Քաղաքական

29.10.2021 13:09


ՌԴ դեսպանը եռակողմ փաստաթղթի ստորագրման վերաբերյալ ամբողջական տեղեկություն չունի. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

ՌԴ դեսպանը եռակողմ փաստաթղթի ստորագրման վերաբերյալ ամբողջական տեղեկություն չունի. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Երկար ժամանակ է` մենք ԱԺ ենք հրավիրում համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին մտահոգիչ հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու համար, և շուրջ երկու ամիս ԱԺ ղեկավարությունը և գործադիրը չէին կարողանում դա կազմակերպել։ Ստիպված մենք հրատապ հարցով քննարկում կազմակերպեցինք։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Մենք եկանք այն եզրակացությանը, որ նման հարցերի քննարկմանը լավ կլինի, որ գերատեսչությունների ղեկավարները ներկայանան, քանի որ ներկայացված անձիք լիարժեք չէին տիրապետում իրավիճակին»։

Օհանյանը նշեց, որ ընդդիմադիր երկու խմբակցությունների համատեղ հայտարարությունը չընդունվեց, քանի որ այնտեղ հստակ մեսիջներ կային Արցախի ինքնորոշման վերաբերյալ։

Հարցին` հանդիպում եղել է ԱԺ-ում ՌԴ դեսպանի հետ, և ինչ է քննարկվել, Օհանյանը պատասխանեց.

«ՌԴ դեսպանի հետ հանդիպել ենք խորհրդի կազմով, քննարկել ենք իրադրությունը, ներկայացրել մեր խմբակցության տեսակետները` ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի մասին և կարևորել հայ-ռուսական համագործակցությունը, խոսել ենք միացյալ զորախմբի, սահմանապահ գործունեության մասին և այլն։ Մեր հարցադրմանը ի պատասխան` դեսպանը նշել է, որ հնարավոր եռակողմ փաստաթղթի ստորագրման վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն չունի»։

Անդրադառնալով հարցին` ինչ սպասելիքներ կան քննիչ հանձնաժողովի գործունեությունից, խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նշեց.

«44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողով մինչ օրս չի ստեղծվել, որովհետեւ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը իշխող խմբակցության դիրքավորումից ելնելով` ունի մեկ վճռական ելակետ, և դա Արթուր Ղազինյանին չընտրելն է, Դոնթի բանաձևի անտեսումը և այլն։ Այն հրատապ քննարկումը, որը մենք կազմակերպեցինք ԱԺ-ում, նման քննարկում դուք չեք տեսել, օրինակ, Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում, որովհետև այդ հանձնաժողովի նախագահը օբյեկտիվորեն ունի որոշակի կաշկանդվածություն։ Մեկ տարի առաջ այս նույն ժամանակահատվածում նա նույն «Հաղթելու ենք» թեզի ջատագովներից էր, և 44-օրյա պատերազմի արհավիրքը անցել է այդ անձի անմիջական մասնակցությամբ, այդ պատճառով էլ խուսափում են քննիչ հանձնաժողովի ձևավորումից»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից արված այն հայտարարությանը, որ իր հրամանով են զինվորները հետ քաշվել Սյունիքից, Օհանյանը նշեց.

«ՀՀ իշխանությունները և գերագույն հրամանատարի պարտականությունները կատարողը պետք է ռազմական կառավարման ընթացակարգերին համապատասխան իրականացներ այդ ամբողջ գործունեությունը, ձևավորեր կառավարման օրգան, ունենար իր կառավարման կետը և այդտեղից էլ պետք է լինեին հրահանգները` թե' գրավոր, թե' բանավոր։ Փաշինյանի պատասխանից չերևաց, թե ինչ օրգանի միջոցով է նա այդ որոշումը ընդունել։ Եթե ունենայինք նորմալ ղեկավար, նա պատերազմի չվերսկսելու նպատակով հրահանգ կտար զորքերը կանգնեցնել գոնե ռազմավարական նշանակության հատվածներում, որոնք հետագայում կարող էին դառնալ դելիմիտացիայի և դեմարկացիայի առարկա։ Դժվար է լինելու թուրքին իր կանգնած տեղից հետ շպրտելը»։

Հարցի վերաբերյալ Արամ Վարդևանյանը նկատեց, որ այս հարցը պետք է ուղղել նախ Գլխավոր դատախազությանը։

«Կարո՞ղ է Դատախազությունը մեզ հուշել, թե որտեղ է գրված, որ ՀՀ ԶՈՒ-ն կարող է բանավոր ցուցումով մեր տարածքային, սահմանային անձեռնմխելիությունից հետ քաշվել, և որտեղ է գրված, որ վարչապետը կարող է նման բանավոր որոշումներ և հրամաններ տալ։ Գլխավոր հրամանատար լինելը ՀՀ սահմանները պահելու պարտականությունն է, ոչ թե զիջելու։ Հակառակ դեպքում կոչվեր, օրինակ, գերագույն, գլխավոր զիջող, նահանջող, այլ ոչ թե հրամանատար»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը