Խմբագրական

20.04.2009 10:01


Այդ դառը բառը՝ ցեղասպանություն

Այդ դառը բառը՝ ցեղասպանություն

Ընդամենը մի քանի օր, և բոլորս կհամոզվենք, որ ԱՄՆ-ի և՛ «սպիտակ», և՛ «սև» նախագահները՝ նույն «գույնի» են։ Ասել է, թե Բարաք Օբաման, ապրիլի 24-ին, չի օգտագործի «Հայոց ցեղասպանություն»  ձևակերպումը։ Բայց, ի տարբերություն նախորդ դեպքերի, այս անգամ Սպիտակ տան ղեկավարը  հղում կանի մեզ, իսկ ավելի ճիշտ՝ մեր իշխանությունների «ֆուտբոլային դիվանագիտությանը» և կոչ կանի շարունակել հայ-թուրքական բանակցություններն ու հաղթահարել պատմական ողբերգությունը։ Այսինքն, Օբաման իր խոստումը չկատարելու պատճառ կբերի ՀՀ իշխանությունների «նախաձեռնողականությունը» և գործին չխանգարելու ցանկությունը։ Եվ վերջ։

            Անշուշտ, եթե ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում իր ունեցած հայտնի ելույթի ժամանակ կողմ չարտահայտվեր Հայոց ցեղասպանության ուսումնասիրման հայ և թուրք պատմաբանների     հանձնաժողովի ստեղծմանը, միևնույն է Օբաման չէր օգտագործելու ցեղասպանություն բառը։ ԱՄՆ-ում առաջնորդվում են իրենց պետական շահերով, այլ ոչ թե պատմական արդարության հիպոթետիկ սկզբունքներով։ Բայց հիմա ԱՄՆ-ի նախագահը, մեր նախագահի թեթև ձեռքով, լեգիտիմ հնարավորություն է ստացել խուսափելու՝ ամերիկահայ ընտրողներին տված խոստումը կատարելուց։ «Թող հայ և թուրք պատմաբանները ևս մեկ անգամ ուսումնասիրեն 1915-ի դեպքերը, իսկ դրանից հետո մեր  հայտարարելը կա ու կա։ Համ էլ ՀՀ  նախագահը հիմա «ֆուտբոլ» է խաղում Թուրքիայի իր կոլեգայի հետ։ Եկե՛ք չխանգարենք»,- մոտավորապես այս մոտիվներով կբացատրի ցեղասպանության չարտասանությունը Օբաման և սևերես դուրս չի գա իր ամերիկահայ ընտրողների առջև։ Եվ ճիշտ էլ կանի։ Եթե մենք ենք «քիրվայությունը» դարձնում լոզունգ, որպեսզի ներքին լեգիտիմության դեֆիցիտը լրացնենք,  ապա ուրիշներից ի՞նչ ենք պահանջում։ Եվ, բացի այդ, մենք՝ հայերս, պետք է հստակ պատկերացում ունենանք, թե ի՞նչ ենք ուզում աշխարհից, այն դեպքում, երբ մեր Տան ներսում հստակություն չկա։ Ենթադրենք ԱՄՆ-ի նախագահն օգտագործեց ցեղասպանություն բառը։ Հետո՞։ «Հետոյի» քայլերը մշակե՞լ ենք։ Հարցրե՛ք ձեզ շրջապատող մարդկանց, թե  ի՞նչ են հասկանում Հայոց ցեղասպանության ճանաչման տակ և ի՞նչ է ենթադրվում, որ պիտի լինի, ասենք, ԱՄՆ-ի նախագահի՝ ցեղասպանություն բառի օգտագործումից հետո ու կհամոզվեք, որ տարբեր, միմյանց հակասող  տեսակետներ կան։ Դրա համար էլ պետք չէ դրսից արդարություն մուրալ, իսկ կարևորագույն հարցերում ընդհանրական պատկերացում չունենալ ներսում։ 

Շատ ենք սիրում ասել, որ ճակատագրով նման ենք հրեաներին։ Ճակատագրով՝ միգուցե, բայց ես չեմ տեսել հրեա, ով տարբերվող մոտեցում ունի Հոլոկոստի հարցում և կողմ է գերմանահրեական պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը։

                                                                                                           Անդրանիկ Թևանյան

Հ.Գ.։  Փաստորեն, ժողովրդավարության առաջամարտիկ համարվող ԱՄՆ-ում էլ են ընտրակաշառք բաժանում։ Այնտեղի «ընտրակաշառքը» նախագահացուներից կամ երեսփոխաններից տեղի հայերը վերցնում են՝ ցեղասպանություն բառն արտասանելու հավաստիացման տեսքով։  Ու ինչպես այստեղ են «քթից բերում» տված ընտրակաշառքը՝ 5 հազար դրամ տալով ու հետագայում ապարանքները թանկացնելով, այնպես էլ ԱՄՆ-ում են «քցում» ընտրողներին՝ խոստանալով ու չօգտագործելով  «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը։ Բայց ինչպես Հայաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում, ընտրակաշառքի կարոտ էլեկտորատը, մեծ խանդավառությամբ է սպասում հաջորդ ընտրություններին։  Այդ առումով՝ Հայաստանում ու Միացալ Նահանգներում ընտրող-ընտրվող հարաբերություններն ընթանում են փոխադարձ «շուստրիության» պայմաններում։ Կողմերը գոհ են մնում։ Կոպիտ դար է, կոպիտ բարքեր...   

Այս խորագրի վերջին նյութերը