Քաղաքական

16.07.2021 11:00


Պատերազմի օրերին Առուշը դիրքերում էր, իսկ հիմա ենթարկվում է քաղաքական հետապնդման․ Գորիսի բնակիչ

Պատերազմի օրերին Առուշը դիրքերում էր, իսկ հիմա ենթարկվում է քաղաքական հետապնդման․ Գորիսի բնակիչ

Առուշ Առուշանյանը շատ ոգեւորված էր աշխատում, Գորիսը նրա ընտրվելուց հետո տեսքի է եկել, քաղաքը լուսավորվել է, փողոցային լուսավորություն ենք ունեցել։ Իր ամբողջ էներգիան դրել է քաղաքի կառուցման ու շենացման գործում։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասել է Գորիսի բնակիչ, Գորիսի պետական համալսարանի նախկին դասախոս Մհեր Քումունցը։

Գորիսի բնակչի խոսքով՝ պատերազմի օրերին, երբ իշխանության ներկայացուցիչներից շատերը քաղաքապետարանում կամ մարզպետարանում էին, Առուշ Առուշանյանը դիրքերից չէր իջնում։

«Ինքս պատերազմի ժամանակ ինչքան գնացել եմ քաղաքապետարան, Գորիսում եմ եղել, ոչ մի անգամ նրան չենք տեսել այնտեղ, որովհետեւ ինքը միշտ դիրքերում է եղել։ Մարզպետը եղել է համայնքապետարանում, իսկ ինքը իր խմբի հետ՝ միշտ ոչ միայն մենակ, այլեւ ընտանիքի անդամների ու հարազատների հետ, խրամատում է եղել։ Առուշ Առուշանյանը իր ընկերների, հարազատների հետ նաեւ դիրքեր պարբերաբար օգնություն է ուղարկել, ինչ որ տեսել եմ, դա եմ ասում»,-նշել է Մհեր Քումունցը։

Վերջին օրերին, հիշեցնենք, Սյունիքի որոշ համայնքապետերի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, խուզարկում են նրանց բնակարանները, ձերբակալում, կալանավորում։ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին էլ է մեղադրանք առաջադրվել, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան կալանավորելու համար։ Սյունեցիներից շատերը կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է նրանց նկատմամբ, ովքեր անցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ունեցել են ընդդիմադիր կեցվածք, դեմ են եղել այսօրվա կապիտուլյանտ իշխանություններին, պատերազմի ժամանակ եւ դրանից հետո անգամ պահել են Սյունիքի դիրքերը՝ թույլ չտալով թշնամու առաջխաղացումը։

«Սյունեցիներն առաջինը արձագանքեցին այս պատերազմի եւ դրա վատ հետեւանքների կառավարման մասին, եւ սա պատճառ դարձավ, որ ոչ միայն Առուշանյանի, այլեւ սյունեցիների նկատմամբ էսպիսի բաներ լինեն։ Ցավոք, մեզանում գերակա է իշխանապահությունը, ոչ թե պետություն պահելը։ Տպավորություն է, թե Սյունիքի համայնքապետերը, հայրենիքը պաշտպանելով, մի մեծ մեղք են գործել»,-ասել է Գորիսի բնակիչը։

Նա նշել է, որ յուրաքանչյուր սյունեցի շատ վատ է ընդունում այն երեւույթները, որ հիմա կատարվում են Հայաստանի հարավային դարպասում։

«Վաղը եթե թշնամին կանգնի եւ ասի՝ չի գործում Քարահունջ-Շուռնուխ ճանապարհը, մենք ի՞նչ ենք անելու։ Կանգնելու ենք ասենք՝ էս ի՞նչ լավ էր, էսպե՞ս էր պետք։ Այդպես չի լինելու։ Սյունիքի ու սյունեցիների «վիզը կոտրելով»՝ Սյունիքի ամրությունն են կոտրում։ Ո՞վ է պաշտպանելու վաղը մեր Սյունիքը։ Երիտասարդներին հուսալքում, կոտրում են, ո՞վ է պաշտպանելու»,-ասել է Մհեր Քումունցը։

Ըստ նրա՝ սյունեցիները չեն կոտրվում եւ հանուն արդարության պայքարելու են մինչեւ վերջ։ Բոլոր համայնքապետերն էլ, Քումունցի խոսքով, անցել են պատերազմի թեժ կետերով․ նրանցից՝ տարիքով ավելի ավագ համայնքապետերը մասնակցել են նույնիսկ Արցախի առաջին պատերազմին, վիրավորվել, բայց շարունակել մարտը նաեւ Արցախի վերջին պատերազմում։

«Բոլոր ձերբակալվածներն էլ հայրենասեր, հայրենիքի նվիրյալ մարդիկ են։ Որեւէ մեկը չի լսել, որ նրանք ինչ-որ արտառոց բան են արել։ Եթե կոտոշներ են ման գալիս, ում գլխին ուզեն, կարող են գտնել։ Սա քաղաքական հետապնդում է»,-ասել է Գորիսի պետական համալսարանի նախկին դասախոսը։

Նրա խոսքով՝ Գորիսի քաղաքապետը շատ սոցիալական հարցեր է լուծել բնակավայրի համար, բոլորն էլ գոհ են եղել իրենց ընտրությունից, իր ամբողջ էներգիան է դրել քաղաքի շենացման համար։

«Եթե երկու րոպե նրա մոտ լինեք, «քարն ի՞նչ եղավ, ավազն ո՞ւր է» կլսեք։ Քաղաքը շենացնում էր։ Դա վա՞տ է»,-հավելել է Գորիսի բնակիչը։

Այս խորագրի վերջին նյութերը