Քաղաքական

03.10.2021 09:23


«Թշնամին ձմռանն է նախապատրաստվում՝ դոմիկներ է տեղադրել, Քարվաճառից էլ վառելափայտ է բերում»․ Սոթքի բնակիչ

«Թշնամին ձմռանն է նախապատրաստվում՝ դոմիկներ է տեղադրել, Քարվաճառից էլ վառելափայտ է բերում»․ Սոթքի բնակիչ

Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի բնակիչ Արմեն Մարտիրոսյանը մայիսի 12-ից սկսած ամեն առավոտ տան դուռը բացելուն պես դիմացի սարերին տեսնում է թշնամու զինվորներին և 168.am-ի հետ զրույցում մանրամասն պատմեց, թե ինչպես են ադրբեջանցիներն արդեն ձմռանը նախապատրաստվում։

«Հարևանի հեռադիտակը բերում, նայում ենք, պարզ երևում է իրենց շարժը։ Նախկինում սարերի վրա վրաններ էին տեղադրել, հիմա մի քանի վրան է մնացել, բերել, դոմիկներ են տեղադրել, Քարվաճառից էլ փայտ են բերում՝ ձմեռվա վառելիք։ Մի խոսքով՝ թշնամու զորքերը նստել, մնացել են, նրանք ոչ էլ գնալու են․․․»,-պատմեց Արմենը։

Նա ասաց, որ ինչպես Սոթքի, այնպես էլ հարևան գյուղերի՝ Կութի, Նորաբակի բնակիչներն այսօր սոցիալական լուրջ խնդիրների առաջ են կանգնել՝ թշնամին ամռանը միտումնավոր հրդեհեց խոտհարքները, գողացավ գյուղացիների անասունները: Իսկ մեր երկրի իշխանությունները մեկ գրչի հարվածով Քարվաճառը հանձնեցին թշնամուն, որտեղից գյուղացիները բերում էին վառելիքը․

«Կյանքն այստեղ ահավոր դժվարացել է․․․ Վառելիք չկա, այն ժամանակ ժողովուրդը գոնե Քարվաճառից փայտ էր բերում, հիմա դա էլ չկա, տվեցին․․․ Շատ ահավոր վիճակ է։ Խոտի մի տուկը դարձել է 2000 դրամ, մարդիկ չեն կարողանում նման գնով խոտ առնեն, ստիպված անասուններին մորթում են։ Այն ժամանակ Քարվաճառից, Վերին Շորժայից, Կութ գյուղից խոտ էինք բերում, բայց որ թշնամին եկավ նստեց, չթողեց խոտ քաղենք, գնում ես մոտիկ՝ կրակում են․․․»։

Սոթքի բնակիչը դժգոհեց, որ գոծող իշխանությունը, փոխանակ գյուղացիների անվտանգությունն ապահովի, սոցիալական աջակցություն տրամադրի, հապճեպ համայնքները խոշորացնելու որոշում կայացրեց․

«Համայնքների խոշորացումը մեզ համար անընդունելի էր, կամ որ ասում էին՝ հանրային լսումներ կլինեն, էս կլինի, էն կլինի, գյուղացիների խոսքն էլ կլսենք․ ոչ մեկն էլ մեր կարծիքը չհարցրեց, ինչ ուզում՝ այն էլ անում է այս իշխանությունը․․․»։

Կութի գյուղապետ Սիմա Չիտչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ընդհանուր իրավիճակն այս պահին գյուղում համեմատաբար հանգիստ է, իսկ ինչ վերաբերում է ռուս սահմանապահների՝ Կութում տեղակայվելուն, ասաց, որ իրենց որևէ բան չեն ասում։

Անդրադառնալով համայնքների խոշորացման նախագծին, որը նախորդ շաբաթ Ազգային ժողովի իշխանական մեծամասնությունն առանց ընդդիմության մասնակցության քվեարկեց և ընդունեց, Սիմա Չիտչյանն ասաց, որ Կութում բոլորն էլ դեմ են համայնքների խոշորացմանը, բայց․

«Եթե որոշումն արդեն ընդունվել է, ժողովրդի ձեռքն էլ ի՞նչ կա, որ անեն, ոչ մի բան։ Բնակչին այսօր ո՞վ է հարցնում՝ համաձա՞յն են, թե՞ ոչ։ Մեր գյուղում հանրային քննարկում չի էլ եղել»։

Հիշեցնենք, որ թշնամին շուրջ 5 ամիս դեպի ՀՀ տարածք ներթափանցել և տեղակայվել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։ Այս ընթացքում բազմաթիվ միջադեպեր են գրանցվել, հայկական կողմը զոհեր և վիրավորներ է ունեցել։

Այս խորագրի վերջին նյութերը