Քաղաքական

09.07.2021 19:40


ՍԴ դիմումներ ներկայացրած ուժերը կողմ են, որ նախագահը հրավիրվի ՍԴ՝ որպես վկա (տեսանյութ)

ՍԴ դիմումներ ներկայացրած ուժերը կողմ են, որ նախագահը հրավիրվի ՍԴ՝ որպես վկա (տեսանյութ)

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով ՍԴ դիմումներ ներկայացրած քաղաքական ուժերը կողմ են, որ ՍԴ-ում որպես վկա հրավիրվի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ ցանկանալով ստանալ հարցերի պատասխաններն առ այն, թե ինչու է նախագահը ընտրությունների օր նշանակել հունիսի 20-ը և արդյոք նման որոշում կայացրել է միանձնյա։

Նշենք, որ նման միջնորդությամբ հանդես է եկել ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ առաջարկելով որպես վկա հրավիրել ՀՀ նախագահին, ՄԻՊ-ին։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանն առաջարկեց, որ նշված միջնորդությունը կքննարկվի խորհրդակցական սենյակում՝ ժամը 18։00-ից հետո, իսկ մինչև ժամը 18։00-ն քաղաքական ուժերից առաջինը՝ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը կներկայացնի դիմումի վերաբերյալ բացատրությունը։

«Փաստինֆո»-ի թղթակցի հաղորդմամբ՝ թեև Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ համաձայն է Հրայր Թովմասյանի միջնորդության հետ, կարծում է՝ նախագահը և ՄԻՊ-ը պետք է հրավիրվեն որպես վկա, սակայն ավելի նպատակահարմար կլինի, եթե միջնորդությունները քննարկվեն՝ մինչև իր կողմից դիմումի շուրջ բացատրություն ներկայացնելը, քանի որ աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված նիստը կընդմիջվի, ուստի, ելույթը կիսատ չթողնելու համար ավելի նպատակահարմար կլիներ, որ բացատրությունը ներկայացվեր ավելի ուշ։ Այդուհանդերձ, այն բանից հետո, երբ «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը, «Հայոց Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանը՝ Վանոյի Արտակը, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը պնդեցին, որ նախագահը հրավիրվի ՍԴ՝ որպես վկա, իսկ ՔՊ ներկայացուցիչներն առարկեցին, որոշվեց, որ հարցը կքննարկվի խորհրդակցական սենյակում՝ ժամը 18։00-ին, իսկ Արամ Վարդևանյանը սկսեց ներկայացնել դիմումը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՍԴ-ում այսօր քննարկվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին քաղաքական ուժերի կողմից ներկայացված դիմումները՝ մեկ վարույթով։ ՍԴ-ի կողմից արդեն իսկ սահմանվել է դիմումների ներկայացման հաջորդականությունը, համաձայն որի՝ առաջինը բացատրությամբ հանդես կգան դիմումատուները, հետևյալ հաջորդականությամբ՝ «Հայաստան» «Զարթոնք», «Հայոց Հայրենիք», «Պատիվ ունեմ» դաշինքը, ապա՝ պատասխանող կողմը՝ ԿԸՀ-ն, հարակից պատասխանողները և երրորդ անձը՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունները։

Աղբյուրը՝ pastinfo.am

Այս խորագրի վերջին նյութերը