Քաղաքական

24.07.2021 19:20


Որոտանի համայնքապետը բժիշկների հսկողության տակ է․ առողջական խնդիրներ ունի

Որոտանի համայնքապետը բժիշկների հսկողության տակ է․ առողջական խնդիրներ ունի

Սյունիքի մարզի Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը, ով հուլիսի 9-ից կալանավորված է՝ առողջական խնդիրներ ունի և գտնվում է բժիշկների հսկողության տակ, նա պահվում է Գորիսի քրեակատարողական հիմնարկում։

168.am-ի հետ զրույցում համայնքապետի եղբայրը՝ Սեյրան Օհանջանյանը, ասաց, որ եղբայրն առողջական խնդիրները ձեռք է բերել Արցախյան ազատամարտի ժամանակ՝ երկրորդ կարգի հաշմանդամ է, ոտքն էլ մեկ ամիս առաջ էին վիրահատել։

«Հիմա ես չգիտեմ, թե կոնկրետ ինչ խնդիրներ են առաջացել, մի շարք առողջական խնդիրներ ունի, բնական է, որ նման բան կառաջանար։ Ասում են՝ երկու ամիս կամ մի քիչ շուտ նախաքննությունը կավարտվի ու նա այդպիսի առողջական խնդիրներով պետք է մնա կալանքի տակ։ Տեսակցություններ դեռևս չեն թույլատրում, շաբաթը մեկ անգամ սնունդ ենք տանում, թողնում»,-ասաց Սեյրան Օհանջանյանը։

Նա նաև նշեց, որ եղբայրը նման առողջական խնդիրներով Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ զենքը ձեռքին դիրքերում է եղել, որի ժամանակ մեկ ոտքն ամբողջությամբ ուռած է եղել։

«Նման առողջական խնդիրներով կարիք չկար նրան տանեին ու պահեին կալանքի տակ»,-եզրափակեց Սեյրան Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ իրավապահները Սուրեն Օհանջանյանին մեղադրում են նտրությունների ժամանակ բնակիչներին կոնկրետ քաղաքական ուժի ընտրելու համար ուղղորդելու և ընտրակաշառք տալու համար:

Այս խորագրի վերջին նյութերը