Քաղաքական

20.08.2021 21:45


Ծրագիր կոչվածն ընդամենը բառակույտ է, որը հիմք է տալու իշխանական խմբակին տարբեր առիթներով մանիպուլյացնել հանրությանը. ԱԺ պատգամավոր

Ծրագիր կոչվածն ընդամենը բառակույտ է, որը հիմք է տալու իշխանական խմբակին տարբեր առիթներով մանիպուլյացնել հանրությանը. ԱԺ պատգամավոր

Օրերս կառավարության հերթական նիստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ՀՀ կառավարության 2021-26 թվականների գործունեության ծրագիրը:

Գործադիրի ծրագրի՝ տնտեսությանն առնչվող հատվածում մասնավորապես նշվում է, որ 2020 թվականի ճգնաժամերի՝ համավարակի, դրա հետևանքով համաշխարհային տնտեսական ճգնաժամի և Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքները ծանր հարված են հասցրել Հայաստանի տնտեսությանը՝ ընդհատելով տնտեսական աճի բարձր տեմպը․ 2020 թվականն ավարտվեց 7.4% տնտեսական անկմամբ:

Ծրագրից նաև տեղեկանում ենք, որ ՀՀ տնտեսությունը մտել է վերականգնման փուլ, այնուհետև ծանոթանում ենք կառավարության տնտեսական քաղաքականության նպատակներին՝ տնտեսական հնարավորությունների ընդլայնման, դրանց հավասար հասանելիության ապահովման, մարդու ստեղծարար հմտությունների զարգացման և իրացման միջոցով միջին խավի բարեկեցության աճի ու աղքատության կրճատման, արտահանումը խթանող պայմանների ապահովման ու միջավայրի ձևավորման մասին:

Հնգամյա միջոցառումների այս ցանկի տնտեսական հատվածի կուլմինացիան, իհարկե, կառավարության տնտեսական թիրախներն են. «ՀՆԱ-ի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը՝ 7% (բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում՝ 9%), ֆորմալ հատվածի ոչ պետական ոլորտի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ֆոնդը՝ ՀՆԱ-ի 25%, 10%-ից ցածր գործազրկության մակարդակ»:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի գնահատմամբ, սակայն, ծրագրում ու ծրագրից դուրս պարբերաբար հնչեցվող խոստումնալից ցուցանիշները կեղծ օրակարգ են սպասարկում, որի նպատակն իրական օրակարգերից շեղելն է:

«Քաղաքական խմբակը, որը 2018-ից ղեկավարում է մեր երկիրը, պետությունը հասցրել է հումանիտար ճգնաժամի, այսինքն՝ ըստ էության, մեր երկիրը կանգնած է գոյատևման խնդրի առջև՝ արտաքին մարտահրավերներ, անվտանգության խնդիրներ և այլն:

Քանի դեռ մեր երկրում ստեղծված չեն պայմաններ արժանապատիվ խաղաղության համար, անիմաստ է ընդհանրապես խոսել տնտեսական ցուցանիշների մասին: Իրական սպասումները շարունակական բացասական են լինելու, որովհետև որևէ իրական ներդրում, և որևէ իրական առաջընթաց չի կարող լինել այնպիսի պայմաններում, որում մենք հիմա գտնվում ենք:

Այսպիսի իրավիճակում նման թվեր հնչեցնելը մանիպուլյացիա է, կեղծ օրակարգ, որի նպատակն է շեղել այն հիմնական օրակարգերից, որոնց մասին նշեցի»,-168.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը:

Թադևոս Ավետիսյանը հիշեցրեց, որ նմանատիպ խոստումներ Նիկոլ Փաշինյանը հնչեցնում էր նաև 2018 թվականին, մինչդեռ այսօր ականատեսն ենք հակառակ պատկերի.

«Օրինակ, ծայրահեղ աղքատությունն արդեն, ըստ իրենց խոստումների, մեր երկրում պետք է վերացած լիներ, իսկ մենք ունենք ծայրահեղ աղքատության, աղքատության էական աճ անցնող 3-3.5 տարիներին»:

Դիտարկմանը, թե կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուն՝ Վահան Քերոբյանը, ի պատասխան նման քննադատությունների՝ վկայակոչել է կապիտուլյացված երկու երկրների՝ Ճապոնիայի և Գերմանիայի օրինակները, որոնք կարողացել են պարտությունից հետո ապահովել թռիչքաձև տնտեսական աճ, կարողացել են դառնալ աշխարհի զարգացած երկրներից, և հարցադրումին, թե այս տեսանկյունից ինչպե՞ս է գնահատում Հայաստանի շանսերը, պատգամավորն արձագանքեց.

«Այդ համեմատությունը բացարձակ տեղին չէ և որևէ կապ չունի մեր երկրի իրողությունների հետ՝ նախևառաջ, օրինակ, այնպիսի երկրներում, որտեղ կապիտուլյացիա և պարտություն է լինում, ղեկավարները կամ ինքնասպան են լինում, կամ օր առաջ հեռանում են (տարբեր կերպ՝ ելնելով ազգային առանձնահատկություններից), իսկ մեր երկրում դեռևս շարունակում է ղեկավարել երկիրը: Հավելեմ նաև, որ այդ երկրներում հաջողությունը կախված է եղել ծրագրային մոտեցումներից՝ ազգային շահերից բխող օրակարգերով, իսկ այստեղ ծրագիր կոչվածն ընդամենը բառակույտ է, որը հիմք է տալու այդ իշխանական խմբակին տարբեր առիթներով մանիպուլյացնել հանրությանը»:

Այս խորագրի վերջին նյութերը