Քաղաքական

19.07.2021 09:00


Եթե այսպես շարունակվի, գյուղը հաստատ, 100 տոկոսով կդատարկվի. Կութի գյուղապետ

Եթե այսպես շարունակվի, գյուղը հաստատ, 100 տոկոսով կդատարկվի. Կութի գյուղապետ

Կութի բնակիչները վախենում են տեխնիկա բարձրացնել խոտհարքերը եւ ստիպված ձեռքով են քաղում խոտը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանը` պատմելով, թե ինչքան են դժվարացել գյւողատնտեսական աշխատանքների իրականացումը գյուղում` ադրբեջանցի զինծառայողների գյուղի մոտ դիրքավորվելուց հետո:

«Գյուղացիները գնում են, վախվխելով խոտ են քաղում, չգիտենք` ինչ կլինի: Խոտը գերանդիով են քաղում, վախենում են տեխնիկա տանեն, որ թշնամին չտեսնի: Ադրբեջանցիները էնտեղ դիրքեր են կառուցել, վրանները դրել են, լրիվ տեղավորվել են: Դեռ խոտը քաղում են միայն, չեն բերել ու չգիտենք էլ ինչ պետք է լինի, ոնց պետք է բերենք էդ խոտը»,-ասաց նա:

Տիկին Չիտչյանը ասաց, որ անասուններին էլ արդեն արածեցնելու տեղ չկա, քանի որ եղած արոտավայրերը թշնամու դիրքավորված վայրերի մոտ է, իսկ գյուղի մոտ այնքան են արածացրել, որ արդեն խոտ էլ չկա:

Համայնքապետի խոսքով` կութեցիների հույսը ռուս խաղաղապահներն էին, որոնք էլ չեկան, որպեսզի իրենց ավելի ապահով զգային:

«Սենց ապրել հնարավոր չի, որտեղ նայում ենք, իրանց պոստերն է: Նամանավանդ, որ էս անասուններն էլ գողացան, տարան, բնակիչները ընդհանրապես հիասթափված են: Հլը սպասում են, տեսնեն՝ Կառավարությունը ինչ է ասելու, փոխհատուցում կլինի, թե` չէ: 19 կով մի ընտանիքի է պատկանում, 18 կով մի ընտանիքի, էտի հանաք չի, դա ամբողջ կյանքի ապրուստ է, Կառավարությունից էլ ոչ մի օգնություն չկա: Ընդհանուր առմամբ 5 ընտանիքից 80 կով են տարել: Ընտրություններից առաջ ասացին, որ եթե չկարողանան անասուններին վերադարձնել, փոխհատուցում կտան, ու ոչ մի ձայն դեռ չկա»,-ասաց նա:

Տիկին Չիտչյանը վստահ է, որ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակը եթե հանգուցալուծում չստանա, բնակիչները կլքեն գյուղը, քանի որ հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, իսկ հիմա չեն կարող զբաղվել ընդհանրապես:

«Եթե այստեղ ապրող բնակչին այսպես անտեսում են, պարզ չի՞, որ բնակիչ չի մնալու: Գյուղում դպրոցը, տները նշանառության տակ են, ամեն առավոտ հելնում ենք, իրանց ենք տեսնում, մինչեւ ուշ գիշեր իրանց լույսերը տեսնում ենք, ու այդպես վախվխելով ապրում ենք, Աստծուն գցած ապրում ենք, ում ինչ վեջնա, էնքան որ սահմանը այստեղ պահենք: Էդ 5 ընտանիքը եթե դուրս գան գյուղից, մնացածն էլ կգնան: Եթե այսպես շարունակվի, գյուղը հաստատ, 100 տոկոսով կդատարկվի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ից թշնամին խախտելով հայ-ադրբեջանական սահմանը՝ Սյունիքի և Գեղարքունիքի հատվածներում մի քանի կիլոմետր առաջ է եկել՝ պատճառաբանելով, թե իր տարածքներն է, հետևաբար՝ չի հեռանալու։ Գեղարքունիքի մարզում թշնամին առաջ է եկել Կութ, Ազատ, Նորաբակ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը