Քաղաքական

06.11.2021 11:55


Նիկոլ Փաշինյանի իշխանության գինը վճարվում է մարդկային կյանքով

Նիկոլ Փաշինյանի իշխանության գինը վճարվում է մարդկային կյանքով

Որևէ երկրում որևէ իշխանության գործունեությունը գնահատվում է նաև, իսկ գուցե առաջին հերթին՝ ֆորսմաժորային իրավիճակներում դրա գործունակության ու արդյունավետության տեսանկյունից։ Սովորական, հանգիստ պայմաններում իշխանավարելն առանձնապես մեծ բարդություն չի ներկայացնում՝ մշակվում են քիչ թե շատ նորմալ ծրագրեր, ծախսվում են բյուջետային միջոցներ, պահպանվում են աշխարհի ու տարբեր երկրների հետ հարաբերությունները, և այլն։

Միանգամայն այլ է ֆորսմաժորային իրավիճակների պարագան, երբ իշխանությունը ցույց է տալիս՝ որքանով է ունակ կառավարելու պետությունը ոչ ստանդարտ պայմաններում։

Վերջին երկու տարիներին Հայաստանն ապրում է հենց այդպիսի՝ ֆորմաժորային պայմաններում։ Առաջին ու շարունակվող ֆորսմաժորը կորոնավիրուսի համավարակն է, որն ամեն օր տասնյակ կյանքեր է խլում, երկրորդ՝ շատ ավելի ողբերգական հետևանքներ ունեցած ֆորսմաժորը 44-օրյա պատերազմն էր՝ առնվազն 4000 զոհերով, հարյուրավոր հաշմանդամներով ու խեղված ճակատագրերով, հազարավոր անտուն դարձած քաղաքացիներով։

Իսկ ինչպե՞ս է իրեն դրսևորել Հայաստանի իշխանությունն այս երկու աղետալի ու մահաբեր ֆորսմաժորային իրավիճակներում։ Երկուսն էլ տապալել է կատարելապես։ Պատերազմում Արցախն ու Հայաստանը պարտվել են ոչ միայն ուժային անհավասարության, այլ նաև այն պատճառով, որ Հայաստանի պետական կառավարման համակարգը, ընդհանրապես պետությունը՝ որպես մեկ ամբողջություն, չի բերվել միայն պատերազմական իրավիճակին բնորոշ ռեժիմին։

Պատերազմները վարում են պետությունները, սակայն անցած տարի ադրբեջանաթուրքական ուժերի դեմ կռվում էր ոչ թե Հայաստանը՝ որպես պետություն, այլ միայն ՀՀ բանակի մի հատվածը, որը պետական համակարգի մի մասնիկն է միայն։ Եվ այն ժամանակ, երբ անհրաժեշտ էր պետական կառավարման համակարգը րոպեաբար փոխադրել պատերազմական ռեժիմի, Հայաստանի ղեկավարի պաշտոն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերներում կամավորագրվելու ու զրահաբաճկոն հայթայթելու կոչեր էր անում։ Իսկ պատերազմի ընթացքում արձանագրված առանձին խայտառակ միջադեպերը, տարրական կազմակերպվածության բացակայության մասին վկայությունները ցույց են տալիս, որ պետությունը 100 տոկոսով տապալել է՝ ի դեմս պատերազմի՝ ֆորսմաժորային իրավիճակը կառավարելու քննությունը։

Ասվածը վերաբերում է զուտ պետական կառավարման տապալմանը, ոչ կոմպետենտությանն ու անկազմակերպվածությանը՝ շրջանցելով ոչ անհիմն տեսակետը՝ հնարավոր դավաճանության մասին։ Բայց եթե անգամ ընդունենք, որ որևէ դավաճանություն չի եղել բառի ուղիղ իմաստով, ապա պետության ձախողումը ֆորսմաժորային իրավիճակում, հետևանքների առումով, պակաս դավաճանություն չէ։

Պետության բացակայությունը որոշակիորեն այլ դրսևորումներով, սակայն նույն բովանդակությամբ արտահայտվում է նաև կորոնավիրուսի համավարակի պարագային։ Պետությունը գործնականում տապալվել է այս ֆորսմաժորային իրադրության կառավարման գործում՝ սահմանափակվելով դիմակների կրումը պարտադրող բութ գործիքներով ու պատվաստումների ավելացմանն ուղղված մեխանիկական, անարդյունավետ միջոցներով։ Եվ, ինչպես պատերազմում, համավարակի դեպքում ևս գործող իշխանությունների խայտառակ վատ, անարդյունավետ կառավարման, կառավարման ձախողման համար մենք վճարում ենք մարդկային կյանքերով։

Նիկոլ Փաշինյանի իշխանության համար Հայաստանը, Արցախն ու մեր հասարակությունը չափազանց թանկ գին են վճարում, և այդ գինը հաշվվում է մարդկային կյանքերով ու ճակատագրերով։

Բայց հանուն արդարության պետք է նշել, որ հասարակության առնվազն մի հատվածը, եթե ոչ՝ մեծ մասը, այդ գինը վճարում է մազոխիստորեն ու կամավորաբար, ինչի վկայությունն են հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները։ Իրավիճակի ողբերգականությունն այն է, սակայն, որ պայմանական 680 հազար մազոխիստական հակում ունեցող քաղաքացիների պատճառով մահավճար այդ գինը հատուցում է Հայաստանի ողջ հասարակությունը։

Հարություն Ավետիսյան

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը