Քաղաքական

12.11.2021 11:51


Եթե իշխանությունն ասում է՝ սա Ադրբեջանի տարածք է, էլ ի՞նչ սահմանազատում-սահմանագծում սկսելու մասին է խոսքը. Օրբելյան

Եթե իշխանությունն ասում է՝ սա Ադրբեջանի տարածք է, էլ ի՞նչ սահմանազատում-սահմանագծում սկսելու մասին է խոսքը. Օրբելյան

Եթե ես լինեի ինչ-որ նման իրավիճակում գտնվող երկրի խորհրդատու, հենց այս նույն քայլերն էլ խորհուրդ կտայի՝ սկզբից զինված ուժեր, հետո՝ ոստիկանական ծառայություն, հետո՝ սահմանի կահավորում, մաքսակետ, որոշ ժամանակ հետո կունենանք ցանկապատում, որոշ ժամանակ անց այնտեղ կարող է «duty free» խանութ բացվի՝ դրանից բխող ամեն ինչով, պարզ ու տրամաբանական, ակնկալվող գործընթացներ են, բայց, միաժամանակ, ապօրինի: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ի.գ.թ., միջազգային իրավունքի մասնագետ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության կառավարիչ գործընկեր, փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետերի տեղադրմանն ու համապատասխան հսկողություն սահմանելուն, որով, փաստացի, ադրբեջանական կողմը փակում է ճանապարհը հայկական կողմի համար:

«Ամեն ինչ շատ պարզ է, տրամաբանական և ակնկալվող գործընթացներ են, այդ մաքսակետի մասին ես դեռևս խոսել եմ անցած տարվա նոյեմբորի 10-ին, և դա ակնհայտ ու պարզ էր:․ Տրամաբանական է, բայց միաժամանակ ապօրինի է։ Իմ գնահատմամբ՝ դա միջազգային իրավունքի տեսակետից ապօրինի է, քանի որ այդ տարածքները ՀՀ տարածքներ են։ Միևնույն ժամանակ, ՀՀ իշխանությունները այդ՝ միջազգային իրավունքի տեսանկյունից ապօրինի գործողությունները լեգիտիմացնում են՝ պնդելով, որ դա Ադրբեջան է և Ադրբեջանի տարածքում նրանք կարող են անել ամեն ինչ։ Այս հատվածը դեռևս որևէ կերպ սահմանազատված չէ, և սահմանազատումը չի կարող տեղի ունենալ առանց իրավական հիմքի, մոտավոր՝ «թող տեղադրեն» սկզբունքով։ 5-6 ամիս է՝ ուղղակի քննարկում են, որ դա Ադրբեջան է։ Այսինքն, Հայաստանի Հանրապետության իշխանությունը զբաղեցնող մարդիկ տարբեր պաշտոններում ուղղակիորեն, առանց թաքցնելու, առանց խորշելու, օգտվում են շրջանցող գործիքակազմերից՝ հայկական ոչ մի թիզ հող չենք հանձնել, հետո պարզվում է, որ այն հողը, որ հանձնել են, մեզ համար հայկական է, իրենց համար հայկական չէ։ Դա սկսվեց Սև լճի մոտ, շարունակվեց Շուռնուխում, Որոտանի հատվածում, Կապանի մոտակայքում։ Այս գործընթացքում ՀՀ իշխանությունները հետևողականորեն անում են այն, ինչ ասել է, ասում են՝ դա Հայաստան չէ։ Նույն ձևով ասում էին Արարատում ոչ մի թիզ չենք տալու, հետո կպարզվի, որ Տիգրանաշենը, իրականում, Քյարքի է, դա էլ է Ադրբեջան։ Հետո Ոսկեպարի հատվածը կտրվի, կպարզվի, որ այդտեղ Անարխի շրջանն է։ Այսինքն, այստեղ ՔՊ-ն ունի շատ հստակ դիրքորոշում, այդ դիրքորոշմամբ առաջ է գնում։ Այստեղ անելիք ունեն այլ մարմիններ, այդ թվում՝ ՀՀ Դատախազությունը, քննչական մարմինները, որոնք այլ չնչին գործերով ամպագորգոռ գործեր կհարուցեն: Մենք այստեղ տեսնում ենք պետական դավաճանության առերևույթ հիմքեր, իշխանության յուրացման առերևույթ հիմքեր։ Որևէ գործընթաց չի կատարվում, ավելին՝ երբ դիմումներ են ներկայացվում, դրանք չեն քննվում։

Հարցին՝ եթե սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները պաշտոնապես չեն մեկնարկել՝ ըստ ՀՀ պաշտոնական հայտարարությունների, ապա նախքան դա Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսակետերի տեղադրումն արդյո՞ք հնարավորություն կթողնի հետագա բանակցություններում քննարկել առհասարակ այդ հատվածի պատկանելության հարցը, Օրբելյանը նկատեց՝ եթե իշխանության են մնում նույն մարդիկ, ի՞նչ բանակցելու մասին է խոսքը:

«Եթե մարդիկ ասում են՝ դա Ադրբեջան է, եթե այն հատվածը, որտեղ դրված է մաքսակետը, Ադրբեջան է, մենք ընդունում ենք, որ Ադրբեջան է, էլ ի՞նչ ենք բանակցում։ Սահմանազատում-սահմանագծում գործընթացը արվում է նրա համար, որպեսզի հասկանանք՝ որտեղ է սահմանը, ոչ թե նրա համար, որ այն փոփոխվի: Սահմանը հստակեցվելուց հետո նոր կարող ենք բանակցել տարածքների փոխանակման շուրջ, բայց եթե այսօր իսկ որոշ մարդիկ արձանագրել են, որ դա Ադրբեջան է, ապա էլ ինչի՞ մասին ենք բանակցում: Սահմանազատման ու սահմանագծման բանակցությունները հատուկ պաշտոնական բան չեն, որ դահլիճի վրա հատուկ ցուցանակ փակցված լինի, որ այստեղ սահմանազատման բանակցություններ են ընթանում: Սահմանազատում կարող է կատարվել հանձնաժողովի շրջանակում, լռելյայն, եթե մեկը գալիս ասում է՝ սա Ադրբեջան է, մյուս էլ ասում ՝ հա, էդպես է, մեկն էլ գալիս իր մաքսակետն է դնում, մենք էլ մյուս կողմից՝ մերը, էլ սահմանազատում-սահմանագծումն այլ կերպ չի էլ լինում: Հետեւաբար, որ ասում եք՝ սահմանազատման բանակցությունները գնան, դրանք արդեն իսկ կամ ընթանում են վաղուց, կամ որոշել են առանց բանակցելու հատվածները տան ու անունը սահմանազատում դնեն: Մի քննարկեք առհասարակ սուտասան մարդկանց ասածները: Երբ մարդն ասում է՝ էսպես եմ անելու, հետո ասում է՝ չէ, էդպես չեմ ասել, ձայնագրությունը ցույց են տալիս՝ ինչ է ասել, ասում է՝ դե, ես այլ բան եմ նկատի ունեցել, իմաստ չունի քննարկել դա: Կապ չունի՝ ինչ են ասում մարդիկ, որոնց ասածը 0 արժեք ունի»,-նկատեց Օրբելյանը:

Հարցին՝ ինչպես պետք է հարցին մոտենար ՀՀ կառավարությունը ստեղծված իրավիճակում, Օրբելյանը նկատեց. «Ճապոնիան մինչեւ հիմա Ռուսաստանին քննադատում է Կուրիլյան կղզիների խնդրով, պարզ է, չէ՞, որ Ճապոնիան հիմա չի պատրաստվում հարձակվել Ռուսաստանի վրա, բայց չի ընդունում այդ կղզիների՝ ՌԴ մաս հանդիսանալը: Ադրբեջանը չէր ընդունում իր կարծիքով իրեն պատկանող տարածքների՝ Արցախի Հանրապետության կողմից զբաղեցնելը, անընդհատ հայտարարում էր օկուպացիայի մասին, իսկ մենք փոխանակ հիմա օկուպացիայի հարց քննարկենք, փոխանակ ասենք, որ մեր տարածքում ապօրինի քայլեր են կատարվում, ասում ենք՝ հա դե, իրենց տարածքն է, բա որ այդպես ենք ասելու, պարզ է, որ ոչ ոք էլ մեզ այդ հարցում չի էլ օգնելու, ոչ մեկին էլ պետք չէ մեղադրել՝ ոչ ԱՄՆ-ին, ոչ Ռուսաստանին, ոչ ԵՄ-ին՝ ոչ մեկին, այստեղ մեղավորները գտնվում են բացառապես կառավարական թիվ 1 շենքում»:

Այս խորագրի վերջին նյութերը