Լրահոս

21.04.2009 16:44


Դաշնակցության ներուժը կերևա քարոզարշավի ժամանակ

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարևորելով մայիսի 31-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրությունները, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանն ասել է, որ այս ընտրություններին Դաշնակցությունը մասնակցում է, ոչ միայն քվեներ հավաքելու համար.

-Շատ եմ կարևորում այս ընտրությունները։ Երևանն ընդգրկում է Հայաստանի բնակչության մեծ մասը, և, այս առումով, քաղաքապետը շատ լուրջ դեմք է լինելու, քանի որ կառավարելու է երկրի բնակչության մեծ մասին,- ասել է Ռուզան Առաքելյանը։

Նրա կարծիքով, Երևանն այսօր կարիք ունի ոչ միայն կենցաղային խնդիրների լուծման և ընդհանուր բարեկարգման, այլև «բարոյական վերականգման, ինչն այսօր ավելի հրատապ է»։

 Լրագրողները նկատել են, թե Դաշնակցության մոտ սպասողական վիճակ է, այնինչ մնացյալ կուսակցությունները բավական հստակ են իրենց հնարավորությունների տոկոսային արտահայտումների մեջ։

-Դաշնակցության մոտ սպասողական վիճակ միանշանակ չկա, պարզապես մենք մեր ներուժն ու կարողությունները գործի կդնենք քարոզարշավի ժամանակ։ Իսկ նրանք, ովքեր ժամանակից շուտ են ցուցադրում իրենց կարողությունները, չգիտեմ թե ինչու են դա անում, միգուցե՞ նախորոք հասարակության մեջ տրամադրություն ստեղծելու կամ ինչ-որ բան հասկացնելու համար։

Ինչ վերաբերվում է ՀՅԴ նախընտրական կարգախոսին, ապա Ռուզան Առաքելյանն ասել է, որ քննարկումները դեռ շարունակվում են։ Տարբերակներից են՝ «Երևանը համայն հայության տունն է», «Սա Երևանն է, այստեղ դու տանն ես» և այլ կարգախոսներ։

 

Այս խորագրի վերջին նյութերը