Քաղաքական

21.10.2021 11:33


Դեկտեմբերին ընտրությունների բում է սպասվում․ «Հրապարակ»

Դեկտեմբերին ընտրությունների բում է սպասվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներն իշխանություններին ստիպել են կոշտացնել ռազմավարությունը և դեկտեմբերյան ընտրություններին կենաց-մահու կռիվ են տալու։ Մարզային կառույցներին արդեն ասվել է, որ փող ու ռեսուրսներ չխնայեն և վերանայեն որոշ թեկնածուների առաջադրման նպատակահարմարությունը։

Նոյեմբերի ընտրությունների պահն արդեն բաց են թողել` առաջադրումներն ավարտվել են, սակայն այսօրվանից սկսվելու են դեկտեմբերի 5-ի ընտրությունների առաջադրումները։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին ընդամենը երեք խոշոր համայնքներում են ընտրություններ նշանակված՝ Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում և Նիկոլ Փաշինյանի հայրենի Իջևանում, որտեղ, հիշեցնենք, մոտ 2 տարի է՝ քաղաքապետի ԺՊ է պաշտոնավարում։

Իսկ դեկտեմբերին ընտրությունների բում է սպասվում, ինչը պայմանավորված է իշխանությունների քաղաքական որոշմամբ, այն է՝ համայնքների մասսայական խոշորացման գործընթացով, ինչը նշանակում է վերադարձ նախկին Սովետական Միության շրջանային կառավարման սկզբունքին։

Մեր տեղեկություններով՝ իշխանությունները նոյեմբերյան ընտրություններին ընդառաջ ողջ ուժերը կենտրոնացրել են Կապանում, որտեղ ՔՊ թեկնածուն վարչապետի աշխատակազմի ղեկավար, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի սանիկն է` նկարիչ Դավիթ Դանիելյանը, ում զբաղեցրած ամենաբարձր պաշտոնը ԿԳՄՍ նախարարի, ապա ՊՎԾ պետի օգնականն է, իսկ հունիսի 20-ից` ՔՊ պատգամավոր:

Եվ հիմա ՔՊ մեծամասնությունը վստահ է, որ, Գորիսի պես, Կապանում էլ են պարտվելու, քանի որ Դանիելյանի մրցակիցը կապանցիների սիրելի Գևորգ Փարսյանն է, որն առաջադրվել է «Շանթ դաշինքի» ցուցակով։ Ստեփանավանում ՔՊ-ի հույսը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն է, որն այդ պաշտոնին նշանակվեց պատերազմից հետո՝ նոյեմբերի 25-ին, քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի մահվանից հետո։

Իշխող թիմում հույս ունեն, որ մեկ տարում նա ոտքն այնքան է պնդացրել, որ վարչական լծակների շնորհիվ կընտրվի։ Այստեղ երեք ուժ է մրցակցելու․ ԲՀԿ-ն ներկայանում է կուսակցության տարածքային կառույցի ղեկավար Հարություն Ղարագյոզյանի առաջնորդությամբ։ Մասնակցում է նաև ՀԱԿ-ը։

ՔՊ-ական պատգամավորներ Արփի Դավոյանը և մյուսներն արդեն մի քանի շաբաթ է՝ հայրենի Ստեփանավանում ակտիվ նախընտրական քարոզարշավ են իրականացնում, իսկ վերջին օրերին, մեզ ասացին, աշխատում են շուրջօրյա գրաֆիկով, որպեսզի Ստեփանավանը ձեռքից բաց չթողնեն։

Ինչ վերաբերում է Իջևանին` այստեղ կմրցեն ՔՊ-ն և Դաշնակցությունը, համայնքապետի ԺՊ Արթուր Ճաղարյանը, որը մարզպետ Ղալումյանի ընկերն է, ՀՅԴ-ի թեկնածուն քաղաքի ավագանու անդամներից է։ 3 համայնքում ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման համար կառավարությունը ոստիկանությանն է հատկացրել 25 մլն 249 հազար դրամ։ Որոշումն ընդունվել է գործադիրի սեպտեմբերի 2-ի նիստում։

Եթե նոյեմբերյան ընտրությունների առաջադրումներն այլևս անշրջելի են, և այդ փուլն ավարտվել է, ապա դեկտեմբերին տասնյակ համայնքներում սպասվող ընտրություններին իշխանությունը դեռ ծանրութեթև անելու ժամանակ ունի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը