Քաղաքական

09.12.2021 15:11


Արցախի գյուղական համայնքները զրկված են կապի տարրական միջոցներից՝ թշնամին կարողանում է խլացնել ալիքները». Մետաքսե Հակոբյան

Արցախի գյուղական համայնքները զրկված են կապի տարրական միջոցներից՝ թշնամին կարողանում է խլացնել ալիքները». Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետությունում բջջային և ինտերնետ կապի խափանումները հաճախակի բնույթ են կրում, ինչը, Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ անվտանգային խնդիր է։

«Չնայած այն հանգամանքին, որ այսօր «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ը ևս իր կապը բերել է Արցախ և Արցախում նույն սակագներով՝ ինչ Հայաստանում, ծառայություն է մատուցում արցախցիներին, սակայն այն գործում է միայն Ստեփանակերտում։ Շրջաններում, գյուղերում այդ կապի ծառայություններից հնարավոր չէ օգտվել։ Այսինքն՝ այսօր գյուղական համայնքներում մարդիկ զրկված են կապի տարրական միջոցներից, որովհետև «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության ծառայություններն ավելի ցածր մակարդակի են, և թշնամին կարողանում է խլացնել ալիքները։ Մենք այս կապից օգտվել առհասարակ չենք կարողանում, եթե նույնիսկ հրաշք լինի ու զանգ գնա, ապա ընդամենը մի քանի վայրկյան է հնարավոր խոսել, անմիջապես անջատվում է, ձայները խլացնում են։ Այս ամենը տեղի է ունեցել պատերազմի ընթացքում, փորձեցին տարբեր ընկերությունների կողմից այդ խափանումները վերականգնել՝ չստացվեց։ Այս ամենի պատասխանատուն ամեն դեպքում «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունն է և պետությունը, որովհետև պետությունը սեփականության իրավունքի իրացում ձեռք բերեց, նման որոշում ընդունել էինք ԱԺ-ում»,-168.am-ի հետ զրույցում ասաց Մետաքսե Հակոբյանը։

Ըստ պատգամավորի, այս առումով պետությունն այսօր չի կատարում ստանձնած գործառույթները, որոնք իրականում պետք է ունենային անվտանգության բաղադրիչներ, քանի որ, եթե որևէ շրջանում թշնամին դիմում է սադրանքի, պետք է տվյալ շրջանի հետ կապ հաստատել, ինչն այս պարագայում չի ստացվում։ Նման դեպք տեղի ունեցավ, երբ թշնամին կրակահերթ էր արձակել Կարմիր Շուկայի ուղղությամբ, պաշտոնական տեղեկություն չկար, անհրաժեշտ էր կապ հաստատել բնակիչների հետ, պարզելու, թե ինչ իրավիճակ է։ Մեկ օր հնարավոր չի եղել կապ հաստատել։

«Այս ամենն իրականում մեծ վտանգ է, որովհետև երբ մարդը Ստեփանակերտից դուրս է, ապա, եթե նրա հետ որևէ դեպք պատահի, որևէ մեկը չի իմանա, քանի որ «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ը չի աշխատում, «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կապն էլ խլացվում է։ Այս առումով իշխանությունները որևէ բան չեն անում, ամեն դեպքում այդ մասին չեն խոսում, երբ մենք ամեն առիթով այս հարցը բարձրաձայնում ենք, իրենք իրենց պահում են գաղտնիության շղարշի տակ, իբր սա գաղտնի պահելը հենց անվտանգության ապահովում է։ Անիմաստ պատճառաբանություններ, հավաստիացնում են, թե աշխատանքներն ընթացքի մեջ են, չնայած երկար ժամանակ է՝ հավաստիացնում են, որ իրավիճակը շտկվելու է, և կարողանալու են այնպես անել, որ ադրբեջանական կողմը չկարողանա խլացնի»,-հավելեց պատգամավորը։

Ի՞նչ հանգուցալուծում պետք է ունենա այս խնդիրը, Մետաքսե Հակոբյանը հարցին պատասխանեց, որ դա պայմանավորված է, թե իշխանություններն ինչ հանգուցալուծում են ակնկալում՝ հայկակա՞ն շահին, թե՞ ադրբեջանական շահին համապատասխան։

«Ես այսպես եմ ասում, որովհետև իշխանությունները հստակ աշխատում են Ադրբեջանի օրակարգով և ի շահ Ադրբեջանի, նկատի չունեմ միայն ՀՀ իշխանություններին, Արցախի իշխանություններին ևս նկատի ունեմ։ Որպեսզի մենք ունենանք այն, ինչը մենք ենք ուզում ունենալ, առաջին պայմանն այն է, որ այս իշխանություններից պետք է ազատվենք, նրանց կառավարման օրոք մենք ի վիճակի չենք որևէ բան անել»,-շեշտեց Մետաքսե Հակոբյանը։

Միաժամանակ պատգամավորը տեղեկացրեց, որ Արցախի ԱԺ-ում բավականին ժամանակ քննարկում են 2022 թվականի բյուջեն, որի վերաբերյալ «Արդարություն» խմբակցությունը ներկայացրել է 10-ից ավելի առաջակություն։ Այն կարդալուց հետո, պատգամավորներն այնպիսի տպավորություն են ստացել, որ բյուջեի նախագիծը գրել է մի մարդ, որն առհասարակ գաղափար չունի, թե ինչ է նշանակում՝ պետության կառավարում։

«Զբոսաշրջության համար այնպիսի ցնորամիտ մտքեր են գրել, որ կարդում ու չեմ հասկանում, որ նման բան կարող էր գրել պետական մտածելակերպ ունեցող մարդը։ Կրթության բնագավառն ամբողջությամբ տապալված է, այն գցում են փոսը, ոչ նպատակային գումարների մսխում։ Սոցիալական վիճակում խառնաշփոթ է, որևէ աղերս չունի իրավիճակի հետ։ Այսինքն՝ այս իշխանությունները հիմա ամեն բան անում են, որպեսզի հանգուցալուծումը լինի ի շահ Ադրբեջանի, չլինի ի շահ հայի։ Ես իրենց բնորոշում չեմ կարողանում տալ, իրենք կամ ապիկար են և նվիրված են թշնամուն, կամ այնքան մեծ ախորժակ ունեն ու այնքան մեծ ախորժակ, որ չեն կարողանում կշտանալ»,-եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։

Այս խորագրի վերջին նյութերը