Մեկնաբանություն

11.03.2022 13:08


Հեծանիվով քանդվող պետությունները

Հեծանիվով քանդվող պետությունները

21–րդ դարում պետությունները կարելի է քանդել կամ պետություններին մեծ վնաս պատճառել ոչ միայն դրսից հարձակվելով, այլ նաև ներսից կառավարելով։

Քանդելու այդ տեխնոլոգիաները ստացել են «գունավոր» կամ «թավշյա» հեղափոխություն անունները։ Վրաստանի, Ուկրաինայի, Հայաստանի օրինակները բոլորիս աչքի առաջ են։

Օգտվելով հանրության լայն շերտերի մոտ առկա օբյեկտիվ դժգոհություններից ու կիրառելով մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ՝ իշխանությունը վերցնում են կամ իշխանության են բերվում հեղափոխականները, որոնք դառնում են դրսի ուժերի ձեռքում խաղալիք։ Այդ խաղալիքների միջոցով խոշոր խաղացողները միմյանց հետ հաշիվներ են պարզում՝ ձեռքի հետ «վարի տալով» խաղալիքների ղեկավարման ներքո գտնվող պետությունները։ Այդպես եղավ Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանում ու հիմա կրկին Ուկրաինայում։

Հայաստանի տարբերությունն այն էր, որ «թավշյա» հեղափոխությունը, ի տարբերություն «վարդագույնի» ու «նարնջագույնի», բուն հեղափոխության փուլում ու հեղափոխության առաջնորդի հրապարակային մեսիջներում չկային հակառուսական ձևակերպումներ, թեև և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ նրա թիմակիցները, և՛ նրանց աջակցող «քաղաքացիականները» տարիներ շարունակ հակառուսական քարոզով էին զբաղված՝ զուգահեռաբար հսկայական գումարներ աշխատելով։ Նրանք հիմա էլ են նույն բանն անում, բայց այլ ձևերով։

Սահակաշվիլին, Պորոշենկոն, Յուշչենկոն ու Զելենսկին ընդգծված հակառուսական գծի մեջ են։ Արդյունքն այն է, որ Վրաստանը հրաժեշտ տվեց հսկայական տարածքների, Ուկրաինան վերածվում է ավերակների։

Նիկոլի պարագայում մի փոքր այլ ձևով հակառուսական գիծն ի հայտ եկավ։ Սկզբում ասվեց, որ աշխարհաքաղաքական ռեվերսներ չեն լինելու։ Հետո արշավ սկսվեց ՀԱՊԿ–ի ու ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, Կրեմլին առաջարկվեց ադապտացվել «թավշյա» հեղափոխությանը, քաղաքական հետապնդման ենթարկվեցին հայ–ռուսական հարաբերությունների զարգացման կողմնակից ռազմաքաղաքական գործիչները։ Նիկոլը մտավ տխրահռչակ թուրքամետ Բոլթոնի պլանի մեջ ու սկսեց ձերբազատվել «պատմական կարծրատիպերից»։ Նիկոլը հաջողացրեց նաև փչացնել Արևմուտքի հետ հարաբերությունները՝ մասնավորապես հիմար վիճակում դնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Հետևանքը եղավ Արցախի պետականության ու տարածքների մի մասի կորուստը, հազարավոր զոհերն ու ՀՀ ինքնիշխանության մակարդակի աննախադեպ իջեցումը։

Ի դեպ, և՛ Վրաստանում, և՛ Ուկրաինայում, և՛ Հայաստանում հեղափոխականները կարծել են, որ Արևմուտքն իրենց ռազմական առումով օգտնելու է։ Կա տեսակետ, որ Նիկոլը չէր կանգնեցնում պատերազմը, քանզի սպասում էր Բայդենի ընտրությանը և ԱՄՆ–ի ռազմական աջակցությանը։ Թե ինչպես պետք է Բայդենն աջակցեր ՀՀ–ին, տեսնում ենք Ուկրաինայի օրինակով։ ԱՄՆ–ը Կիևին աջակցում է «Դուք կոտորվեք, իսկ մենք կաղոթենք ձեր հոգիների համար» տարբերակով, ոչ ավելին։ Ճիշտ է, ՌԴ–ի դեմ տնտեսական խիստ պատժամիջոցներ են կիրառվում, բայց դրանից ուկրաինացիներին ի՞նչ օգուտ։

Վրաստանում էլ Սահակաշվիլին պատրանքներ ուներ ու կարծում էր, որ եթե Բուշն իրեն աչքով և ունքով է արել, ուրեմն ինքը կարող է հարձակվել Օսիայի վրա։ Հարձակվեց ու վերջում ստիպված ծամեց սեփական փողկապը՝ կորցնելով Օսիան ու ձեռքի հետ էլ՝ Աբխազիան։

Հիմա շատ ավելի վատ վիճակում է Զելենսկին։ Իրեն անընդհատ «դուխ» տվեցին Արևմուտքից ու գցեցին «արջի որջը»։ Հիմա սա գոռգոռում է, թե բա հարա՜յ, հասե՜ք, արջն ինձ ուտում է, իսկ ամերիկացիները ցինիկաբար հայտարարում են, որ չեն կարող, օրինակ, Ուկրաինայի օդը պաշտպանել, քանզի այդ դեպքում կարող է 3–րդ համաշխարհային ու միջուկային պատերազմ սկսվել։

Ուկրաինան արյունաքամ է լինում, իսկ ԱՄՆ–ը Լեհաստանին ասում է, որ այդ երկիրը թող ինքնաթիռներ տա Ուկրաինային։ Լեհաստանն ասում է, եթե տամ, ապա իմ հերը ռուսները կանիծեն, թող գերմանացիք տան։ Գերմանիան էլ, թե բա՝ ես ինչո՞ւ պետք է վտանգվեմ և այդպես շարունակ։ Այդ ընթացքում ուկրաինացիները զոհվում են կամ դառնում փախստական։ Բայց կարևորն այն է, որ Բայդենը աղոթում է Ուկրաինայի համար ու սեփական խնդիրները լուծում ՌԴ–ի, Չինաստանի ու մյուսների հետ։ Իսկ թե այդ ընթացքում քանի հազար մարդ կմեռնի, հեռավոր ամերիկաներում քիչ է հետաքրքրում, չէ՞ որ ուկրաինացիներն իրենք են խափվել ու որոշել սեփական խնդիրները լուծել մեծերի կռվում մանրադրամ դառնալու ճանապարհով։ Ինչպես ասում են՝ ոչ մի անձնական բան, միայն բիզնես։ Ու այդ բիզնեսն արվում է ցուցադրաբար հեծանիվ քշող քաղաքական ծաղրածուների միջոցով։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը