջը։ Որ էդպես խուզարկող էիք, այս մարդու գույքը թուրքին հանձնելիս ինչի՞ խուզարկություն չէիք անում։ Էս տղերքը մինչ օրս սահմանային կռիվների մեջ են, ծերացան հոգսից ու խնդիրներից։ Հավեսի չընկնեք հասնեք Շուռնուխի գյուղապետի տանը, հանձնել եք թշնամուն, հո համարձակություն չեք ունենա ադրբեջանցուն խուզարկել»,-գրել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը