Քաղաքական

23.02.2022 21:57


Ադրբեջանը Գորիս-Կապան ավտոճանապարհի անցակետից ավելի քան 100 հազար դոլարի տուրք է հավաքել

Ադրբեջանը Գորիս-Կապան ավտոճանապարհի անցակետից ավելի քան 100 հազար դոլարի տուրք է հավաքել

Գորիս–Կապան ավտոճանապարհին տեղադրված մաքսակետից Ադրբեջանը 2021 թվականի նոյեմբերի 10-ից 2022 թվականի հունվարի 20-ն ընկած ժամանակահատվածում Իրանից եկող բեռնատարների վարորդներից ավելի քան 100 հազար դոլար է հավաքել։ Այս մասին վկայում են Sputnik Արմենիայի հաշվարկները։

Այսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողներին ասել է, որ Գորիս–Կապան ավտոմայրուղու վրա Ադրբեջանը հսկիչ անցակետ տեղադրելուց հետո Երևանի և Թեհրանի միջև ապրանքաշրջանառությունը նվազել է։

Մենք արդեն գրել էինք, որ մեր գնահատականներով, իրանցի վարորդների 5%–ը Գորիս–Կապան ավտոճանապարհին շարունակում է Ադրբեջանին տուրք վճարել։

Եվ ահա Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան ՊԵԿ–ից հստակ տվյալներ են տրամադրել ավտոճանապարհով անցնող բեռնատարների թվի վերաբերյալ։ Համեմատելով դրանք մեզ մոտ առկա տվյալների հետ` կապված հայ–իրանական սահմանը հատած մեքենաների թվի հետ, մենք պարզեցինք, որ ավելի վաղ մեր կողմից ներկայացրած 5%–ը շատ մոտ է իրականությանը։

Մասնավորապես, 2021 թվականի դեկտեմբերին Գորիս–Կապան ավտոճանապարհով անցել է Իրանից Հայաստանի տարածք մուտք գործող բեռնատարների 5,04%–ը։

2021 թվականի նոյեմբերի 10-ից (երբ տեղադրվել են ադրբեջանական անցակետերը) մինչև 2022 թվականի հունվարի 20-ը ավտոճանապարհով 536 բեռնատար է անցել։ Խոսքն իրանական մեքենաների մասին է, քանի որ անցակետի տեղադրման պահից հայ վարորդներն այնտեղով չեն երթևեկում։

Ադրբեջանցիները յուրաքանչյուր անցնող մեքենայից 130-280 դոլար տուրք են գանձում (կախված բեռից)։ Եթե հաշվենք նվազագույն արժեքով` 130 դոլար, ստացվում է, որ 69 680 դոլար է հավաքվել։ Բայց ակնհայտ է, որ նվազագույն արժեք ոչ բոլորին է հաջողվել վճարել։ Միջինում ադրբեջանցիների հավաքած գումարը կարող էր կազմել 107 200 դոլար(ամեն մեքենայից միջինը 200 դոլար)։

Ավելի վաղ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան Քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Ադրբեջանի ազգային AZAL ավիափոխադրողը Հայաստանին 2021 թվականի հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 31-ը մոտ 32 հազար եվրո է վճարել աէրոնավիգացիոն ծառայությունների համար։

Այս խորագրի վերջին նյութերը