Աշխարհ

11.11.2021 15:46


Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը շարունակում է զարգացնել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը շարունակում է զարգացնել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը շարունակում է զարգացնել «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը։ Հերթական հայտարարությունները հնչել են Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի (Թյուրքական խորհուրդ) անդամ երկրների դիվանագիտական ղեկավարների VIII նիստում (Ստամբուլ)։

Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ Բայրամովը «ուշադրություն է հրավիրել Հարավային Կովկասում խաղաղ նախաձեռնությունների և Բաքվի ու Անկարայի հաջող համագործակցության վրա։ Դրա վառ վկայությունն է 3+3 նախաձեռնությունը՝ ուղղված հետհակամարտային տարածաշրջանային համագործակցությանը»։

Ադրբեջանցի նախարարի խոսքով՝ «այս ձևաչափը կարող է համագործակցության օգտակար մեխանիզմ դառնալ Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի բազմամյա օկուպացիայի ավարտի ֆոնին»։ Ադրբեջանական դիվանագիտության ղեկավարը վստահություն է հայտնել, որ այսուհետ գործընթացները Հարավային Կովկասում զարգանալու են միանգամայն այլ հունով. «Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդների 2020թ. նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը հետագա ընթացք ստացավ 2021թ. հունվարի 11-ի Եռակողմ հայտարարության ընդունմամբ, որը վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Նախաձեռնվում են տրանսպորտային ճանապարհների ապաշրջափակման կոնկրետ քայլեր, այդ թվում շատ կարևր Զանգեզուրի միջանցքի, ինչը կնպաստի ապրանքաշրջանառության աճին տարածաշրջանում։ Հույս ունենք, որ Թյուրքական խորհրդի գործընկերները նույնպես կօգտվեն այդ հնարավորություններից»։

Նշենք, որ հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ «միջանցքներ» չեն լինելու, իսկ հաղորդակցությունների ապաշրջափակումը ենթադրում է ճանապարհների բացում, որոնք գտնվելու են պետությունների տարածքային իրավազորության ներքո։

Այնինչ, Ադրբեջանը ցուցադրում է «ապաշրջափակման» փայլուն օրինակներ՝ այսօրվանից հասկանալի չէ, թե ինչի հիման վրա Հայաստանի իշխանությունների կողմից թշնամուն հանձնված Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները մաքսակետ են բացում։ Ճանապարհը ներկա պահին փակ է։

Այս խորագրի վերջին նյութերը