Քաղաքական

20.07.2021 18:30


Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Արմեն Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու (տեսանյութ)

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Արմեն Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Արմեն Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, քննարկվում է Արմեն Չարչյանի խափանման միջոցի հարցը։ Պաշտպանները միջնորդել են նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը՝ 10 մլն ՀՀ դրամի չափով։

Դատախազությունը պահանջում է անփոփոխ թողնել «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի նկատմամբ ընտրված խափանմանբ միջոց կալանավորումը։ Մասնավորապես, մեղադրող դատախազ Մարգարյանն առարկեց Չարչյանի խափանման միջոցի փոփոխմանը՝ պնդելով, որ դեռևս առկա են կալանավորման հիմք հանդիսացող խոչընդոտման ռիսկերը։ Ըստ նրա՝ քրեական գործով վկայի կարգավիճակ ունի 280 անձ, որոնցից որպես վկա է դատակոչվել 49-ը։ Մեղադրող դատախազը նկատեց՝ որևէ կերպ կասկածի տակ չեն դնում Արմեն Չարչյանի անձը բնութագրող հատկանիշները, բայց գտնում են, որ դա չի նվազեցնում ազդեցությունը։ Այլ խոսքով՝ դատախազը գտնում է, որ պրոֆեսորն ունի հեղինակություն և կարող է ազդեցություն ունենալ գործի հետագա քննության վրա, ուստի, ըստ դատախազի, միջնորդությունը ենթակա է մերժման, իսկ Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը պետք է մնա անփոփոխ։ Պաշտպան Էրիկ Ալեքսանյանն էլ, արձագանքելով դատախազի առարկություններին, նշեց, որ նախաքննությունն ավարտվել է, հետևաբար այդ հանգամանքով պայմանավորված նվազել է նաև խոչընդոտման ռիսկը։ Փաստաբանը նկատեց՝ եթե խոսքը գնար առհասարակ ռիսկերի բացակայության մասին, միջնորդություն կներկայացվեր առհասարակ խափանման միջոցը վերացնելու մասին։

Արմեն Չարչյանն էլ նշեց, որ յուրաքանչյուր ամիս կատարել է առնվազն 20-30 բարդագույն վիրահատություն, որոնք մյուսները չեն կարողանում կատարել, ամսական հսկում է մոտ 200-250 վիրահատություն, կատարում մոտ 550 խորհրդատվություն, մինչդեռ, ինքը, գտնվելով մեկ ամիս անազատության մեջ, անգործության մատնվելով դա չի արել, մեկ ամիս ՀՀ քաղաքացին զրկված է եղել բարդագույն վիրահատությունների կատարումից։

Կողմերի դիրքորոշումը լսելուց հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 12։00-ին։

Աղբյուրը` Փաստինֆո

Այս խորագրի վերջին նյութերը