Քաղաքական

14.12.2021 20:09


Փաշինյանն ու Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահի հետ արդյունավետ բանակցությունների հույս են հայտնել (տեսանյութ)

Փաշինյանն ու Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահի հետ արդյունավետ բանակցությունների հույս են հայտնել (տեսանյութ)

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Ինչպես տեղեկացնում են Նիկոլ Փաշինյանի աշխատակազմից, նա շնորհակալություն է հայտնել Շառլ Միշելին` 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված խնդիրների լուծման ուղղությամբ ներդրվող հետևողական ջանքերի համար:

Զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակությունն ու ամրապնդումը:

«Կողմերն արդյունավետ բանակցությունների հույս են հայտնել, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելն անդրադարձել են նաև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովի օրակարգին ու քննարկվող հարցերին: Կողմերը կարևորել են Արևելյան Գործընկերության շրջանակում Հայաստան-ԵՄ փոխգործակցության զարգացումն ու ծրագրերի արդյունավետ իրականացումը` ի նպաստ մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների կյանքի կոչման ու ժողովրդավարության ամրապնդման:

Փաշինյանը և Միշելն անդրադարձ են կատարել նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին:

Այս խորագրի վերջին նյութերը