Քաղաքական

14.03.2022 18:41


Ռուսաստան-Արևմուտք սրացման ֆոնին Հայաստանի համար սպառնալիքներն աճել են. Հակոբյան

Ռուսաստան-Արևմուտք սրացման ֆոնին Հայաստանի համար սպառնալիքներն աճել են. Հակոբյան

NEWS.am-ի հարցազրույցը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Վերածնվող Հայաստան կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի հետ:

-Պարոն Հակոբյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի գործող իշխանությունների կեցվածքը Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության համատեքստում: Արդյո՞ք բավարար եք համարում Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության գործունեությունը:

-Դժվարանում եմ այս իշխանության պահվածքը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության հարցով նույնիսկ քաղաքականություն անվանել: Ավելի կսազի անհետևողական, անհասկանալի և անտրամաբանական քայլերի խումբ ասելը: Այն ինչ տեսնում ենք, հերթական անգամ ապացուցում է, որ այս խմբակն ընդհանրապես ունակ չէ վերլուծել իրավիճակը, գնահատել ռիսկերը և հնարավորությունները, դրանից բխող քաղաքականություն մշակել: Դրա փոխարեն, փորձում են սեփական իշխանությունը երկարացնելու համար բավարարել այդ պահին արտաքին աշխարհից եկող պահանջները՝ երկիրը կանգնեցնելով նորանոր ցնցումների առաջ:

Ի՞նչ արեց այս իշխանությունը ստեղծված իրավիճակում: Նախ ԱԳՆ մամուլի խոսնակնի պատասխան, ուշադրություն՝ պետական ԶԼՄ-ի հարցի, շտապեց հայտարարել, որ Հայաստանի օրակարգում չկա Լուգանսկի և Դոնեցկի Հանրապետությունների ճանաչման հարցը:Հետո Եվրոպայի Խորհրդում Հայաստանի ներկայացուցիչն աջակցեց ՌԴ-ին՝ դեմ քվեարկելով կառույցից նրան հեռացնելուն: Եվ ընդամենը մեկ-երկու օր հետո առաջին անգամ պատմության մեջ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում Հայաստանը չաջակցեց Ռուսաստանին ու ձեռնպահ մնաց հակառուսական բանաձևի քվեարկության ժամանակ, ինչի համար արժանացավ Ուկրաինայի գովերքին:Այդ ընթացքում էլ Երևանում անցկացվող ԵՎՐԱՆԵՍԹ ԽՎ Բյուրոյի նիստում ընդունվեց մի կողմից՝ մեր ազգային, պետական շահերի հետ որևէ կապ չունեցող, մյուս կողմից՝ հակառուսական հայտարարություն, իսկ հայկական պատվիրակության ղեկավարը որևէ կերպ չբացատրեց ամբողջ այդ գործընթացին չհակազդելը, իսկ հետո նաև իր քվեարկությունը:

Ի՞նչ քաղաքականություն է սա՝ երկու կողմին էլ գոհացնելու, թե՞ և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի հետ նոր խնդիրներ ստեղծելու: Հայաստանի նպատակն այս իրավիճակում դիրքորոշում հայտնելը, կամ կողմերից մեկին պաշտպանելը չէ: Հայաստանն ունի իր խնդիրները, իր շահերը, որոնք պետք է առաջ մղի: Այժմ դիվանագիտական ու վերլուծական ողջ ներուժը պետք է կենտրոնացած լիներ Հայաստանի ու Արցախի համար հնարավոր ռիսկերը կանխարգելելու և հնարավորությունները մեծացնելու ճանապարհները գտնելու շուրջ: Բայց դա ազգային, պետական շահերով առաջնորդվող իշխանության պարագայում, իսկ այս իշխանությանը միայն սեփական շահերն են հետաքրքրում, նրանք մեկ նպատակ ունեն՝ հնարավորինս երկար կառչած մնալ աթոռներին:

Ինչ վերաբերում է Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությանը, ապա աշխատանքը ՀՀ քաղաքացիների և մեր ազգակիցների հետ բավական ուշ սկսվեց և դրա արդյունքներն այսօր չենք տեսնում: Դրա փոխարեն, ստանում ենք մի շարք բողոքներ դիվանագիտական ներկայացուցչության անգործության, նրանց կողմից կազմակերպչական քայլերի բացակայության վերաբերյալ և այլն: Հասկանալի չէ, թե ինչ աշխատանք է տարվել, եթե տարվել է, Սփյուռքի հանձնակատարի կողմից մեր համայնքների հետ սահմանի երկու կողմերում:Հանձնակատարի խոսքերից էլ հասկանալի է դառնում, որ որևէ իրական ջանքեր չեն գործադրվում մեր հայրենակիցներին օգնելու համար:

Դեռ նախքան պատերազմի սկսվելը և՛ մեր դիվանագետները, և՛ Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը պետք է կապ հաստատեին ՀՀ քաղաքացիների և մեր հայրենակիցների հետ, ճշտեին ինչ աջակցություն կարող է պետք լինել նրանց և ամեն ինչ անեին հումանիտար խնդիրներումաջակցելու համար: Տպավորություն է, որ սահմանափակվել են միայն ԱԳՆ պաշտոնական հայտարարություններով:

-Այս հակամարտությունը ի՞նչ անվտանգային, քաղաքական խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար: Ո՞րոնք պետք է լինեն Հայաստանի քայլերը:

-Այս ճգնաժամի զարգացման ցանկացած սցենար, ցավոք, Հայաստանի և Արցախի համար մի շարք մարտահրավերներ է ստեղծում:

Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են ևկփորձեն օգտվել միջազգային հանրության և տարածաշրջանի հիմնական ուժերի ուշադրության շեղվելուց և առաջ մղելիրենց առավելապաշտական ծրագրերը: Այս համատեքստում արդեն իսկ ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից քայլերի, այդ թվում՝ Արցախի գազատարի վերանորոգման խոչընդոտումը, որը հումանիտար աղետի պատճառ է դառնում: Հիշենք նաև, որվերջին շրջանում կարծես Թուրքիան ու Ադրբեջանը շատ չէին խոսում Սյունիքով միջանցք ստանալու մասին, և հետաքրքիր պատահականությամբ մի քանի օր առաջ Ալիևի հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը նորիցշեշտեց«Զանգեզուրի միջանցքը»: Նույն օրն Ալիևը ՄԱԿ-ի բնակավայրերի ծրագրի տնօրենի հետ հանդիպմանը «հիշեց» Հայաստանից փոխհատուցման իր պահանջը:Պատահական չէ նաև Արդբեջանի կողմից հրահրվող սրացումը շփման գծում, հայկական կողմից զոհի ու վիրավորի առկայությունը, տեղեկատվական, հոգեբանական արշավը և այլն:

Այս ամենի ֆոնին Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց Հայաստանին առաջարկված հինգ կետերի մասին, իսկ Թուրքիայի արտգործնախարարը հավելեց, որ իրազեկել է Արարատ Միրզոյանին, որ հայկական կողմը պետք է դրական պատասխան տա այդ առաջարկին: Ակնհայտ է չէ՞, որ գործ ունենք հարկադրանքի քաղաքականության հետ:

Արևմուտքն ու Թուրքիան էլ կարող են փորձել մեծացնել իրենցդերը մեր տարածաշրջանում՝ ՌԴ հետ լարվածության նոր օջախ ստեղծելով:

Չի բացառվում, որ Ռուսաստանն էլ փորձի արագացնել որոշ գործընթացներ՝ տարածաշրջանում իր դերակատարումը մեծացնելու նպատակով:

Ուստի, փաստացի Ռուսաստան-Արևմուտք սրացման ու Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին Հայաստանի համար քաղաքական ու անվտանգային սպառնալիքներն աճել են, ինչը գործող իշխանության ձեռագրից ելնելով ոչ միայն չի կանխարգելվել, այլ ավելի վտանգավոր է դառնում: Հիշենք ընդամենը, որ Փաշինյանը երբեք չի խուսափել Ռուսաստանի և Արևմուտքի շահերի բախումից դիվիդենտներ քաղելու փորձերից:

Հայաստանը պետք է ձևավորեր սեփական օրակարգ, չշտապեր անհասկանալի դիրքորոշումներ հայտնել և հնարավորինս, այդ թվում՝ փակ դիվանագիտական խողովակներով, աշխատանք տաներ առկա և հնարավոր մարտահրավերները նվազեցնելու ուղղությամբ: Փոխարենը, ունենք հումանիտար աղետ Արցախում, արտգործնախարարի անհասկանալի օրակարգով հանդիպումներ Անթալիայում և աբսուրդային հայտարարություն նորընտիր նախագահից, թե Ադրբեջանից հնչող կրակոցները չպետք է շեղեն մեզ խաղաղություն կառուցելուց:

-Ճգնաժամն ու Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցներն իրենց ազդեցությունն ունենալու են նաև ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսության վրա: Ի՞նչ հնարավորություններ և մարտահրավերներ եք տեսնում և ի՞նչ նախաձեռնություններ կարող է առաջարկել ընդդիմությունն այս համատեքստում:

-Ռուսաստանը ԵԱՏՄ առաջատար տնտեսությունն է ու բնական է, որ պատժամիջոցներով պայմանավորված, բացասական հետևանքներ կկրի նաև կառույցը: Բայց այդ հետևանքները հիմնականում կանդրադառնան համախառն ցուցանիշների վրա: Օրինակ՝ ԵԱՏՄ տնտեսական աճի տեմպը կդանդաղի:

Ռուսաստանի նկատմամբ պաժամիջոցները կստեղծեն նաև հնարավորություններ մի շարք ուղղություններով:

Առաջինը, ԵԱՏՄ-ում կակտիվանան ֆինանսատնտեսական բնույթի դեռևս առկա խոչընդոտների վերացմանն ուղղված գործընթացները: Չի բացառվում, էներգակիրների միասնական շուկաների օրակարգին նոր թափ հաղորդվի: Այսինքն, ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ն և՛ ՌԴ-ի, և՛ անդամ մնացած երկրների համար ճգնաժամային իրավիճակում հետևանքների մեղմացման հարթակ է:Այս առումով ԵԱՏՄ արդյունավետությունը զգացվեց նույն 2020թ.-ի կորոնավիրուսի համավարակից առաջացած տնտեսական ճգնաժամի պայմաններում:Եվ այս պարագայում էլ, կարծում եմ, բնական կլինի տնտեսական ինտեգրացիայի հետագա խորացումը:

Անկասկած, մենք գործ ունենք նաև շատ մարտահրավերների հետ: Հայաստանի օրինակով, դրանք իսկապես շատ են:Մեր տնտեսությունը շատ ինտեգրված է ՌԴ տնտեսությանը և, հետևանաբար, այնտեղ նկատվողխնդիրներն ազդելու է նաև մեր տնտեսության վրա: Սկզբնական շրջանում գուցե առևտրաշրջանառության հետ կապված խնդիրներ լինեն, բայց ավելի երկարաժամկետ հեռանկարում, ճիշտ հակառակը:Կարծում եմ, գործընկեր երկրների հետ առևտրատնտեսական հարաբերությունների ակտիվացմամբ ՌԴ-ն կփորձի բալանսավորել արևմտյան պատժամիջոցների հետևանքները: Ճիշտ է, այս իմաստով շատ ավելի հեռանկարային են ասիական շուկաները, բայց Հայաստանի համար ևս հնարավորություններ կան:

Ավելի մտահոգիչ են մեզ համար ռուբլու փոխարժեքի տատանումները: Ռուբլին ներկայումս խիստ անկայուն վիճակում է, իսկ մեր շատ հայրենակիցներ, աշխատելով ՌԴ-ում, գումարներ են ուղարկում իրենց ընտանիքներին: Կա նաև ռիսկը, որ արտագնա աշխատանքի մեկնած մեր շատ հայրենակիցներ կարող են կորցնել աշխատանքը: Սրանով իսկ մեծանալու է մեր պետության սոցիալական բեռը: Այն այս պահին էլ փոքր չէ, բայց առնվազն շոշափելի լուծումներ չեն տրվում:Ռուբլու կուրսի փոփոխությունը նաև գնաճի պատճառ կարող է դառնալ:

Բազմիցս բարձրաձայնել ենք հացահատիկի հետ կապված հնարավոր ճգնաժամի և կանխարգելիչ քայլերի անհրաժեշտության մասին: Ճիշտ է, իշխանության կողմից լսում ենք հավաստիացումներ, որ խնդիրներ չենք ունենա, բայց մի կողմից զարգացումներն են վկայում հնարավոր ռիսկերի մասին, մյուս կողմից՝ չկա վստահություն, որ սա հերթական դատարկ հայտարարությունը չէ: Բոլոր նախորդ ճգնաժամերը ցույց են տվել, որ այս իշխանությունը երբևէ չի կարողանում և չի անում իրավիճակի լիարժեք գնահատում:

Մարտահրավերների շարքը կարելի է շարունակել. ՌԴ-ից եկող ներդրումների հավանական կրճատում, բանկային համակարգում տեղեկատվության փոխանակման հետ կապված խնդիրներ, գնաճ: Բայց դրանց չափն ու խորությունը հասկանալու համար դեռ չունենք պատժամիջոցների ամբողջական պատկերը:

Ինչ վերաբերում է հնարավորություններին, ապա Հայաստանն, առավել քան երբևէ, պետք է նախաձեռնող լինի: Հայաստանը կարող է ԵԱՏՄ-ի համար դեպի երրորդ երկրներ դարպաս հանդիսանալ: Մենք պետք է ակտիվացնենք ԵԱՏՄ- երրորդ երկրներ բանակցությունների մեր դրական պրակտիկան:

Կարծում եմ, իրական հնարավորություն ունենք ներգրավելու ՌԴ-ից զբոսաշրջային հոսքեր: Բայց դրա համար պետք է կարողանանք առաջարկել մատչելի ու որակյալ ծառայություններ: Մինչդեռ այսօր Հայաստանի զբոսաշրջային ոլորտն առհասարակ կարգավորված չէ:

Պարտադիր է ներդրումային դաշտի ամբողջական կարգավորումը, բայց դա պետք է իրականացվի ոչ ի հաշվի հայրենական ներդրողի համար անհամաչափ մրցակցային իրավիճակ առաջացնելու, ինչն անում է իշխանությունը: Պետք է գործի դրվիմեխանիզմ, որն օտարերկյա ներդրողի համար բարենպաստ պայմաններ կստեղծի՝ չվնասելով մեր տնտեսվարողին: Սա իրական հնարավորություն է՝ հաշվի առնելով արևմտյան մի շարք կազմակերպությունների ՌԴ-ից դուրս գալու միտումը:

Այս ամենի համար անհրաժեշտ է, առաջին հերթին, պետության արագ կողմնորոշվելն ու նախաձեռնող լինելը, ինչի նկատմամբ առնվազն հավատ ու վստահություն չկա: Ընդդիմությունը ևս անելիքներ ունի, բայց խնդիրը նրանում է, որ ընդդիմության ներկայացրած ցանկացած նախաձեռնություն ԱԺ մեծամասնության կողմից տապալվում է:

Շատ կարևոր է, որ այս ամենն իրականացվի ոչ թե հանրային մեծ արշավներով ու աղմուկ ստեղծելով, այլ ռուսական կողմի հետ թիրախային, այդ թվում՝ փակ աշխատանքի միջոցով՝ նոր խնդիրներ չստեղծելու և կողմերից ոչ մեկի համար իրավիճակը չբարդացնելու համար:

-Ադրբեջանն ու Թուրքիան չբավարարվեցին իրենց հարաբերությունների նոր որակն ամրագրող հռչակագրով և վավերացրեցին փաստաթուղթն իրենց խորհրդարաններում: Ի՞նչ լրացուցիչ ռիսկեր է սա ստեղծում Հայաստանի և Արցախի համար և որո՞նք պետք է լինեին մեր քայլերը:

-Տխրահռչակ Շուշիի հռչակագրի վավերեցումը փաստացի ազգային օրենսդության մակարդակի է բարձրացնում փաստաթուղթը՝ դրանում պարունակվող բոլոր հակահայկական թեզերով:

44-օրյա պատերազմի ժամանակ մեր մաշկի վրա զգացինք ինչպես է Թուրքիան աջակցում Ադրբեջանին՝ այդ թվում՝ ահաբեկիչներ ներգրավելով: Այժմ, երկու երկրների կողմից վավերացված այս փաստաթուղթն իրավական հիմքեր է ստեղծում, որ Թուրքիան ավելի բաց կարողանա օգնել Ադրբեջանին և նույնիսկ ուղղակիորեն մասնակցի Արցախի դեմԱդրբեջանի հետագա հնարավոր ագրեսիային:

Բացի այդ, փաստացի երկու երկրներն իրենց օրենսդրության դաշտ տարան Հայաստանի ու Արցախի նկատմամբ իրենց հավակնությունները: Փաստաթղթում հիշատակվում է «Զանգեզուրի միջանցք»-ը՝ որպես իրենց երկկողմ կապերը խորացնող գործոն:Բացի այդ, ամրագրվում է Հայոց ցեղասպանության ժխտողականությունը:

Ընդհանուր առմամբ, այս փաստաթուղթը Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական թշնամանքի, անհանդուրժողականության ու ագրեսիայի իրավական ամրագրումն է: Եվ այս համատեքստում անհասկանալի է Հայաստանի գործող իշխանության անտարբերությունն այս հարցի նկատմամբ, քաղաքական կուրությունը, կամ տեսնելու ցանկության բացակայությունը, որ հռչակագրի և վավերացված փաստաթղթի մեջ կա էական տարբերություն:

Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից հռչակագրի վավերացմանն արձագանքելու ու միջազգային հանրության ուշադրությունն այս հարցի վրա հրավիրելու փոխարեն Հայաստանի գործող իշխանությունը հղում արեց դեռ հռչակագրի ընդունման ժամանակ Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը, որը որևէ կերպ չէր արտացոլում ներկայիս իրողությունները: Ավելին, այդ հայտարարության մեջ ասվում էր, որ նման հայատյացության համատեքստում տարածաշրջանային համագործակցության պլատֆորմ ստեղծելու Ադրբեջանի խորհրդարանում հնչեցված Թուրքիայի նախագահի առաջարկները երեսպաշտ և ապակողմնորոշող են, մինչդեռ դրանից հետո Հայաստանը նույն հայատյացության մթնոլորտում լուռ ներգրավվեց այդ պլատֆորմի աշխատանքներին: Դա էլ բավարար չէ՝ մեկնարկեց Հայաստանի և Թուրքիայի բանագնացների մակարդակով երկխոսությունը:

Փաստացի, իշխանությունը ոչ միայն ինքը չնախաձեռնեց որևէ քայլ՝ հակազդելու թուրք-ադրբեջանական տանդեմի այս հակահայկական քաղաքականությանը, այլև կասեցրեց ընդդիմության քայլերը՝ տապալելով այս թեմայով Աժ արտահերթ նիստ անցկացնելու և հայտարարություն ընդունելու փորձերը:

Ավելին, հերթական անգամ Փաշինյանը դիսկուրսը շեղեց անիմաստ հարցերով ու կեղծ մեղադրանքներով: Այս իշխանությունը համառորեն փորձում է ձևացնել, որ իր ստեղծած իրավիճակն ու այն, ինչ բանակցվում էր տարիներ շարունակ, նույնն է: Հայաստանի ոչ մի իշխանություն ոչմիթիզական չի եղել, իսկ դա նշանակում է, որ բոլոր իշխանությունները քննարկել են տարածքային զիջումների սցենարներ, բայց հստակ հարցերի լուծման դիմաց՝ Արցախի ճանաչման դիմաց, Արցախի անվտանգության երաշխիքների դիմաց և այլն:Լավ, կարելի՞ է սեփական ժողովրդին այսքան չհարգել, ու ձևացնել, թե չես հասկացել ինչի դիմաց են քննարկվել զիջումները, կամ ինչ է նշանակում փոխզիջում: Իրականում, սա նույն մարդն է, ով հետևողական հնչեցնում է թեզեր, տալիս հարցեր, որոնք սպասարկում են ադրբեջանական օրակարգը:

-Շարունակվում են հայ-թուրքական բանակցությունները: Ձեր կողմից անցյալում արտահայտած մտահոգությունները պահպանվու՞մ են՝ առավել ևս հաշվի առնելով ներկայիս իրավիճակը:

-Մտավախությունները, ցավոք, ոչ միայն չեն նվազում, այլ հաստատվում ու ավելանում են: Հայաստանի և Թուրքիայի բանագնացների արդեն երկու հանդիպում է անցկացվել, իսկ մեր հանրությանն այդպես էլ չենտեղեկացրել, թե ինչ է քննարկվում և ինչ զարգացման սցենարներ են դիտարկվում: Փոխարենը, անդադար շեշտում են «առանց նախապայմանների» ձևակերպումը՝ փորձելով այդ կերպ փակել բոլորի աչքերը:

Ի՞նչ առանց նախապայմանների երկխոսության մասին է խոսքը, եթե ինչպես ինքը Հայաստանի արտգործնախարարն է նշում, հիմնական քննարկման հարցերից մեկը սահմանները բացելու հարցն է: Այսինքն, ստացվում է, որ Թուրքիան միակողմանի կերպով, Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով, փակել է հայ-թուրքական սահմանը, իսկ այժմ սահմանի բացման դիմաց Հայաստանի քայլեր կամ զիջումներ է ակնկալում: Եթե սա նախապայման չէ, ի՞նչ է:

Առիթ ունեցել եմ ասելու, կրկնեմ, Թուրքիայի հետ երկխոսություն ծավալելու մասին խոսել խելամիտ չէ՝

  • քանի դեռ տրված չէ պատերազմում Թուրքիայի ուղղակի և անուղղակի ներգրավվածության, այդ թվում՝ ահաբեկիչների ներգրավման քաղաքական (և ոչ միայն քաղաքական) գնահատականը միջազգային հանրության կողմից,
  • քանի դեռ Թուրքիան չի հրաժարվել Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու քաղաքականությունից, իր իսկ կողմից առաջ քաշած նախապայմաններից, այդ թվում՝ վերաբերող «Զանգեզուրի միջանցքին»,
  • քանի դեռ սկսված չէ Թուրքիայի կողմից ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման վերաբերյալ միջազգային երաշխիքներով պայմանագիր կնքելու գործընթացը,
  • քանի դեռ Թուրքիան պատրաստ չէ հրաժարվել Հայոց ցեղասպանության հարցում ժխտողական քաղաքականությունից:

Առանց այս ամենի Թուրքիայի հետ երկխոսության մեջ մտնելը նշանակում է օգնել Թուրքիային ու Ադրբեջանին լեգիտիմացնել պատերազմի արդյունքները և դրանից հետո Հայաստանի կորուստները, քարտ բլանշ տալ նրանց ապագայում Հայաստանի նկատմամբ նույն կերպ վարվելու համար: Այս ամենի վառ օրինակն էր Անթալիայում տեղի ունեցած Միրզոյան-Չավուշօղլու հանդիպումն ու անմիջապես դրանից հետոԹուրքիայի արտգործնախարարիհայտարարությունը, որ հայկական կողմը պետք է ընդունի Ադրբեջանի առաջարկները:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն անհրաժեշտություն է, բայց ոչ Թուրքիայի նախապայմանները կատարելու և մեր շահերից հրաժարվելու ճանապարհով:

-Մի քանի օր առաջ Մոսկվայում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ստորագրվեց ռազմավարական դաշնակցության հռչակագիրը: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ռազմավարական դաշնակցի և Հայաստանի հետ հակամարտության մեջ գտնվող երկրի միջև հարաբերությունների նման մերձեցումը: Ի՞նչ անելիք ունի Հայաստանն այս պարագայում:

-Հայաստանին ուղղակի և անուղղակի առնչվող դրույթների բովանդակության տեսանկյունից այս փաստաթուղթը կտրուկ չի տարբերվում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների իրավական շրջանակն ամրագրող 1997 և 2008թ փաստաթղթերից: Եվ նույնիսկ այն դրույթը, որի վրա փորձեց արհեստական ուշադրություն հրավիրել Ադրբեջանի նախագահը՝ վերաբերող Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության ճանաչմանը, նույնպես բոլոր փաստաթղթերում առկա է եղել: Բայց կարևորը երկու այլ հանգամանքներ են, որոնք Հայաստանի իշխանությունը չուզեց տեսնել, նախ՝ հարաբերությունների դաշնակցային բնույթի ամրագրումը, երկրորդը՝ փաստաթղթի ստորագրման համար ընտրված ժամանակը:

Հայտարարվեց, որ փաստաթղթի շուրջ բանակցությունները մեկնարկել են մեկ տարի առաջ, այսինքն՝ 44-օրյա պատերազմից հետո: Հայաստանի համար բավական ծանր փաստ է, որ դաշնակցության պայմանագիր է կնքվում Արցախի նկատմամբ ագրեսիա սանձազերծած և դրա համար ոչ մի քաղաքական, իրավական հետևանքներ չկրած Ադրբեջանի և Հայաստանի ռազմավարական գործընկերոջ, դաշնակցի միջև: Սա ծանր է, առաջին հերթին, քաղաքական և հոգեբանական տեսանկյունից:

Փաստացի, սա հերթական դրսևորումներ էր Հայաստանի զրոյացված սուբյեկտայնության, Հայաստանի շահերի, մտավախությունների, հայ ժողովրդի էմոցիաների անտեսման: Իսկ դա, առաջին հերթին, արդեն գրեթե 4 տարի Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության, բոլոր ուղղություններով հարաբերությունները փչացնելու, Հայաստանի նկատմամբ վստահության ու հարգանքի ջախջախման հետևանքն է: Դրա մասին շատ ենք խոսել:

Ռուսաստանն ամեն կերպ ամրապնդում ու մեծացնում է իր դերը տարածաշրջանում, ինչը բավական բնական է: Ինչպես նաև բնական է, որ ոչ մի երկիր չի պաշտպանելու մեր շահերը, եթե մենք ինքներս դա չենք անում: Եթե Հայաստանի իշխանությունն անդադար խոսում է «խաղաղության դարաշրջան» բացելու մասին, ցույց է տալիս, որ որևէ խնդիր չի տեսնում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ բարեկամություն անելու մեջ, ուրեմն ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենանք երրորդ երկրներից: Եվ դա այն դեպքում, որ նույնիսկ բոլոր գերիներն ու պահվող անձինք դեռ չեն վերադարձվել, իսկ Բաքուն ու Անկարան չեն հրաժարվում հարկադրանքի քաղաքականությունից:

Շատ կարևոր է, որ գործընկերը ՝ և՛ ՌԴ-ում, և՛ Արևմուտքում հաշվի առնեն, որ օրվա իշխանության վարած քաղաքականությամբ չի կարելի սահմանել երկրի, ժողովրդի նկատմամբ վերաբերմունքն ու քաղաքականությունը: Ժողովուրդները, հանրությունը, պետք է տարբերվեն իշխանություններից՝ երկարաժամկետ հարաբերությունների պահպանման, զարգացման հիմքեր ստեղծելու առումով: Եթե նույնիսկ գործող իշխանության վարած քաղաքականությունը միջպետական հարաբերություններում խնդիրներէստեղծում, դա չի կարող և չպետք է նույն կերպ անդրադառնա նաև երկու ժողովուրդների և հասարակությունների հարաբերությունների վրա: Նույնը վերաբերում է նաև Թուրքիային և Ադրբեջանին, որոնք փորձում են օգուտ քաղել Հայաստանի գործող իշխանությունների թուլությունից՝ իրենց մաքսիմալիստական շահերին հասնելու համար՝ մոռանալով, որ հանրությունը դա չի կարող մարսել և երկարաժամկետ հեռանկարի համար այդ մոտեցումն առավել քան անարդյունավետ է:

-Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների չվերսկսվելու փաստն ինչպե՞ս եք գնատահատում: Եվ ի՞նչ խնդիրներ եք տեսնում հաղորդակցության ուղիների վերականգնման, ինչպես նաև սահմանագծման և սահմանազատման գործընթացների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների չկատարման մեջ:

-Նախ, կարևորագույն խնդիրը պատերազմի ավարտից 1,5 տարի անց դեռևս հումանիտար խնդիրների առկայությունն է, հատկապես՝ վերաբերող գերիներին ու պահվող անձանց: Այս մարդկանց ճակատագրերը քաղաքական մանիպուլյացիաների ու առևտրի առարկա դարձան, իսկ այսօր նրանց մասին ընդհանրապես չի խոսվում: Սա ուղղակի անընդունելի է:

Զուգահեռ, ադրբեջանական ԶՈՒ-ն շարունակում է գտնվել ՀՀ սուվերեն տարածքում, Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են հավակնություններ արտահայտել ՀՀ տարածքի և «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ և այլն: Հստակ երևում են Արցախը հայաթափելու Ադրբեջանի ջանքերը՝ գազատարի դեպքն ու հումանիտար աղետի հրահրումը վերջին դրսևորումներից մեկն է:

Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը, ապա Ադրբեջանն ամեն ինչ անում է հակամարտության գոյությունը բացառելու, Արցախի կարգավիճակի հարցն օրակարգից հանելու և քննարկումներն այլ հարթություններ տեղափոխելու համար: Հայկական կողմից, ցավոք, բացի դեկլարատիվ հայտարարություններից սրան հակազդելու իրական քայլեր չենք տեսնում: Մինչև այս պահը չի հաջողվել ապահովել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան, Արցախ, ավելին՝ նույնիսկ Հայաստանի գործադիր իշխանության ղեկավարությունը պատերազմի ավարտից հետո ոչ մի անգամ չի եղել Արցախում: Բացառություն է կազմել միայն Պաշտպանության նախարարը, որն այցից մի քանի օր հետո հեռացվել է պաշտոնից:Իսկ ներկայիս ստեղծված լարվածությունն Արևմուտքի և ՌԴ-ի հարաբերություններում, բնական է, որ էլ ավելի է բարդացնելու համանախագահության ձևաչափի ակտիվացումն ու աշխատանքը:

Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքականությունը հիմնված է հարկադրանքի ու մաքսիմալիզմի վրա, իսկ Հայաստանի ներկայիս իշխանությունը ոչ միայն չի դիմադրում, այլ սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը:

Որքան երկար տևի այս դադարը բանակցություններում, այնքան դժվար է լինելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում հռչակված հիմնարար սկզբունքների և տարրերի հիման վրա կարգավորման հասնելը: Փոխարենը՝ Ադրբեջանն ամեն կերպ առաջ է մղում սեփական դիրքերը և՛ տեղում, և՛ միջազգային հանրության ընկալումներում:

Իսկ մեզ համար կարևոր է լուծել Արցախի երկարաժամկետ անվտանգության(անվտանգության բավական լայն իմաստով՝ գազատարի շուրջ ստեղծված իրավիճակը դրա վառ ապացույցն է), հումանիտար խնդիրները, առաջին հերթին՝ ապահովել պահվող անձանց և գերիների վերադարձը, թույլ չտալ Արցախի մեկուսացում արտաքին աշխարհից, վերացնել օկուպացիան, լուծել սոցիալական խնդիրները Արցախում և հասնել Արցախի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը:

-«Հայաստան» խմբակցությունը վերականգնել է իր մասնակցությունը միջազգային խորհրդարանական կազմակերպությունների գործունեությանը: Երևանում տեղի ունեցավ ԵՎՐԱՆԵՍԹ ԽՎ նիստ, որին նաև ադրբեջանական պատվիրակությունն էր մասնակցում և որի ընթացքում հակառուսական հայտարարություն ընդունվեց, տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստը: Ի՞նչ ազդակներ եք ստանում Եվրամիությունից և արդյո՞ք Հայաստանին հուզող հարցերն ու դիրքորոշումները տեղ գտնում են այս կառույցների օրակարգերում: Մասամբ ավելի վաղ անդրադարձաք այս հարցին, բայց խոսենք մանրամասների մասին:

-ԵՎՐԱՆԵՍԹ ԽՎ հանձնաժողովների նիստերի անցկացումը Երևանում այդ օրակարգերով հերթական ապացույցն էր, որ Հայաստանի գործող իշխանությունը չի զբաղվում Հայաստանի շահերի առաջ մղմամբ նույնիսկ այն կառույցներում, որտեղ Հայաստանը լիիրավ անդամ է:

Երևանում անցկացվող նիստի ժամանակ մեզ, մեր օրակարգին, մեր տարածաշրջանին առնվող անվտանգային խնդիրների բարձրաձայնումը մնաց ելույթների տեսքով և այդ թեմայով կառույցը դիրքորոշում չարտահայտեց, հայտարարություն չընդունվեց: Փոխարենը, օրակարգում ներառված էր հակառուսական թեմայով քննարկում, որի արդյունքներով ընդունվեց հակառուսական հայտարարություն:

Հայաստանի պատվիրակության ղեկավարը, ով ընդգրկված է կառույցի Բյուրոյի կազմում ոչ միայն չի հասել ի նպաստ ՀՀ և Արցախի ազգային և պետական շահերի որևէ հայտարարության, այլ չի կարողանում նույնիսկ բացատրել, թե ինչ դիրքորոշում է զբաղեցրել Ռուսաստանի դեմ ուղղված հայտարարության ընդունման ժամանակ և ինչու առնվազն չի փորձելօգտվել վետոյի իրավունքից: Հայկական կողմը նույնիսկ պաշտոնական հայտարարություն չարեց այդ մասին, չպարզաբանեց իր կեցվածքը:

Բացի այդ, կառույցի կողմից քննարկվող բանաձերի նախագծերից ոչ մեկը չի անդրադառնում Հայաստանին հուզող, Հայաստանի համար առաջնային խնդիրներին: Բնական է, որ Ազգային Ժողովի ընդդիմադիր խմբակցություններից պատվիրակները նիստի ժամանակ բարձրաձայնեցին այս հարցերը և հետագայում էլ ջանքեր գործադրելու են բանաձևերի նախագծերում փոփոխությունների հասնելու համար: Բայց առկա տրամադրությունների և ընկալումների պարագայում, երբ պատվիրակության ղեկավարությունը լրիվ այլ քաղաքական գիծ է որդեգրել, բնական է, որ այդ ջանքերի արդյունավետությունը մեծ լինել չի կարող:

Ուշագրավ է, որ սրան զուգահեռ Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի Երևանում կայացած նիստի արդյունքներով համանախագահների ընդունած հայտարարությունն արտահայտում է Հայաստանի համար օրակարգային խնդիրները, բայց այստեղ էլ առնչվում ենք մեկ այլ խնդրի: Ակնհայտ է, որ եվրոպական կողմը ներառել է փաստաթղթում հայկական կողմի բարձրաձայնած բոլոր հարցերն ու խնդիրները, սակայն փաստաթղթում չկա անդրադարձ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, մինչդեռ օրինակ 2017թ-ին հստակ եղել է կոչ ԵՄ անդամ երկրներին՝ ճանաչելու Հայոց Ցեղասպանությունը, անդրադարձ է եղել միակողմանիորեն փակ սահմանին և 2009թ-ի հաշտեցման հայկական նախաձեռնությունը Թուրքիայի տապալելուն: Սա հերթական ապացույցն է, որ Հայաստանի գործող իշխանությունը լուռ կատարում է թուրքական կողմի նախապայմանները, այդ թվում՝ օրակարգից հանելով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:

-Նույն եվրոպական կառույցները բավական բարձր գնահատակններ էին տալիս Հայաստանում ժողովրդավարությանը: Օբյեկտի՞վ են արդյոք այս գնահատականները և ինչո՞վ են պայմանավորված:

-Բնականաբար, օբյեկտիվ չեն: Քաղաքական հետապնդում ընդդիմության նկատմամբ, քաղաքական գործիչների, ՏԻՄ ղեկավարների ձերբակալություններ, շինծու գործեր, շարունակվող ճնշում դատական իշխանության վրա, բոլոր կարևոր պաշտոններում թիմակիցների նշանակում՝ չթաքցվող մոտիվացիայով, խոսքի ազատության սահմանափակումներ և այլն: Այս ամենը հնարավո՞ր է ժողովրդավարություն անվանել:

Գործող իշխանությունը ժողովրդավարությանը հասցվող հարվածների իմաստով անցել է բոլոր թույլատրելի սահմանները: Այսօր Հայաստանում ունենք և՛ քաղբանտարկյալներ, և՛ բազմաթիվ քաղհալածյալներ:

Բավականին լուրջ խնդիրներ ունենք ՏԻՄ ընտրություններից հետո. ՏԻՄ ընտրութուններում հաղթած ընդդիմության գրեթե բոլոր թեկնածուների նկատմամբ տարաբնույթ գործիքակազմով ուղղակի կամ անուղղակի քաղաքական հալածանքներ են իրականացվում:

Չեն դադարում ճնշումները դատական իշխանության նկատմամբ: Վերջին վառ դրսևորումներից էր դատավոր Բախշիյանի կալանավորումը:

Եվրոպական կառույցների լռությունն ու կուրությունն այս հարցերում որևէ կերպ ընդունելի չէ: Աշխարհաքաղաքական շահերն, անշուշտ, կարևոր են, հասկանալի է, որ դրանք չեն կարող անտեսվել: Բայց մեծ խնդիր է առաջանում, երբ դրանք սկսում են հակադրության մեջ մտնել դավանած ու հռչակված արժեքների հետ, և իսկական աղետ է, երբ շահերը հաղթում են:

Ակնհայտ է, որ Հայաստան-Արևմուտք, Հայաստան-եվրոպական կառույցներ հարաբերություններում գործ ունենք քաղաքական առևտրի հետ, որտեղ Հայաստանի իշխանության վճարած գինը կամ ստանձնած պարտավորությունների ողջ ցանկն անհասկանալի է: Փաստ է, սակայն, որ այդ «գործարքը» տեղի է ունենում հանրության մեջքի հետևը:

-Ապրիլի 1-ից բարձրանում է գազի գնի սակագինը: Շարունակվում է գնաճը: Ի՞նչ հետևանքներ է սա ունենալու բնակչության համար:

-Բնականաբար, ավելանալու է քաղաքացու սոցիալ-տնտեսական բեռը, քանի որ գազի սակագնի թանկացումը ոչ միայն ավելացնում է կոմունալ ծառայությունների համար վճարվող գինը, այլև՝ շղթայական էֆեկտով հանգեցնելու է նոր թանկացումների: Ուզում եմ հիշեցնել, որ ավելացել են նաև ջրի և հոսանքի սակագները: Եվ այս իմաստով քաղաքացու խնդիրներն իսկապես օրեցօր ավելանում են:

Մյուս կողմից, բիզնեսն է կանգնում խնդիրների առաջ: Նույն ջերմոցային տնտեսությունները, վերամշակող ընկերությունները մրցունակ ապրանք թողարկելու խնդիր են ունենալու: Այստեղ շատ մտահոգիչ են գյուղատնտեսական ոլորտի առջև ծառացած մարտահրավերները: Պարարտանյութը թանկ է, ոռոգման ջրի խնդիր կա, բարձր բերքատվության պայմաններում կանգնում են մթերման խնդիրների առաջ, ցածր բերքատվության ժամանակ չեն կարողանում սպասարկել իրենց վարկային պարտավորությունները: Հիմա էլ սակագների թանկացումը:

Իսկ այդ ընթացքում՝ գյուղատնտեսության համար պատասխանատու էկոնոմիկայի նախարարության ղեկավարն աչքալուսանք է անում, որ գյուղմթերքի գները թանկանալու են, ուստի գրավիչ է հող մշակելը: Նախ, հող մշակելու համար նշված խնդիրները կարգավորեք, և հետո, ունե՞ք արդյոք քվոտավորում՝ ինչից ինչքան արտադրել, որքա՞նն եք երաշխավորում մթերման համար: Սրանք հարցեր են, որոնց պատասխաններն առնվազն հիմա չեն երևում, փոխարենը տպավորություն է, որ հերթական պոպուլիստական հայտարարությունն է, որից, ցավոք, կարող է տուժել աշխատող ժողովուրդը:

Այս ամենին էլ գումարվում են այն տնտեսական մարտահրավերները, որ առաջանում են Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետևանքով:

Այս խորագրի վերջին նյութերը