Քաղաքական

10.11.2021 19:45


Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի գործարկման ծրագրերը գործնական հուն տեղափոխելու ժամանակն է. Զախարովա

Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի գործարկման ծրագրերը գործնական հուն տեղափոխելու ժամանակն է. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կարծում է՝ ժամանակն է, որ Հարավային Կովկասում «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա և Իրան) խորհրդատվական ձևաչափի գործարկման ծրագրերը տեղափոխել գործնական հուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա խոսել է ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով «3+3» հարթակի ստեղծման մասին հարցին:

«Ինչ վերաբերում է Վրաստանի դիրքորոշմանը, ապա Թբիլիսիից լսում ենք իրարամերժ հայտարարություններ այս խորհրդատվական մեխանիզմում մասնակցության առնչությամբ: Դա ինքնիշխան պետության դիրքորոշում է: Մենք ելնում ենք նրանից, որ «3+3» ձևաչափը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր պետությունների շահերին»,-ասել է Զախարովան:

Ռուսաստանը կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով շարունակել ջանքերը տարածաշրջանի առաջ ծառացած խնդիրները լուծելու նպատակով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը լայն միջազգային աջակցություն ունի, ինչպես որ նշված է Ռուսաստանի արտգործնախարարության ընթացիկ տարվա նոյեմբերի 9-ի հայտարարությունում: Կարևոր ենք համարում եռյակի գծով նախևառաջ շարունակել ջանքերը տարածաշրջանի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական և մարդասիրական խնդիրների լուծման համատեքստում»,-ասել է Զախարովան:

Նա հիշեցրել է Մինսկի խմբի հովանու ներքո Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում սեպտեմբերի 24-ին կայացած հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև:

«Ներկայում եռյակը նախապատրաստվում է կոնտակների մի շարք եվրոպական մայրաքաղաքներում: Կարևոր ենք համարում հնարավորինս արագ վերականգնել եռյակի՝ այս տարածաշրջան լիարժեք ձևաչափով այցելելու պրակտիկան»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Այս խորագրի վերջին նյութերը