Քաղաքական

10.08.2021 14:15


Աննա Դանիբեկյանը որոշեց ԱԺ նիստերին մասնակցող Արմեն Գևորգյանին բերման ենթարկել դատարան․ նիստը հետաձգվեց մինչև օգոստոսի 17-ը՝ ժամը 13։00-ն (տեսանյութ)

Աննա Դանիբեկյանը որոշեց ԱԺ նիստերին մասնակցող Արմեն Գևորգյանին բերման ենթարկել դատարան․ նիստը հետաձգվեց մինչև օգոստոսի 17-ը՝ ժամը 13։00-ն (տեսանյութ)
Աննա Դանիբեկյանը որոշեց ԱԺ նիստերին մասնակցող Արմեն Գևորգյանին բերման ենթարկել դատարան
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը կրկին մեկ շաբաթով հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։
Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց հետաձգել նիստը՝ նշելով, որ իր պաշտպանյալն այժմ հանդիսանում է 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր և մասնակցում է օգոստոսի 2-ին մեկնարկած նստաշրջանին․ օբյեկտիվորեն նա հնարավորություն չունի ներկայանալ դատական նիստին։
Ալեքսանյանը նաև տեղեկացրեց, որ Արմեն Գևորգյանը, «Հայաստան» խմբակցության որոշմամբ, առաջադրվել է ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու: Ներկայումս ԱԺ-ում ընթանում է մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների գործընթացը։ Բացի այդ, «Հայաստան» խմբակցությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ պատգամավորի անձեռնմխելիության հարցի կապակցությամբ։
Դատարանը ոչ հարգելի համարեց Արմեն Գևորգյանի բացակայությունը, իսկ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը միջնորդեց դատավարական հարկադրանքի միջոց կիրառել և Գևորգյանին բերման ենթարկել հաջորդ դատական նիստին։ Պաշտպան Ալեքսանյանը հիշեցրեց, որ ներկայումս Արմեն Գևորգյանն ունի նոր կարգավիճակ․ նա անձեռնմխելի է, և հարկադրանքի որևէ միջոց առանց ԱԺ-ի թույլտվության իր նկատմամբ չի կարող կիրառվել։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, իր հերթին, ընդգծեց, որ ԱԺ-ում ընթացող նիստերը նախատեսված են Սահմանադրությամբ և մեկ անձի որոշմամբ չեն նշանակված։ Բացի այդ, խորհրդարանում նախատեսվում են քվեարկություններ, իսկ ԱԺ փոխխոսնակի ընտրությունները ցույց տվեցին, որ նույնիսկ մեկ անձի բացակայությունը կարող է որոշիչ դեր խաղալ։ «Եթե սա դառնա դատական պրակտիկա, ապա լուրջ քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալու մեխանիզմ կարող է դառնալ»,-ասաց Ռոբերտ Քոչարյանն՝ առաջարկելով տարանջատել ԱԺ և դատարանի նիստերի օրերը։
Դատավոր Դանիբեկյանը հայտարարեց, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել հաջորդ դատական նիստին Արմեն Գևորգյանի ներկայությունն ապահովելու համար և որոշեց նախկին փոխվարչապետին հաջորդ նիստին բերման ենթարկել դատարան։
Այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև օգոստոսի 17-ը՝ ժամը 13։00-ն։

Այս խորագրի վերջին նյութերը