Քաղաքական

12.03.2022 12:13


Թշնամու կիրառած ականանետը պայթեց հենց դպրոցի մոտ` դասի ժամին, փոքրիկները վախեցել, լաց էին լինում, բայց խուճապ չկա․ Խնապատի դպրոցի փոխնօրեն

Թշնամու կիրառած ականանետը պայթեց հենց դպրոցի մոտ` դասի ժամին, փոքրիկները վախեցել, լաց էին լինում, բայց խուճապ չկա․ Խնապատի դպրոցի փոխնօրեն

Երեկ, ժամը 10․00-ի սահմանում հենց դասապրոցեսի ժամանակ թշնամու արձակած արկը պայթեց անմիջապես դպրոցի հարևանությամբ, աշակերտներին և մանկապարտեզի երեխաներին արագ իջեցրել ենք նկուղ և զանգահարել 911։ Սպասել ենք, մինչև ծնողները գան և վերցնեն երեխաներին, քանի որ վախ կար, որ ճանապարհին հնարավոր է կրկին արկեր պայթեն։

Այս մասին Tert․am-ի հետ զրույցում ասաց Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի դպրոցի փոխտնօրեններից Անահիտ Առոստամյանը։

«Այդ պահին խուճապ չկար, բոլորս կազմակերպված մեր աշխատանքն էին կատարում, բայց երեխաները շատ էին վախեցել, փոքրիկները անընդհատ լաց էին լինում, բայց մենք էլ, նրանք էլ ուժեղ ենք, սա մեր հողն է։ Կեսօրին կրկին եղան կրակոցներ, այդ անգամ ավելի մեծ տրամաչափի ականներ էին հավանաբար, որովհետև պայթյունի ձայները շատ բարձր էին և ծուխը շատ մոտ էր»,-ասաց Անահիտ Առուստամյանը։

Նա նշեց, որ անկախ ամեն ինչից չեն պատրաստվում լքել գյուղը։

«Սա է մեր հայրենիքը, մեր հողը, առանց Արցախի մենք մեկ վայրկյան էլ չենք կարող մնալ, ամուր կանգնած ենք մեր հողի վրա»,-ասաց նա։

Հարցին՝ դասապրոցեսը կանգ է առել դպրոցում այս պահին, թե՞ ոչ, փոխտնօրենը պատասխանեց․

«Դպրոցում երկուշաբթի օրվանից մեկ շաբաթ արձակուրդներ են՝ գազամատակարման բացակայության պատճառով և աշակերտները մեկ շաբաթ դպրոց չեն գալու, գարնանային արձակուրդները, ջեռուցման բացակայության պատճառով, մեկ շաբաթ առաջ են տվել։ Այսօր կրակոցներ չեն եղել, ավելի հանգիստ էր, բայց գիշերը մինչև ժամը 1–ը կրակոցներ կային, ձայնը լսելի էր ամբողջ գյուղում։ Հետաքրքիր է, որ գիշերվա այդ կրակոցների պահին գյուղի կանայք էլ էին դուրս եկել փողոց ինչ–որ մի բանով օգնելու համար, տպավորություն էր ստեղծվել, որ ոչ ոք չի վախենում, բայց միևնույն է՝ անկախ այն հանգամանքից, որ խուճապ չկա և մենք սովոր ենք այս վիճակին, ամեն դեպքում այս ամեն ինչը ազդում է բնակիչների ընդհանուր տրամադրությունների վրա»,-ասաց Խնապատի դպրոցի փոխտնօրեն Անահիտ Առուստամյանը։

Նշենք, որ 44–օրյա պատերազմից հետո է գյուղը դարձել սահմանամերձ։

Այս խորագրի վերջին նյութերը