Քաղաքական

27.08.2021 10:49


ԱԺ հանձնաժողովներում շիլա-շփոթ է

ԱԺ հանձնաժողովներում շիլա-շփոթ է

Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովների կազմերն արդեն ձևավորվել են։ Այդ կազմերի ուսումնասիրությունն ուշագրավ եզրահանգումների առիթ է տալիս։

Օրինակ՝ որ հանձնաժողովներում ՔՊ-ականները շատ են, տրամաբանական է, ամենամեծ ուժն է, բայց թե ով ինչ հանձնաժողով է ընտրել, այ դա է ուշագրավ։

Իհարկե՝ կան մարդիկ, որոնք ոչ մի ոլորտից գլուխ չեն հանում, որտեղ էլ մտնեն, տապալելու են։ Կան մարդիկ, որոնք իրենց ոլորտներն արդեն փառավորապես տապալել են և անցում են կատարում այլ ոլորտներ։

Օրինակ՝ մեծն աներձագ Հրաչյա Հակոբյանը, որը հայտնի է որպես ֆիլմերում մասսայական տեսարանների դերասան, տարօրինակ կերպով ոչ թե ընդգրկվել է կրթության, գիտության, մշակույթի հանձնաժողովում, այլ՝ առողջապահության։

Խոշոր գործարար Գուրգեն Արսենյանը, զարմանալիորեն, ոչ թե ֆինանսական կամ տնտեսական հանձնաժողովն է ընտրել, այլ՝ արտաքին հարաբերությունների։

Իհարկե՝ նույնությամբ անհասկանալի է, թե արտաքին հարաբերությունների հետ ինչ կապ ունի Էդուարդ Աղաջանյանը․ նա չկարողացավ արտաքին հարաբերությունների վերաբերյալ որևէ հարցի պատասխանել, բայց ընտրվեց հանձնաժողովի նախագահ։

Սուքիասյան Խաչատուրը, որը ևս օլիգարխ է, ընտրել է տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովը, ոչ թե սոցիալական, տնտեսական կամ ֆինանսական։

Կամ, ասենք, Սիսակ Գաբրիելյանը․ եթե ԱԺ դահլիճում կռիվ է, ծեծկռտուք է, ուրեմն առաջին շարքերում այս երեսփոխանն է, բայց դե մարդն ընտրել է ԿԳՄՍ հանձնաժողովը ու ոչ ավել ոչ պակաս՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Հիմա նրանից ո՞վ ու ի՞նչ պետք է կրթվի։

Ի՞նչ կապ ունի Թորոսյան Արսենը եվրոպական ինտեգրման հանձնաժողովի հետ։ Նա առողջապահության նախարար է եղել։ Հասկանում ենք, որ այդ հանձնաժողովում չընդգրկվելը միմիայն միջանձնային հարաբերությունների, ասել է, թե՝ մարդավարի շփման բացակայության խնդիրն է։ Բայց գուցե նաև պատճառն այն է, որ մարդը հասկացե՞լ է, որ առողջապահության ոլորտը լրիվ տապալել է ու դրա համար էլ անցում է կատարում եվրոպական ինտեգրման ոլորտ, էնտեղ էլ տապալելու բաներ կան։

Ղահրամանյան Նարեկը ի՞նչ կապ ունի տնտեսական հանձնաժողովի հետ․ սրան, հիշում ենք, երբ հարցնում էին, թե խոտհարքերը հանձնել եք թշնամուն, անասուններ ո՞նց պահեն մարդիկ, պատասխանում էր՝ թող էնպիսի գոմեր սարքեն, որոնք խոտ այնքան էլ չեն պահանջում։

Փաշինյանի քավորի եղբայր Վահե Ղալումյանը շաբաթը մեկ հայտարարում է, որ Տավուշում կան ադրբեջանական գյուղեր, մեր երկրում ադրբեջանական տարածքներ կան։ Ու էս մարդուն քրեական պատասխանատվության ենթարկելու փոխարեն նշանակեցին տարածքային կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ։

Որդուն կասկածելի հանգամանքներում բանակից ազատած Անդրանիկ Քոչարյանը, բնականաբար, պաշտպանության հանձնաժողովում որևէ անելիք չէր ունենա, եթե մենք ունենայինք նորմալ Ազգային ժողով։

Մի խոսքով, սա հանձնաժողովների վրա թեթև անդրադարձն է՝ հպանցիկ հայացքով, ավելի խորքային ուսումնասիրությունը շատ ավելի խորը բաներ կբացահայտի։

Որ ասում ենք՝ Փաշինյանը կադրային հարցերում զրոյական մակարդակում է, սա՛ նկատի ունենք։ Եվ փաստենք, որ, որ հենց այսպիսի կադրային կառավարությունը բերեց Հայաստանի կործանմանը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը