Խմբագրական

10.07.2011 19:22


Շոուն շարունակվում է

Շոուն շարունակվում է

Եվ այսպես, Սերժ Սարգսյանն իր գործողություններով ցույց է տալիս, որ  Մարզահամերգային համալիրում տասնյակ կուսակցությունների հետ ժամերով գյալաջի անելուն փոխարինելու է գալիս «պրիվատ» ու «էլիտար» գյալաջին՝ այս անգամ արդեն միջնորդավորված տարբերակով։ Իսկ դա նշանակում է, որ յուրաքանչյուրն իր մասով ձախողման ենթարկված ուժերի ղեկավարներն ի դեմս Սերժ Սարգսյանի ու Լևոն Տեր–Պետրոսյանի փորձելու են միմյանց օգնելով պահպանել սեփական դիրքերը։

Ճիշտ է, կուլիսայինից հրապարակայինի վերածվող «երկխոսության» ընթացքում կողմերը, ինչպես նախկինում, իրար «կծոտելու» են, «քացի» են տալու, բայց դա հին «միաբանական» ավանդույթ է, և ժանրի կանոններից ելնելով՝ «ընդդիմախոսները» պետք է համապատասխան վարքագիծ դրսևորեն։

Ինչ վերաբերում է «երկխոսության» առարկային, ապա ինչպես Տեր–Պետրոսյանն էր ներկայացրել՝ ՀԱԿ–ն իր օրակարգը կդնի սեղանին, իշխանությունն՝ իրենը, որից հետո «ջան» կասեն, «ջան» կլսեն։

Ս. Սարգսյանն էլ իր հերթին էր նկարագրել «երկխոսության» բուն էությունը՝ հայտարարելով, թե եթե անընդունելի բանակցությունների փոխարեն Հայ ազգային կոնգրեսն իրապես պատրաստ է շարունակել երկխոսությունը երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարևորագույն հարցերի լայն շրջանակում և ցանկություն ունի դա իրականացնել միայն հատուկ նշանակված մարդկանց միջոցով, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ: Ասել է թե՝ կողմերն իրար փրկօղակ էին նետել ու նախապատրաստել սպասվող միջոցառումը, որն, ինչպես հանրահավաքներից մեկում ունեցած ելույթի ժամանակ էր արտահայտվել Տեր–Պետրոսյանը, ավելի քան մեկ տասնամյակ ձգվող հայ–ադրբեջանական բանակցությունների պես մի բան է լինելու։

Եթե հիշենք նաև այն, որ «հիմնադիրը» դեռ երկու տարի առաջ էր Սարգսյանին առաջարկել Եղիազար Այնթապցու և Էջմիածնական միաբանների համագործակցության մոդելը հիշեցնող գործընկերություն, իսկ վերջերս էլ հանդես էր եկել ՀՀԿ «ճկուն» ղեկավարի իշխանության կայունության երաշխավորի ու դրական PR–ն անողի դերում, ապա «երկխոսության» պատկերն ամբողջական կդառնա։ Իսկ թե  ի՞նչ կոնկրետ արդյունք կտա այն և կողմերն ինչպե՞ս կփորձեն հանրային ուշադրությունը շեղել համակարգային խնդիրներից՝ ցույց կտա ժամանակը։

Մի փոքր վերափոխելով հայտնի խոսքերը՝ նկատենք, որ ոչինչ չի միավորում մարդկանց այնպես, ինչպես համատեղ ձախողվածությունը և քաղաքական աղբանոցում հայտնվելու վախը։ Սպասվող «երկխոսությունը» պետք է դիտարկել բացառապես ա՛յս հանգամանքներն ի նկատի ունենալով։

Անդրանիկ Թևանյան

Հ.Գ.։ Հաշվի առնելով մի շարք գործոններ՝ շատ բնական ու քաղաքական դաշտի լղոզվածությունը վերացնելու տեսանկյունից ցանկալի կլինի, որ սերժալևոնական «երկխոսության» արդյունքում կողմերը միավորվեն ու միասնական ցուցակով մասնակցեն ԱԺ ընտրություններին, իսկ դրանից առաջ էլ նախապես հայտարարեն, թե առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանելու են Սերժ Սարգսյանին։ Այդպես նաև ավելի ազնիվ կլինի, մանավանդ, որ  գալիք նախագահական ընտրություններում այդ ամենը վերջնականապես բացահայտ է դառնալու ճիշտ այնպես, ինչպես Ա. Գեղամյանի ու Ա. Բաղդասարյանի նախընտրական ու հետընտրական պահվածքն էր բացահայտ 2008–ին։

Այս խորագրի վերջին նյութերը